«Հորդանան գետի ափին վեր խոյացող Սուրբ Կարապետ եկեղեցին մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում». Հորդանանի թագավոր
11 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով:
Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ պատմական համարելով Նորին Արքայական Մեծության այցը Հայաստան, որպես հայ՝ իր երախտիքի խոսքն է հղել Հորդանանի ժողովրդին և թագավորի ընտանիքին.
«Բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:
Նախագահը նաև տեղեկացրել է, որ հիանալի քննարկում են ունեցել Նորին Արքայական Մեծության հետ, խոսել երկու երկրների և երկու ժողովուրդների համագործակցության ներուժի մասին զբոսաշրջության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, սննդի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում:
Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդը հորդանանյան պատվիրակության անունից իր խորին երախտիքն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: «Երևանը լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, աշխույժ ու երիտասարդ քաղաք է,-ասել է թագավորը:- Այն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկու երկրները և մարդիկ այսօրվա ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները շատ բան ունեն քաղելու համագործակցությունից, որպեսզի իրացնեն այս շատ խոստումնալից ներուժը:
Չնայած սա մեր առաջին պաշտոնական այցելությունն է ձեր գեղեցիկ երկիր, մենք զգում ենք, որ ընտանիքում ենք, և փաստացիորեն, մենք ընտանիք ենք: Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, և ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին և կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի և շատ այլ ոլորտներում: Նրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:
Աբդալլահ Երկրորդն ասել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը նախապատրաստվում է իր առաջին 100-ամյակը նշելուն: «Մենք հպարտորեն ենք հետահայաց նայում ծագումով հայ հորդանանցիներին, որոնք իրենց ներդրում են ունեցել մեր հայրենիքի առաջընթացի և բարգավաճման համար,-նշել է նա:- Մեր համատեղ պատմությունը շատ ավելին է, քան դա: Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար:
Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում:
Երուսաղեմում հայկական թաղամասը քաղաքի մասն է կազմել դարեր շարունակ, և հայկական պատրիարքությունը այլ եկեղեցիների շարքում եղել է Օմարի պաշտպանության ներքո: Քրիստոնյաների և մուսուլմանների համակեցության ավանդույթն ունի 1300 տարվա պատմություն: Այս ժառանգությունը շարունակվում է այսօր իսլամական և քրիստոնեական սրբավայրերում: Սա մի պարտականություն է, որը ես հպարտությամբ եմ իրականացնում: Ես հատկապես հպարտ եմ, որ ինձ վստահված է Երուսաղեմի հայ պատրիարքարանի սուրբ վայրի պաշտպանության պատասխանատվությունը: Երուսաղեմը շատ մեծ պատմական նշանակություն ունի ոչ միայն ինձ և իմ ընտանիքի համար, այն նաև սուրբ է երեք էթնիկ կրոնների հետնորդների համար: Նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն պահպանելու հոգևորը, խաղաղությունը և այն համակեցությունը, որ այն խորհրդանշում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սուրբ քաղաքը դառնա բռնության և բաժանման առանցք: Քաղաքի ինքնությունն ու իրավական կարգավիճակը, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական սուրբ վայրերի հետ կապված պատմական ստատուս քվոն պահպանելն առանցքային է լինելու։ Մենք մեր հույսը դնում ենք քրիստոնյա առաջնորդների և Ձեր նման բարեկամների վրա ամբողջ աշխարհում, որ Երուսաղեմը պահպանենք որպես խաղաղության, միասնականության քաղաք: Այսօր ես խոսեցի մեր վաղեմի բարեկամության մասին, որը պատմական խորը արմատներ ունի: Ծագումով հայ հորդանանցիները վերջին 100-ամյակում օրինակելի պատմություն են կերտել՝ ապացուցելով, որ բարեկամությունը և, իհարկե, եղբայրությունը միշտ հաղթում են:
Հուսով եմ, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կկարողանաք միասին նոր գլուխ գրել, որը սկսվել է երկար ժամանակ առաջ, հիմնված է գործընկերության և մեծ հեռանկարների վրա»:
armedia.am/arm/news/79797/hordanan-geti-apin-ver-khoyacox-surb-karapet-ekexecin-mer-erkrum-hayoc-patmutyan-sharunakakan-nerkayutyunn-e-apahovum-hordanani-tagavor.html