Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքական վերնախավը չի դիտարկում որպես օրակարգի հարց

Ռուբեն Սաֆրաստյան - թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքական վերնախավը չի դիտարկում որպես օրակարգի հարց

11 Փետրվար, 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

««Օսմանեան կայսրութեան վաւերական փաստաթուղթերը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ – “Osmanli Betyelerinde Ermeniler” (1994)»»

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների եւ մերձավորարեւելյան տարծաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

-Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ վերջին շրջանում տարածաշրջանում լարվածության աճի եւ Թուրքիայի ակտիվացման համապատկերին:

-Հայ-թուրքական հարաբերություններ ներկա փուլում գրեթե գոյություն չունեն: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Թուրքիայի ներկայիս վարչակարգն ըստ էության շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունները շատ թե քիչ կարգավորելու հարցում, եւ դա կարելի է ասել թուրքական իսթեբլիշմենթը ներկայացնող համարյա բոլոր քաղաքական գործիչների մասին: Այսինքն, թուրքական վերնախավը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի դիտարկում որպես օրակարգային հարց:

-Իսկ ամերիկյան կողմի, որը տարածաշրջանում ակտիվություն է դրսեւորում եւ հատկապես Իսրայել-Պաղեստին հարաբերությունների համատեքստում կարգավորման նոր ձեւաչափեր է առաջարկում, համար է՞լ հետաքրքրություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

-Վերջին տասնամյակների պատմական փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ ուղղությամբ երկու փորձ է արվել: Մեկը հայտնի «Turkish Armenian reconciliation Commission» ամերիկյան նախաձեռնությունն էր, որն ըստ էության արդյունք չտվեց, երկրորդն էլի ԱՄՆ-ի չերեւացող նախաձեռնությամբ բանակցություններն էին Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք հանգեցրեցին հայտնի արձանագրությունների նախաստորագրմանը, բայց լավ գիտենք, որ դա էլ արդյունք չտվեց: Այսինքն, երկու նախաձեռնություն ԱՄՆ-ի կողմից եղել է, որոնք արդյունք չեն տվել: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ընդհանուր ռազմավարական նպատակները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, այսօր էլ չեն փոխվել, ուղղակի թուրքիայից արձագանք չեն ստանում: Բայց մի հանգամանք եմ ուզում ընդգծել, որ ներկա փուլում թուրք-ամերիկյան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ամերիկացիների որեւէ նախաձեռնություն՝ կապված հայ-թուրթական հարաբերությունների հետ, ուղղակի չի ընդունվի Թուրքիայի կողմից: Ստրատեգիական առումով ԱՄՆ-ը ձգտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քանի որ դա նրանք դիտարկում են որպես հնարավորություն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու առումով:

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

-Բացի ԱՄՆ-ից, կա՞ն արտաքին ազդեցիկ խաղացողներ, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:

-Չեմ կարծում: ԵՄ-ի պարագայում, երբ Թուրքիան ձգտում էր ԵՄ անդամ դառնալ, Թուրքիայի առջեւ պայմաններ դրվեցին, որոնցից մեկը բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն էր, որը ենթադրում էր, որ Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ:

-Դեպի Եվրոպա Թուրքիայի մուտքը փակելու առումով ԵՄ-ին գուցե ավելի ձեռնտո՞ւ են հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները:

-Չեմ կարծում, ԵՄ-ի մոտեցումն այն է, որ իր սահմաններին մոտիկ տարածաշրջաններում բոլոր կոնֆլիկտները կարգավորվեն, ուղղակի Եվրամիությունը մեծ շահագրգռվածություն չունի, այնտեղ տարբեր երկրներ կան, տարբեր մոտեցումներ կան: Բայց, իհարկե, պետք է նշել Եվրախորհրդարանի դեռեւս 1987 թ. բանաձեւը, որտեղ դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը: Դա կարեւոր փաստաթուղթ էր, կարծեմ, երկու-երեք անգամ վերահաստատվել է: Այնպես որ, կարելի է ասել, Եվրոպական հասարակական կարծիքը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դիտարկում է որպես ճանապարհ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, բայց սա, կրկնեմ, ԵՄ-ի միասնական մոտեցումը չէ:

-Իսկ ՌԴ-ի մասով ի՞նչ կասեք:

-Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական առումով Հարավային Կովկասի հետ կապված հակադիր մոտեցումներ կան: Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ: Հայաստանը թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի դաշնակից, այնպես որ Հայաստանի հարցում երկուսի մոտեցումներն էլ հակադիր են: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որովհետեւ համոզված է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Բայց այստեղ մի խնդիր կա, որ ուզում եմ հատուկ նշել: Դա այն է, որ վերջին տարիներին Թուրքիան փորձում է ոչ թե ողջ Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտը դարձնել, այլ ստեղծել է եռակողմ առանցքը՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան: Ըստ էության, դա ռազմավարական առումով ուղղված է ՌԴ-ի դեմ, Թուրքիան այդպիսով փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում, բայց նաեւ դա ուղղված է Հայաստանի դեմ, որովհետեւ նպատակ է դրվում մեկուսացնել Հայաստանը: Սա, իհարկե, Ռուսաստանի դուրը չի գալիս: Վերջին շրջանում տեսանք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրում արձանագրվեց՝ կապված Սիրիայի Իդլիբի նահանգի ու Լիբիայի հետ: Այդուհանդերձ, ներկա փուլում այն մեծ ռազմավարական նշանակության ծրագրերի պարագայում որ կան՝ Թուրքական հոսքը, ատոմակայանի կառուցումը, С 400-ի առաքումը Թուրքիա, չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կսրվեն: Այս ամենի համատեքստում եթե դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, չեմ կարծում, որ Ռուսաստանը մեծ հաշվով որեւէ հետաքրքրություն կարող է այդտեղ ունենալ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված չէ՞ ԼՂ հարցի կարգավորմամբ:

-Իհարկե, Արցախի խնդիրը շատ կարեւոր է Թուրքիայի համար: Եվ Թուրքիան միշտ նշում է, որ մինչեւ Հայաստանը չգնա միակողմանի զիջումների Արցախի հարցում, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորի: Բայց ես համոզված եմ, որ եթե թուրքական վերնախավի մոտ առաջանա ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, նրանք կանգ չեն առնի Արցախի խնդրի կամ Ադրբեջանի դժգոհությունների առջեւ: Մյուս կողմից՝ Թուրքիայի համար չկա շատ կարեւոր խնդիր՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առումով, որ նա դրա համար գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացման:

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

armenpress.am/arm/news/1004382.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail