ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ռուս-թուրքական առճակատում – Հայկական ուղերձը Ստեփանակերտից

ARARAD -ARMENIA

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ռուս-թուրքական առճակատում. Հայկական ուղերձը Ստեփանակերտից

22.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հայկական անվտանգության խնդրին, ընդգծել է դրա լայն համատեքստը. «Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով:

Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ»:

Հայկական անվտանգության հրամայականը գլոբալ անվտանգության շրջանակում դիտարկելու անհրաժեշտությունը թե ռազմավարական է, թե մարտավարական: Այն, որ Հայաստանը Կովկասում քառորդ դար պահում է միջազգային անվտանգության համակարգի սահմանը, ակնառու է առնվազն ադրբեջանական քաղաքականությանն առնչվող մի շարք պարզ դրվագներից՝ սկսած Ադրբեջանում իշխանության կոռումպացվածության, այդ կոռուպցիան նաեւ եվրատլանտյան քաղաքակրթական միջավայր արտահանելու դիվանագիտության հանգամանքից, մինչեւ միջազգային ահաբեկության հետ իշխանության մակարդակում կապերով:

Ի լրումն այդ ամենի՝ Ադրբեջանի պաշտոնական մակարդակով հայատյացության եւ լայն իմաստով մարդատյացության քաղաքականությունը, որովհետեւ կացնով մարդասպանին հերոսացնելը լոկ հայատյացության ակտ չէ: Այդպես կարող է անել միայն մարդատյաց համակարգը: Նույն օրինակներն Ադրբեջանը «մատուցեց» ապրիլյան քառօրյայում:

Այդ իմաստով, թե ռազմա-քաղաքական, թե քաղաքակրթական առումով Հայաստանը գծել ու պահում է միջազգային անվտանգության համակարգի սահմանը: Ըստ այդմ, Հայաստանը ոչ միայն անվտանգություն սպառող չէ, եւ ոչ միայն տարբեր թեժ կետերում բազմազգ առաքելություններում անվտանգություն իրացնող չէ, այլ անվտանգային միջավայր ստեղծող է:

Մարտավարական իմաստով Փաշինյանի արձանագրումը շատ կարեւոր է հատկապես այժմ առկա իրողությունների պարագայում, երբ Կովկասի՝ միջազգային անվտանգության համակարգի կարեւորագույն օղակի երկու այլ էական դերակատարներ՝ Թուրքիան ու Ռուսաստանը առճակատման մեջ են Սիրիայի Իդլիբում: Դա նշանակում է, որ նրանց միջեւ թեժ իրավիճակը որեւէ կերպ իր ազդեցությունն է թողնելու նրանց անմիջական դերակատարման եւ պարզապես նրանց համար գերակա ու կենսական ռեգիոնի մթնոլորտի վրա, ձեւավորելով ճնշման նոր ալիքներ:

Այստեղ Հայաստանը արձանագրում է գլոբալ անվտանգության խնդիրը, ռուս-թուրքական խնդրից բխող՝ հայկական անվտանգության ուղղությամբ հնարավոր ճնշմանը հակազդելու համար: Հայաստանի վարչապետը պարզորոշ հայտնում է, որ այդ ռիսկը լոկ Հայաստանի ռիսկը չէ, այլ գլոբալ անվտանգության համակարգի: Ըստ այդմ, ռուս-թուրքական խնդրի որեւէ հանգուցալուծում չի կարող դիտարկել գլոբալ անվտանգության համակարգի համար ռիսկ առաջացնող որեւէ հանգամանք, այսինքն որեւէ հանգամանք, որը կարող է ռիսկ առաջացնել Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար:

Միեւնույն ժամանակ, խիստ հատկանշական է, որ Փաշինյանն այդ առումով շեշտադրում է Հայաստանի եւ Արցախի մոտեցումների նույնությունը, ազդակ հղելով որեւէ մեկին, ում մտքով կարող է անցնել այդ խնդրում որեւէ «սեպարատ գործընկեր» գտնել Արցախում կամ որեւէ կերպ խաղալ Արցախի տարբերակման վրա:

Ի դեպ, այդ համատեքստում կարող է լինել նաեւ վարչապետի նուրբ ակնարկը այն «եզրի» առնչությամբ, որ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ է դրվում տարբեր առիթներով, իսկ անցնող օրերին՝ բանակում ողբերգական դեպքերի առիթով: Խոսքը «հայաստանցի-արցախցի» գերվտանգավոր «եզրի» մասին է, որը նաեւ տարբեր սուբյեկտներ սկսում են խաղարկել յուրովի, տարբեր «վարիացիաներով»:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

www.lragir.am/2020/02/22/520415/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail