ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վրացական երազանքն ավարտվել է. Բաթումն՝ Արարատի ու Նախիջեւանի դիմաց խնդիրը
22.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
««Օսմանեան կայսրութեան վաւերական փաստաթուղթերը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ –
Primetime.ge կայքը, հղում անելով վրաց հոգեւորական Վիտալի Ղվինիաշվիլուն հայտնում է, որ Ադրբեջանը վրաց-ադրբեջանական սահմանի Դավիթ Գարեջի վանական համալիրում կատարում է փոփոխություններ եւ ջնջում վրացական հետքը: Վանական այդ համալիրը Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է: Համալիրի մի հատվածը գտնվում է ադրբեջանական տարածքում: Բաքուն վերջին շրջանում խնդիրներ է հարուցում վրացիների համար դրա հասանելիության առնչությամբ:
Սակայն իրավիճակն ունի շատ ավելի խորքային շերտեր, եւ վանական համալիրը թերեւս միայն առիթ է, գործոններից մեկը:
Ադրբեջանը տեւական ժամանակ չի թաքցնում Վրաստանի հանդեպ հավակնությունը: Ավելին, առնվազն պատմա-քաղաքական իմաստով այն արդեն արտահայտվում է Ադրբեջանի ԳԱԱ պատմաբանների մակարդակով, որոնք ոչ միայն Վրաստանի հարավ-արեւելքն են ադրբեջանական տարածք հռչակում, այլ նաեւ Թբիլիսին են հայտարարում ադրբեջանական քաղաք:
Ընդ որում, Վրաստանը կարող է համոզված լինել, որ կանգ չեն առնելու Թբիլիսիի վրա, եւ ընդհանրապես՝ կանգ չեն առնելու միայն պատմա-քաղաքական տիրույթի վրա: Ռազմա-քաղաքական ոչ միայն հաջորդ փուլն է լինելու, այլ գործնականում արդեն մասնակի իրողություն է, երբ օրինակ միջազգային կայքերում հայտնվում են արբանյակային լուսանկարներ, թե ինչպես է Բաքուն դիրքեր տեղակայում ընդհուպ վրացական վարչական տարածքում:
Վրաստանը փորձում է հարցերը լուծել պայմանավորվածությամբ, ինչը հասկանալի փորձ է, բայց թերեւս անիմաստ: Բանն այն է, որ խնդիրը ավելի խորքային է եւ պայմանավորված է աշխարհքաղաքական բազմաշերտ իրողություններով: Այստեղ Բաքուն մի կողմից թուրքական քաղաքականության հավելված է, մյուս կողմից էլ փորձում է ապահովագրվել այդ քաղաքականության ռիսկերից: Իսկ Անկարայի քաղաքականությունը որքան ագրեսիվանում, նույնքան էլ դառնում է հենց իր համար ռիսկային: Ներկայում այդ հանգամանքը բավական թեժ դրսեւորում է ստանում Իդլիբում, որտեղ բախվում են Թուրքիան ու Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ, երկուսի համար Կովկասը կենսական ռեգիոն է:
Ռուս-թուրքական վայրիվերումների պայմաններում Ադրբեջանի «ավանդական» խաղի տեղն այդ առումով արցախյան ուղղությունն էր, ինչը սակայն բարդացել եւ գործնականում էլ ավելի ռիսկային է դարձել ապրիլյան պատերազմից եւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Այդ պատճառով էլ դրանից հետո Բաքուն իր հավակնություններով բավական աշխուժացել է Վրաստանի ուղղությամբ:
Պայմանավորվել նրանց հետ չի ստացվելու, որովհետեւ Բաքվի համար կանգ առնելը նշանակելու է մնալ խաղից դուրս եւ սպասել «դատավճռի»: Ըստ այդմ, Վրաստանը պետք է մտածի իր ռազմավարական վճռի մասին, քանի չի եղել դատավճիռ իր առումով: Իսկ այն կարող է կայացվել արդեն ռուս-թուրքական տիրույթում: Բաթումի խնդիրն արդեն շրջանառության մեջ է ռուսական գեներալակազմում, որոնք հայտարարում են այդ քաղաքի հանդեպ թուրքական հավակնության մասին:
Բաթումին ստանալով 1920-ին, հետո ռուս-թուրքական պայմանագրերով Արարատի ու Նախիջեւանի դիմաց հանձնելով 1921-ին, Թուրքիան ըստ ամենայնի այն սկսելու է դիտարկել Նախիջեւանի հարցում հնարավոր պահանջների դեմ որոշակի խաղաքարտ: Իսկ այդ հարցը կարող է առաջանալ, եթե խորանա հակասությունը Աստանայի եռակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա ձեւաչափում, ու եթե Ռուսաստանը այս անգամ դիմանա եւ չհանձնվի Թուրքիայի շանտաժին, դնելով նաեւ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի հարցը:
Հետխորհրդային շրջանի «տարանցիկ հարմարավետության վրացական երազանքը» ավարտվել է վաղուց, եւ Թբիլիսին ավելի ու ավելի է զգալու դա, գալով եզրահանգման, որ ինչ որ բան ապահով երազել հնարավոր կարող է լինել միայն ռեգիոնալ միակ բնական դաշնակցի՝ Հայաստանի հետ:
www.lragir.am/2020/02/22/520290/