Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր»
14 Փետրվար 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, հայկական հարցի «մասնագետ» պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերը ներկայացնող հերթական դասախոսությամբ է հանդես եկել:
Սերրթչելիքն այս անգամ որպես բանախոս հանդես է եկել Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի քաղաքապետարանում անցկացված «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման ժամանակ:
Ժխտողականության պետական թեզերի համակարգողներից մեկը հանդիսացող պրոֆեսորը ևս մեկ անգամ ներկայացրել է հարցի վերաբերյալ թուրքական թեզերը՝ նշելով, որ հայերի տեղահանությունն արվել է այն պատճառով, որ նրանք պատերազմի ժամանակ համագործակցել են ռուսների հետ և ամեն ինչ արել Օսմանյան կայսրության դեմ:
Սերթչելիքը նշել է, որ Հայկական հարցը այն թեման է, որի վրա թուրքական կողմը պիտի աշխատի տարին 365 օր, այլ ոչ թե սահմանափակվի միայն ապրիլի 24-ով: Նրա խոսքով՝ թուրքական կողմը բացի պատմագիտության ոլորտից պետք է նաև այս թեմայով ֆիլմեր ու վավերագրական նյութեր պատրաստի, ինչի համար դեռևս բավարար ֆինանսավորում չունեն:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խոսել էր ժխտողականության աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ նախատեսում են ընդլայնել աշխատանքները՝ դրանք համալրելով նոր գործիքակազմով:
Հիշեցնենք, որ Սերթչելիքի նախորդ դասախոսությունը տեղի էր ունեցել 1 ամիս առաջ Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում, որտեղ կազմակերպվել էր կրկին ցեղասպանության ժխտման թեզերի տարածմանը միտված «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողովը:
Աղբյուր` beyazgazete.com
ermenihaber.am/am/news/2020/02/14/Թուրքիա-Ցեղասպանություն/176104