Haberler. Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար
21 Փետրվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ:
Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր օդային տարածքով անցնեն Սիրիա: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին:
Նշվում է, որ նախօրեին Սիրիա թռչելու համար ռուսական ռազմական բեռնափոխադրող Tu-154M ինքնաթիռը և Su-24 կործանիչները ստիպված են եղել Թուրքիայի օդային տարածքը շրջանցել, թռչել են Կասպից ծովի վրայով, ապա Իրանի ու Իրաքի տարածքով մտել Սիրիա:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական բեռնափոխադրող ինքնաթիռով զենք-զինամթերք է տեղափոխվում Սիրիա և մատակարարվում Ասադի ուժերին, որոնք Իդլիբում ռազմական գործողություններ են իրականացնում ընդդիմադիր զինյալների դեմ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում:
Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ստորաբաժանումների միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին, 10-ին և 20-ին զոհվել է ընդհանուր առմամբ 15 թուրք զինվորական:
Աղբյուր` Haberler
ermenihaber.am/am/news/2020/02/21/Թուրքիա-օդային-տարածք-ռուս/176691