Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, չկար պետություն, որ կանվանվեր Ադրբեջան. Փաշինյանը`Ալիևին
15 Փետրվար, 2020
ՄՅՈՒՆԽԵՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի թեմայով քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` շեշտելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, դա ամբողջովին օրինական որոշում էր: «Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրթի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում:
Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառանալով Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին` ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց էր տվել ռուսական թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: «Եվ դա իմիջիայլոց տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին` նա նշեց` դրանց իմաստն է առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել որևէ բռնություն և դադարեցնել ռազմական գործողությունները: «Եվ եթե նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է. որ Ադրբեջանը խախտել է հրադարարը, և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահել, չի հարգել անվտանգության խորհրդի փաստաթղթի կանոնները: Եվ շատ կարևոր նշել դա»,-ասաց Փաշինայնը:
Նրա կարծիքով` ճիշտ մոտեցում չԷ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը: «Դժբախտաբար, վերջին 25-30 տարիներին մենք կրկնում ենք ամեն անգամ նույն բաները: Ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով հոգնած կլինի նույն բանը լսելուց: Եվ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ առաջ քաշել: Եվ ես, երբ դարձա ՀՀ վարչապետ` ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, ես հասկացա, որ հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտույթունը լուծել մեկ կամ երկու քայլերով: Եվ ես մտածեցի, որ այս խնդիրհ լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի ընթացքոը` միկրոհեղափոխությունների»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Քննարկման համակարգողն է ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փաշինյանն ու Ալիևը մոտ կես ժամ տևողությամբ երկկողմ հանդիպում են ունեցել նաև քննարկումից առաջ:
//armenpress.am/arm/news/1005109.html?