Զոհրաբ Մնացականյանը հայտնեց «Դարի գործարքի» և Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
24 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Վաշինգտոնի կողմից առաջարկված Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման պլանին («Դարի գործարք»):
«Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը:
«Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրագործմամբ՝ անկախ պետության ստեղծման ձգտմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմը, և միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող «Համաս» արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաև զինված պայքարի մեթոդներից:
Դրա հետ մեկտեղ՝ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ։
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը և պատրաստակամություն հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա:
armenpress.am/arm/news/1006003.html