ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչ է պատրաստվում ցուցադրել Հայաստանը Թուրքիայի սահմանին մոտ
19.02.2020 | Հասարակություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, առաջին հայացքից բավականին տարօրինակ թեմայով: Խորհրդակցությունը վերաբերել է Յարխուշտայի փառատոն անցկացնելուն, որը պաշտոնապես կրելու է Զարկ ֆեստ անվանումը: Տեղեկությունն առաջացրել է տարակույս ու հարցեր՝ միթե չկա վարչապետի հետ քննարկելու ավելի կարեւոր հարց, միթե Հայաստանում անցկացվող տարատեսակ փառատոնները վարչապետի մակարդակի քննարկման հարց են: Հատկապես որ այդ փառատոնները շատ են եւ շատանում են:
Կարո՞ղ է արդյոք հարցն ավելի նուրբ լինել: Խոսքը փառատոնի ժամանցա-մշակութային, էթնո-զբոսաշրջային նշանակությունից բացի, նաեւ քաղաքական նշանակության մասին է: «Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ», խորհրդակցությանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Յարխուշտայի փառատոնն անցկացվելու է Արագածոտնում, Թալինից դեպի Արեւելք՝ դեպի հայ-թուրքական սահման ընկած Դաշտադեմ գյուղի մոտ գտնվող միջնադարյան կիսավեր ամրոցի տարածքում: Դաշտադեմի ամրոցը Հայաստանի պատմամշակութային խորհրդավոր հուշարձաններից մեկն է: Այդ ամենը բավականին խորհրդանշական է, սկսած հայ-թուրքական սահմանի հարեւանությունից, մինչեւ ամրոցի պատմամշակութային հարուստ շերտերը, որոնք էլ իրենց մեջ պարփակելու են Զարկ ֆեստ դարձյալ խորհրդանշական անվանումով փառատոնը:
Ինչքանո՞վ կհաջողվի այդ համախումբը վերածել ոչ միայն զուտ ամենամյա փառատոնային միջոցառման, այլ յուրօրինակ իրադարձության եւ պատմա-քաղաքական, մշակութային «մանիֆեստի»: Ի՞նչ է պատրաստվում Հայաստանը ցույց տալ աշխարհին հայ-թուրքական սահմանից ոչ շատ հեռու, պատմական հանգույցում, որը կարող էր առնչություն ունենալ դեպի Կարս ու Անի տանող Մետաքսի պատմական ճանապարհի հետ:
Այլապես, ո՞րն է փառատոնը վարչապետի մակարդակով քննարկելու պատճառը:
www.lragir.am/2020/02/19/519453/