ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանը նոր առիթ է տվել Թբիլիսիին. տարածքային ամբողջության նոր վտանգ
20.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ կունենա բարձրաստիճան հանդիպումներ, կքննարկվի երկկողմ գործակցությունը:
Շրջանում լարվածության փուլում է հայտնվել Թուրքիայի ու Ռուսաստանի փոխհարաբերությունը: Իդլիբում Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունն ու պայմանավորվել իրավիճակի շուրջ:
Երկու կողմերը միմյանց հետ խոսում են սպառնալիքի եւ շանտաժի լեզվով: Այդ իրավիճակը անկասկած մարտահրավեր է նաեւ կովկասյան շրջանի համար: Իրավիճակը առանձնահատուկ նուրբ է Վրաստանի պարագայում, որն արդեն մոտ երկու տարի հայտնվել է ներքին պարբերական ցնցումների փուլում: Իսկ դրանում ոչ վերջին դեր ու նշանակություն ունեն նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան, որոշակիորեն Ադրբեջանի միջոցով:
Ռուսաստանում խոսում են այն մասին, որ Թուրքիայի թիրախում է ոչ միայն Սիրիան, այլեւ Բաթումին: Եթե խոսվում է թիրախի մասին, ապա տրամաբանական է, որ հաջորդիվ դիտարկվում են այն «պաշտպանելու» տարբերակները: Վրաստանի համար իհարկե հավասարապես վտանգավոր է թե Թուրքիայի հավակնությունը, թե Ռուսաստանի «պաշտպանելու» ցանկությունը: Ի վերջո, Բաթումին ինչպես ռուս-թուրքական համաձայնությամբ հայտնվել է Վրաստանի տարածքում, այնպես էլ կարող է դուրս մնալ այդ տարածքից:
Անկասկած է, որ Վրաստանին սպառնում է տարածքային ամբողջության նոր խնդիր: Ընդ որում, ի տարբերություն 2008-ի, այս դեպքում իրավիճակը շատ ավելի հիբրիդային է ու երկճակատ, որովհետեւ Կախեթիի կողմից բավականին մոտեցել է նաեւ Ադրբեջանը եւ դիրքեր տեղակայել արդեն վրացական վարչական տարածքներում, ինչի մասին տեղեկություն տարածվեց միջազգային ռազմական պարբերականներում:
Այդ իրավիճակը Վրաստանի համար պետք է առավել ակնառու դարձնի Հայաստանի հետ հարաբերության սերտացման եւ ընդհուպ դաշնակցային բովանդակության քննարկումը: Այդ հարաբերությունը ունի թուրք-ադրբեջանական էքսպանսիան կանգնեցնելու, ռուսական «պաշտպանության» ռիսկը կառավարելու ներուժ, եւ գործնականում՝ անայլընտրանք ներուժ: Անգամ հույսը Արեւմուտքի վրա դնելու պարագայում, որովհետեւ Արեւմուտքի համար էլ այդտեղ իրավիճակը կառավարելու հարցում Հայաստանն անփոխարինելի գործընկերն է:
Այդ գործում էական դեր ունի այն, որ Հայաստանը վերականգնել է ինքնիշխանության բավականաչափ պաշար, որը խելամիտ տնօրինելու եւ գեներացնելու դեպքում թույլ է տալու լինել աշխարհքաղաքական էական կոնսենսուսի կենտրոն: Վրաստանը Հայաստանի առումով մեկ անգամ ունեցել է դրա առավելության հարցում համոզվելու առիթներ, թեեւ բաց թողել Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության հաստատումը:
Այս անգամ պետք չէ բաց թողնել առիթը, քանի որ երրորդ հնարավորություն կարող է չլինել:
www.lragir.am/2020/02/20/519843/