Յըլմազ Աքսու – Հայկական հետքը Սղերդում – Հայերի տեղահանության 100-րդ տարելիցի ժամանակ, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ է օրակարգ բերվել այն հարցը,
12 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՅՈՒՇԵՐ٫ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Յըլմազ Աքսու
Հայերի տեղահանության 100-րդ տարելիցի ժամանակ, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ է օրակարգ բերվել այն հարցը, թե արդյոք տեղի ունեցածը ցեղասպանություն էր, թե ոչ։ Քանի դեռ մեկ ընդհանուր հայտարարի չեն եկել, այդ հարցը ամեն տարի ապրիլի 24-ին անկասկած օրակարգ է բերվելու, քննարկվելու է։ Հայտնի է, որ հեշտ չի լինելու այդ ընդհանուր ուղին գտնել։ Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հարցը պետք է թողնել պատմաբաններին, իրականում ցանկանում են քաղաքական պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա թողնել։ Եթե տեղի է ունեցել կոտորած, որը ինչքան էլ ցեղասպանություն չհամարվի, միևնույնն է դեպք է, որից շատ դասեր պետք է քաղվեն։ Ինչքան էլ որ դա ժխտվի, մեկ է, կա մի ժողովուրդ, որ զոհ է դարձել և դեռևս անտեսվում է։ Առանց ցեղասպանություն բառն օգտագործելու էլ կողմերը կարող են ընդունել տեղի ունեցած անարդարությունները։ Թուրքական կառավարությունը քրդերի ձեռքով իրականացված կոտորածը ժխտում է՝ փոխհատուցման վախից։ Դրա համար ոչ միայն ցեղասպանություն չեն ասում, այլև տեղի ունեցած կոտորածն անվանում են ցավալի դեպքեր։
Թող որ կառավարությունն այդ դեպքերը ժխտի, իսկ ես ձեզ հետ ցանկանում եմ կիսվել երկու ուսանողներիս նախագծով, որը վերաբերում է «Հայերի տեղահանության» մասին օրենքով երկրի սահմաններից վտարված հայերի՝ Սղերդում հանդիպած խնդիրներին և տեղի ունեցած կարևոր զարգացումներին։ Այն վերաբերում է նաև Սղերդում և գավառներում հայերից մնացած կառույցներին և հետքերին, որոնք գնահատվել են պատմական տեսանկյունից։ Նախագիծը ներկայացվել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի դատին։
Հետազոտական նախագծի վերջնամասում առկա ուշագրավ մի կետ եմ ցանկանում մեջբերել և ապա կիսվել նախագծի մյուս հատվածով, քանի որ այդ հատվածը ցույց է տալիս, որ ուսանողները որոշ ղեկավարներից ավելի շատ հասունություն կարող են ցուցաբերել։ Ահա այդ հատվածը․ «Մեր պատմության վերաբերյալ արվելիք աշխատանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե որոշ մարդկանց մեղադրելուն և դատելուն, այլ արված սխալները գտնելուն և դրանցից դասեր քաղելուն։ Մենք էլ այս աշխատանքով նպատակ ենք ունեցել դասեր քաղել մեր սխալներից և մեր ներդրումն ունենալ հասարակական համերաշխության հասնելու գործում։ Այդ քայլին սպասում ենք նաև մեր մեծերից»։
Ահա Սղերդի բարձրագույն դպրոցի ուսանողներ Մյուջահեթ Էրդողանի և Ահմեթ Էրդողանի պատրաստած հետազոտական նախագծի մանրամասները։ Նախագծի խորհրդատուն եղել եմ ես։
Սղերդի հայերն ու տեղահանությունը՝ տեղացիների խոսքերով
Անուն Ազգանուն՝ Ֆաիք Աթաբայ
Տարիքը՝ 80
– Ումի՞ց եք ստացել հայերի մասին տեղեկությունները։
– Հայերի հետ կապված բոլոր տեղեկությունները ստացել եմ իմ հայրիկից, պապիկս հայ է եղել և այդ թեմայով մի շարք բաներ պատմել։ Պապիկիս պատմածների համաձայն՝ Տեղահանության օրենքի ընդունումից հետո, ողջ մնալու համար, նա ստիպված կրոնափոխ է եղել և դարձել մուսուլման։ Այդ պատճառով Էրուհում մեզ ոչ թե մուսուլման են ասում, այլ՝ «մըսըլմենի»։ Նրանք այն մարդիկ են, որոնք հայ են եղել, բայց կրոնափոխ են եղել և մուսուլման դարձել։ Հայ ժողովուրդը շատ աշխատասեր ժողովուրդ է եղել, ծուլություն չի սիրել։ Այսօր էլ, երբ նայում ենք Էրուհի չորս կողմերը, տեսնում ենք, որ դրանք լի են հայերի տնկած այգիներով և պարտեզներով։ Տեսնում ենք, որ նրանց կառուցած ջրագծերը դեռևս կանգուն են։
– Ի՞նչ գիտեք Սղերդում հայերի ապրելակերպի մասին։
– Հայրս մեզ պատմում էր, որ Էրուհում հայերը հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ․ հատկապես շատ են եղել խաղողի այգիները։ Նրանց քամած գինին աշխարհում շատ հայտնի է եղել, այդ գինիները նրանք հանգստանալու էին թողնում ժայռերի մեջ արված բացվածքներում, քանի որ այդպես գինու համն ավելի լավն էր լինում։ Այդ գինիները հասնում էին մինչև Չինաստան։ Բացի այդ՝ նրանք զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Այդ անասունների բրդից հագուստ էին կարում։ Այդ հագուստները, որոնց անվանում են շալ-շապիկ, դեռևս օգտագործվում են նաև մեր օրերում։
– Հայերը վնաս պատճառե՞լ են շրջանի բնակչությանը։
– Հայերը միանշանակ վնաս չեն պատճառել շրջանի բնակչությանը, ընդհակառակը, օգուտ են տվել, քանի որ տարիներ շարունակ միասին են ապրել, նույն սեղանից հաց կերել, միասին ուրախացել և միասին էլ տխրել։ Սակայն չգիտեմ՝ ինչ է եղել, հանկարծ թշնամի են դարձել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան պետությանը չորս կողմից հարվածներ են հասցրել օտարերկրյա տերությունները և շատ վատ բաներ են արել։ Այդ առիթն օգտագործած որոշ անձինք ասել են․ «Օտարերկրացին օտարերկրացի է, հայը հայ է», ժողովրդին զայրացրել են, վերջինս էլ հարձակվել է հայերի վրա։ Մինչև այդ օրը կողք կողքի ապրող մարդկանց թշնամի են դարձրել։ Դա իսլամի հետ կապ չուներ, հայերը հարուստ էին, նրանց գույքի համար է արվել այդ ամենը։ Այդ վայրագությունը իսլամին չի կարող վերագրվել, դա շահի հարց էր։
– Տեղահանության վերաբերյալ օրենքի ընդունման հիմնավորումը ո՞րն էր։
– Հայերին այս հողերից աքսորելու օրենքի ընդունման պատճառն, ըստ իս, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխարհի մյուս պետությունների՝ օսմանյան հողերը գրավելու փորձն էր։ Պապիկս մեզ պատմում էր․ «Որոշ մարդիկ օրենքի ընդունումից առաջ եկան, պտտվեցին ժողովրդի մեջ և կոչ արեցին մուսուլման դառնալ, որոշ մուսուլման ընտանիքների անձնագրեր բաժանվեցին։ Օրենքի ընդունումից հետո այն ընտանիքներին, որոնք ունեին անձնագրեր, ձեռք չտվեցին, սակայն մնացածին աքսորեցին։
– Տեղահանության ընթացքում հայերն ինչպիսի՞ խնդիրների են հանդիպել։
– Աքսորված հայերը շատ դժվարին պայմաններում՝ սոված, ծարավ վիճակում, ճանապարհ են ընկել։ Որոշ գյուղեր իրենց ծանոթ ընտանիքներին տարիներ շարունակ քարանձավներում, գոմերում են թաքցրել, ոմանք ճանապարհներին մահացել են, իսկ ում հաջողվել է փախչել, գնացել են դեպի Իրաք ու Սիրիա, այնտեղից էլ ոմանք եվրոպական երկրներ են փախել։
– Տեղեկություն ունե՞ք հայերից մնացած եկեղեցիների, տների, իրերի և այլ բաների մասին։
– Էրուհում ընդհանուր 10 եկեղեցի է եղել, դրանցից միայն հիշում եմ Սերե եկեղեցու, Կարմրավոր եկեղեցու, Մընյանըս եկեղեցու, Փըլվերա եկեղեցու, Գելի եկեղեցու, Հաբու եկեղեցու, Սիհս եկեղեցու, Գավիթ եկեղեցու անունները։ Մյուս երկու եկեղեցիների անունները չեմ հիշում։ Էրուհն իր անունը ստացել է այդ եկեղեցիներից։ Էրուհի իրականան անունը Դեհե է։ Դեհ-ը քրդերեն տաս է նշանակում։
Այդ եկեղեցիների մեծ մասից որևէ հետք չի մնացել, միայն կենտրոնում գտնվող Հաբու և Սերե եկեղեցիների ավերակները կան։ Այսօր Էրուհում ապրող որոշ հայ թոռներ հատուկ օրերի գնում և Հաբու եկեղեցու ավերակների վրա մոմ են վառում։
– Այս թեմայով այլ բան ցանկանու՞մ եք ասել։
– Երանի՝ դրանցից ոչ մեկ տեղի ունեցած չլիներ, քանի որ իսլամը միանշանակ արգելում է աղետը, անարդարությունը, սպանությունները, իսլամը հանդուրժողական կրոն է։
Աբդուլլահ Քուրթ
75 տարեկան
– Ես ապրում եմ Էրուհում։ Նախկինում Էրուհի բոլոր բնակիչները հայ են եղել։ Այնտեղ կար 10 եկեղեցի։ Այդ եկեղեցիներից ամենամեծը Սերե եկեղեցին էր։ Մյուս 9 եկեղեցիները կապված էին այդ եկեղեցու հետ։ Դրանցից Կարմրավոր եկեղեցին գտնվել է այն վայրում, որտեղ այսօր գավառի ժանդարմերիայի հրամանատարությունն է։ Հաբու և Փըլվերա եկեղեցիները, ինչպես նաև մյուս եկեղեցիների մեծ մասը վերացվել է, Էրուհի հին անունը Դեհե էր։ Նա Դեհ անունը եկեղեցիներից է ստացել։ Այդ տեղեկությունները իմ հայրիկից, հայրիկս էլ պապիկիցս է ստացել։
Նախկինում Էրուհում հայերը հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդ ժամանակ Էրուհի գինին շատ հայտնի էր շրջանում։ Սերե կոչվող վայրում մոտ 1500 դյոնյում (1 դյոնյումը հավասար է 913.3 քառ.մ- Ակունքի խմբ․) հողատարածքի վրա նրանք խաղող էին աճեցնում գինի պատրաստելու համար։ Այդ որթատունկերից որոշները դեռ կան։ Նրանց մոտ անասնապահությունը ևս զարգացած էր, հիմնականում պահում էին անգորական այծեր և ոչխարներ, որոնց բրդից հագուստ (շալ-շապիկ) էին կարում։ Այդ հագուստներն այսօր էլ շրջանի բնակիչները կրում են։ Դա շրջանին բնորոշ հագուստն էր, որը շատ թանկ էր։ Այդ ժամանակ նրանք անգամ կիր էին պատրաստում։ Դրա համար շատ խորը փոսերի շուրջը քարով ծածկում, մեջը սպիտակ քարեր էին լցնում, ապա՝ փայտ գցում և վառում։ Այդ գործընթացն օրեր էր տևում։ Այնուհետև մեջի քարերը կրակի ազդեցությամբ պայթում էին։ Այդ քարերը դրսում շատ լավ ծեծում էին ու մասերի բաժանում։ Ստացված զանգվածն օգտագործում էին այսօրվա կրի փոխարեն։
Հայերը որևէ վնաս չէին պատճառում ժողովրդին։ Հայրս էր պատմում, նա էլ իր հայրիկից էր լսել, որ մուսուլման երեխաների հետ հայերն անասուն էին արածեցնում, միևնույն սեղանից հաց ուտում։ Ամեն ինչ սկսվել է Օսմանյան պետության մասնատման և Թուրքիայի Հանրապետության ձևավորման միջև ընկած ժամանակաշրջանում, երբ ֆանսիացիները հարավից, իսկ ռուսները արևելքից փորձում էին գրավել օսմանյան տարածքները։ Իսլամի քողի տակ որոշ մարդիկ, այսօրվա ԻՊ-ի նման, սկսել են սպանել այն մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ հաց են կերել նույն սեղանից։ Մեկին՝ գույք, մյուսին հողի համար են սպանել։
Հայերի մեծ մասը փախել է, ոմանք՝ սպանվել, մնացածներն էլ ստիպված են եղել կրոնափոխ լինել։ Աքսորվածները օրերով սոված ու ծարավ են մնացել։ Նրանցից ոմանք սովից մահացել են, իսկ նրանք, որոնց հաջողվել է փախչել, գնացել և բնակություն են հաստատել Իրաքի Զահո և Դոհուկ քաղաքներում, որտեղ մինչև հիմա էլ շարունակում են ապրել։ Ոմանք էլ փախել են Սիրիա։
Այսօր, երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ այդ ամենը արվել է հանուն ոչնչի։ Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքից։ Մարդկանց և կրոնների միջև ցանվել են տարաձայնության սերմեր։ Երանի՝ դրանցից ոչ մեկ պատահած չլիներ։
Իբրահիմ Էրդեմ
60 տարեկան
– Դուք տեղեկություններ ունեք այն ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ հայերն ապրում էին Սղերդում։ Ու՞մից կամ ո՞ր աղբյուրից եք ստացել այդ տեղեկությունները։
– Երբ ես տասը տարեկան էի, այդ մասին պատմում էին հայրիկենքս և այդ ժամանակի մեծերը։
– Ի՞նչ գիտեք այդ ժամանակ Սղերդում ապրող հայերի մասին։
– Հայերն այդ ժամանակ ամեն տեսակ առևտրով զբաղվում էին։ Ավելի շատ զբաղվում էին բրդյա իրեր գործելով, ոսկու մշակմամբ և այլ արհեստներով։ Գյուղատնտեսության համար նախատեսված տարածքներ էլ ունեին, ավելի շատ բույսեր էին աճեցնում։
– Ժողովրդին հայերը ի՞նչ տեսակ վնաս էին տալիս։
– Հայերը որևէ վնաս չէին տալիս ժողովրդին, ընդհակառակը, մուսուլմանների հետ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, ապրել են եղբայրների պես։
– Ո՞րն էր Տեղահանության օրենքի ընդունման հիմնավորումը։
– Չգիտեմ։
-Տեղահանության ժամանակ հայերն ի՞նչ խնդիրների են հանդիպել։
– Տեղահանության ընթացքում ով կարողացել՝ փախել է, նրանք, որոնց չի հաջողվել փախչել, արհարվիրքի են հանդիպել։ Կանանց աչքի առաջ սպանել են ամուսիններին։ Այրիներին բռնաբարել են։ Բարդիները ծայրերից բռնել մինչև գետին են հասցրել և ծագումով հայ նորածիններին կամ երեխաներին կապել են և քարերի նման նետել։ Իմ պապիկի պատմածների համաձայն՝ ծագումով հայ մի մարդ ոլոռի դաշտում ոլոռ ուտելուց է եղել, երբ մի գյուղացի նրան տեսել է և լուր տվել մյուսներին։ Դա լսած գյուղացիները, ձեռքներում՝ քարեր և մահակներ, հարձակվել են դաշտում գտնվող հայի վրա։ Վերջինս սկսել է փախչել, սակայն ձեռքներից չի պրծել, գյուղացիները բարբարոսաբար ծեծել են նրան, որից հետո նա մահացել է։
– Ունե՞ք տեղեկություններ հայերից մնացած եկեղեցիների, տների, իրերի և այլնի մասին։
– Այդ մասին շատ տեղեկություն չունեմ, սակայն Շըրնաքի Ֆընդըք գյուղում հնարավոր է հանդիպել հայերից մնացած բազմաթիվ կառույցների։
– Այս թեմայով այլ բան ունե՞ք ավելացնելու։
– Մարդկության համար հիրավի ամոթալի բան է, երանի պատահած չլիներ։ Կարևորը կատարած սխալներից դաս քաղելն է։
Սալիհ Էսեն
– 75 տարեկան եմ։ Հայերն ապրել են Հարավային Անատոլիայի բազմաթիվ քաղաքներում։ Ես հայերի մասին տեղություն ստացել եմ միայն իմ հայրիկից և պապիկից։
Տեղահանության ժամանակ Սղերդի բնակչության 4/3-ը հայեր են եղել։ Նրանք Սղերդում իրենց մշակույթն էին ձևավորել և այդպես ապրում էին, տեղահանությունից հետո նրանց ստիպել են գաղթել։
Տեղյակ չեմ, թե հայերն ինչ վնաս են տվել ժողովրդին, սակայն Տեղահանության օրենքի ընդունման հիմնավորումն այն է եղել, որ հայերը Սղերդում հարուստ են եղել, ինչպես՝ բազմաթիվ այլ վայրերում։ Հայերն այդ ժամանակ շատ ուժեղ և հարուստ են եղել։ Ժամանակի ընթացքում դուրս են եկել պետության դեմ, որի պատճառով պետությունն օրենք է ընդունել։ Այդ օրենքով բոլոր հայերը պետք է սպանվեին։ Այդ ժամանակ ամեն քաղաք աղաներ ուներ։ Որոշ հայեր գաղթել են, սակայն որոշներն էլ ստիպված են եղել մնալ։ Ահա այդ աղաները մնացած հայերին չեն սպանել և դարձրել են իրենց ստրուկը։
Որոշ հայեր օրենքի ընդունումից հետո սկսել են գաղթել։ Բոլոր հայ ընտանիքները գիշերները փախել են, առավոտյան թաքնվել քարանձավներում, երեկոյան կրկին ճանապարհ են ընկել։ Այդ օրենքից հետո հայրս գործի համար Իրաք է գնացել։ Այդտեղ պատահաբար հանդիպել է մի հայ գաղթականի։ Նա նրանց հարցրել է, թե ինչու են ստիպված եղել գաղթել։ Հայի տված պատասխանը հայրիկիս շատ է զարմացրել։ Հայը պատմել է գաղթի պատճառ հանդիսացած օրենքի մասին։
Չգիտեմ, թե հայերը գաղթի ժամանակ ինչ խնդիրներ են ունեցել, սակայն պատմածներից հասկանում ենք, որ դրանք շատ են եղել։
Այս թեմայով միակ բանը, որ կցանկանամ ասել, այն է, որ որոշ հայեր հնարավոր է՝ սխալ են գործել, սակայն մի քանի մարդու սխալի պատճառով հայերի հետ այսպես վարվելն ու նրանց ստիպել, որ գաղթեն, ճիշտ բան չեն։
Եզրակացություն
Սղերդում հայերով բնակեցված շրջանում նրանցից մնացած կառույցները քանդվել են, սրբավայրերը՝ ավերվել, նկատում ենք, որ հայերի հետ կապված պատմական հետքերը կամաց-կամաց վերացվում են։ Այդ շրջանում բնակվող ժողովուրդը, պատմական գիտելիք չունի, ինչի պատճառով այդ կառույցները գոմի, աղբանոցի են վերածվել, պատմական կառույցներից վերցված քարերով նրանք նոր տուն են կառուցել։ Սրբավայրերը ոչ միայն քանդվել են, այլև նրանց վրա նոր կառույցներ են կառուցել։
Մեր կատարած հետազոտությունից պարզ է դառնում, որ հայերը ապրել են Սղերդի բազմաթիվ շրջաններում։ Նկատում ենք նաև, որ այդ ժամանակ հայերը մյուս ժողովուրդների հետ ապրել են հաշտ ու համերաշխ։
Սղերդի Էրուհ գավառը ժողովրդախոսակցական լեզվում «Դեհ» է կոչվում, որը 10 է նշանակում։ Այդ անունը այն ստացել է գավառում գտնվող 10 հայկական եկեղեցիների պատճառով։ Մի գավառում եղած 10 եկեղեցուց եզրակացնում ենք, որ հայերը կապված են եղել իրենց կրոնին։
Հայ և մուսուլման ժողովուրդների միջև համերաշխության մթոլորտ է տիրել, որը հիմնված է եղել հազարավոր դարերի վրա։ Այս բարիդրացիական հարաբերությունները խախտվել են այն ժամանակ, երբ հայերն ապստամբել են և համագործակցել Ռուսական կայսրության հետ, ինչը պատճառ է հանդիսացել, որ ավարտվի խաղաղության ու համերաշխության մթնոլորտը։
Այդ ընկերության խախտման հետ մեկտեղ երևան են եկել եղբայրական կռիվները, և հայերը տեղահանվել են։ Այդ տեղահանության ժամանակ Սղերդում էլ հայերը սպանվել են, ինչպես՝ արևելյան և հարավային շրջաններում։
Հայերին բարձր տեղերից ցած են նետել, նրանք ենթարկվել են ժողովրդի լինչի դատաստանին, նրանց երեխաներին կապել են բարդու ծառերից և բաց թողնելով՝ սպանել։
Սպանություններն ինչքան էլ որ կրոնական հիմնավորմամբ արված լինեն, կոտորածների հիմնական պատճառն է եղել հարուստ հայերի հողերին ու գույքին տիրանալու ցանկությունը։
Այդ սպանությունների հետևանքով որբացած որոշ հայ երեխաների որդեգրել են որոշ հայտնի մուսուլմաններ։ Արդյունքում ունենք հայրենակիցներ, որոնք մուսուլման ընտանիքի անդամ են դարձել և ունեն հայկական արմատներ։
Սղերդի այն հայերը, որոնց հաջողվել է փրկվել տեղահանության ընթացքում օրերով քայլելուց, որոնք ճանապարհներին սովից ու ծարավից չեն մահացել, ավազակների, միայն նյութականը կարևորողների, անգիտակից հավատքի տեր մարդկանց կողմից հարձակման ենթարկվելուց, բնակություն են հաստատել Իրաքի Զահո և Դուհոկ քաղաքներում, որտեղ դեռևս շարունակում են ապրել։ Ոմանք էլ փախել են Սիրիա։
Հայերի տեղահանության ժամանակ կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու պատճառով սովից, հիվանդությունից կամ հարձակումներից խմբակային մահացությունների մասին են պատմել։ Չի հայտնաբերվել որևէ բան, որ փաստի, որ Սղերդում հայերը մուսուլման բնակչությանը սպանել են։
Հայերի կատարած սխալները որպես դավաճանություն որակող մարդկանց նման կան նաև մարդիկ, որ մտածում են, որ հայերին մուսուլմաններն են կոտորել։
Որոշ հայ խմբերի արած սխալի պատճառով բոլոր հայերին պատժելը պատճառ է հանդիսանում, որ երևան գան նմանատիպ խնդիրներ։
Առաջարկներ
Հայերից մնացած կառույցները շատ շտապ պետք է պահպանության տակ առնվեն, քանդվող եկեղեցիները, ամրոցները և այլ կառույցներ պետք է վերանորոգվեն և գնահատվեն որպես պատմական ժառանգություն։
Պատմական կառույցների վրա կախվող ցուցանակների վրա արված սխալները պետք է ուղղվեն, պետք է հնարավորություն տրվի, որ մեր ապագա սերունդներն այդ դեպքերից դասեր քաղեն։
Սղերդի չորս կողմերում գտնվող՝ հայերից մնացած կառույցները պետք է վերանորոգվեն և տուրիստական կենտրոն դարձվեն։
Մեր պատմության վերաբերյալ արվելիք աշխատանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե որոշ մարդկանց մեղադրելուն և դատելուն, այլ արված սխալները գտնելուն և դրանցից դասեր քաղելուն։ Մենք էլ այս աշխատանքով նպատակ ենք ունեցել դասեր քաղել մեր սխալներից և մեր ներդրումն ունենալ հասարակական համերաշխության հասնելու գործում։ Այդ քայլին սպասում ենք նաև մեր մեծերից։
Տեսանք Սղերդի հայերի նկատմամբ արված անարդարությունը և սովորեցինք տարբեր կրոնական խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսևորել։ Իհարկե, նրանք ևս բազմաթիվ սխալներ արել են, սակայն մենք մեզ վրա ընկած մարդկային պարտականությունը կատարելու համար հասկացանք մեր սխալները։ Նույն հասունությունը առաջարկում ենք դրսևորել նաև թուրք, հայ ու քուրդ ժողովրդին, որ նրանք առաջնորդվեն անցյալում տեղի ունեցածը անցյալում թող մնա մտածելակերպով և ապագային նայեն ավելի խաղաղասիրական տեսանկյունից։
Մեր աշխատանքն ավարտում ենք խնդրո վերաբերյալ տեսակետ հայտնած 75 ամյա Աբդուլլահ Քուրթի խոսքերով․ Երանի՜ դրանցից ոչ մեկ տեղի ունեցած չլիներ։
yakindoguyazilari.com/siirtte-ermeni-izleri/?fbclid=IwAR3fnV_8OqKH25emoP1pzsBBB5E525NIU18J0YsGMa3XSAtF9a9AFXh6g3Y
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net/am/?p=70548