ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Կրկէսային Զաւեշտախաղ Ազրպէյճանում` Խորհրդարանական Ընտրութիւնների Յայտագրով
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Կրկէսային Զաւեշտախաղ Ազրպէյճանում` Խորհրդարանական Ընտրութիւնների Յայտագրով
24 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 –
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Այս համոզմանն են բոլոր կամ գրեթէ բոլոր նրանք, որոնք որպէս միջազգային ու տեղական դիտորդներ ականատես են եղել եւ այս կամ այն չափով անաչառ ու անկողմնակալ գնահատել փետրուարի 9-ին Ազրպէյճանում անցկացուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները` եզրայանգելով, որ դրանք, ըստ էութեան, ամենազաւեշտականն ու ամենախայտառակն էին պետական անկախութեան տասնամեակներին այդ երկրում տեղի ունեցած համապետական ընտրութիւնների շարանում:
Ընդ որում, այդ գնահատումներում ամենագերադրականը վերաբերում է ե՛ւ գործող խորհրդարանի լուծարման պատճառներին ու ընթացակարգին, ե՛ւ նոր ընտրութիւնների նշանակման ու նախընտրական քարոզարշաւի կազմակերպման ժամկէտներին, ե՛ւ բուն ընտրութիւնների ընթացքին, ե՛ւ քուէարկութեան արդիւնքների հաշուարկմանը: Բոլոր այդ առումներով էլ, ինչպէս հաւաստում են լրահոսի վկայութիւնները, հայր եւ որդի Ալիեւների նախագահական գերդաստանը միանշանակ գերազանցել է քաղաքական աճպարարութեան իր նախորդ բոլոր «նուաճումները»:
Փաստօրէն Ազրպէյճանն այդ ընտրութիւններով եւս մէկ աւելորդ անգամ ապացուցեց, որ միահեծան, էապէս բռնապետական իշխանութեան պայմաններում միանգամայն անյարիր ու անհամատեղելի են հանրային կառավարման ժողովրդավարական արժէքները: Դրանք` այդ արժէքները, ամենեւին էլ հագուստի տեսակներ չեն` ըստ եղանակի փոխնիփոխ հագնելու եւ մերկ մարմինն ու նրա հնարաւոր ախտերը կողմնակի աչքից արտաքուստ ծածկելու համար` թէկուզ եւ եւրոպաներում նորաձեւութեան լաւագոյն վարպետների ձեռամբ յատուկ պատուէրով կարուած: Ժողովրդավարութիւնն իրականում անհատի, հանրութեան, պետական իշխանութեան բուն էութիւնը պարզորոշ երեւակող արժէքային համակարգ է, որից ցանկացած թէկուզ թեթեւակի շեղում հակուած է անտեսանելի դարձնելու արքայի զգեստը` ի տես բոլորի ցուցանելու տուեալ մարմնի ողջ կամ մասնակի մերկութիւնը:
Եթէ յիշում էք, հէնց նման պարագայում էր, որ Անտերսենի հեքիաթի հերոս փոքրիկ տղան ակամայ գոռում էր. «Արքան մե՛րկ է»: Իսկ որ Իլհամ Ալիեւն ու նրա շքախմբի անդամները խորհրդարանական ընտրութիւնների յայտագրով կրկէսային զաւեշտախաղին, առաւել քան երբեւէ, մերկ էին, համոզուած էր ոչ միայն միջազգային, այլեւ ազրպէյճանական հանրութիւնը: Եթէ վերջինիս անգամ ոչ ամբողջ, ապա` գերակշիռ մեծամասնութիւնը:
Արդեօք ա՞յդ չէ վկայում թէկուզ եւ այն իրողութիւնը, որ խորհրդարանական ընտրութիւններին, ըստ պաշտօնական տուեալների, մասնակցել է ընտրելու իրաւունքով օժտուած քաղաքացիների հազիւ 47 տոկոսը: Ընդ որում, մասնակցութեան այդ ցուցանիշը սոսկ պաշտօնապէս մատուցուած վարկածն է: Իրականում այդ թիւն առաւել քան ուռճացուած է: Ի հաշիւ քուէատուփերի կամայական լցոնումների եւ նոյնպէս աւանդական դաձած «կարուսելների», երբ միեւնոյն անձը նոյն կամ տարբեր ընտրական տեղամասերում քանիցս քուէարկելու հնարաւորութիւն է ստանում: Ապա եւ` «մեռեալ հոգիների», բառիս բուն իմաստով հանգուցեալ, բայց իշխանութիւնների կախարդական փայտիկի զօրութեամբ այդ օրը մէկէն «վերակենդանացած» համաքաղաքացիների հաշուին:
Ինչպէս նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում ժամանակաւորապէս ապաստանած, բայց ընտրութիւններին իբր թէ իրենց «քաղաքացիական պարտքն անպայման կատարելու հայրենասիրական մղումով» Ազրպէյճան վերադարձած ազրպէյճանցիների հաշուին: Այնպէս որ, ամենայն հաւանականութեամբ կարելի է պատկերացնել, որ մասնակցութեան իրական ցուցանիշը պաշտօնապէս ներկայացուած տոկոսային շեմից շատ աւելի ցածր է:
Բացի այդ` ազրպէյճանական հանրութեան համար ի սկզբանէ էլ պարզ ու հասկանալի էր արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման դրդապատճառը, ընդ որում` այն պարագայում, երբ նախորդ` 5-րդ գումարման խորհրդարանը` Միլլի մեճլիսը, ձեւաւորուել էր 2015-ի նոյեմբերի 1-ի ընտրութիւնների արդիւնքում, եւ մինչ հերթական ընտրութիւնները հազիւ տասն ամիս էր մնացել, ուստի, համաձայն օրէնսդրական կարգի սահմանման, պէտք է անցկացուէին այս տարուայ նոյեմբերի առաջին կիրակի օրը:
Վարչախմբի եւ անձամբ Իլհամ Ալիեւի պնդմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման պահանջուածութիւնը պայմանաւորուած է կառավարման համակարգի արմատական բարեփոխման, իշխանութեան բոլոր ճիւղերի ու մակարդակների մարմիններում մարդուժի թարմացման ու երիտասարդացման անհրաժեշտութեամբ, ինչն արդէն, անցեալ տարուայ աշնանից սկսած, իրականացւում է գործադիրի վարչական կառոյցներում:
Միակ չհերկուած իշխանական տիրոյթը, որին չի դիպել նախագահի նախաձեռնած բարեփոխումների գութանի խոփը, ասում են նրանք, իշխանութեան երկրորդ` օրէնսդիր ճիւղն է: «Ներկայիս Միլլի մեճլիսն իր կազմով վաղուց ի վեր հնամաշ է եւ, որպէս այդպիսին, գործունեայ չէ եւ իր պահպանողական պահուածքով խոչընդոտում է նախագահ Իլհամ Ալիեւի հռչակած բարեփոխումների քաղաքականութեանը», դեռ անցեալ տարուայ աշնան վերջերին մէկմէկուց խօսք խլելով գոռում-գոչում էին Պաքուի իշխանամերձ լրատուամիջոցները:
Ինչ խօսք, քաջ իմանալով հանդերձ, դրանք բոլորն էլ անտեսում, այսպէս ասած` ականջի ետեւ էին գցում այն աներկբայ իրողութիւնը, որ թէ՛ ներկայիս եւ թէ՛ նախորդ բոլոր գումարումների ազրպէյճանական խորհրդարանը` 1995-ից ի վեր, երբ, ինչպէս արձանագրուած է նրա պաշտօնական կայքէջում, անկախ Ազրպէյճանի պատմութեան մէջ տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրութիւնները, մշտապէս եղել եւ մնում է իշխող վարչախմբի գրպանային պիտոյքի դերում` լուռ ու մունջ, հլու-հնազանդ կատարելով նրա բոլոր մեծ ու փոքր քմահաճոյքները: Ի դէպ, ի հաւաստումն իր այդ նուաստացուցիչ կացութեան, գործող Միլլի մեճլիսը դարձեալ անծպտուն ու միաձայն կողմ քուէարկեց իր ինքնալուծարման որոշմանը, որ երկրի նախագահի հրահանգով օրէնսդիր մարմին էր իջեցուել անցած տարեվերջին` իշխող Նոր Ազրպէյճան կուսակցութեան փոխանցմամբ:
Թէ՛ արդէն նախորդ դարձած խորհրդարանում, թէ՛, առհասարակ, ազրպէյճանական հանրութեան ամենատարբեր քաղաքական ու վերլուծական շրջանակներում, մանաւանդ, գործող իշխանութիւնների նկատմամբ այս կամ այն չափով ընդդիմադիր կեցուածք ընդունած ուժերում սկզբից եւեթ յստակ գիտակցում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների շուտափոյթ, հապճեպ անցկացման անհրաժեշտութիւնն ամենեւին էլ պայմանաւորուած չէ մեկնարկած բարեփոխումներով, ինչի մասին անընդհատ տարփողում էին վարչախումբն ու նրա լրատուական խօսափողերը: Խնդիրն իրականում այլ հարթութեան վրայ էր, այն է` քաղաքական ընդդիմութեանը շունչ քաշելու ժամանակ չընձեռել ու թոյլ չտալ նախապատրաստուելու ընտրութիւններին, համախմբուելու մէկ միասնական նախընտրական ծրագրի շուրջ, այդպիսով իսկ չէզոքացնել խորհրդարան մուտք գործելու նրա թէկուզեւ նուազագոյն հնարաւորութիւնը, վարչախմբի համար մի անցանկալի հանգամանք, որը չի բացառւում օրէնքով սահմանուած հերթական ընտրութիւնների պարագայում:
Այլ կերպ ասած` արտահերթ խորհրդարանը զուտ մարտավարական բնոյթի մի քայլ էր, որը որոշակի փորձութիւն էր անցել 2018թ. նախագահական ընտրութիւններում` եւ որը լիովին արդարացրել էր իրեն: Այն ժամանակ նախագահական ընտրութիւններն Ազրպէյճանում անցկացուել են ապրիլի 11-ին եւ, որպէս այդպիսիք, վաղաժամկէտ ու արտահերթ էին, քանզի գործող նախագահի լիազօրութիւնների աւարտին ընդամէնն ամիսներ էին մնացել, եւ հերթական ընտրութիւնները, համաձայն ընտրական օրէնքի, պէտք էր անցկացուէին նոյն տարուայ աշնանը, հաշուի առնելով, որ նախորդը` որպէս հերթական, տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին:
Արագացնելով գործընթացը` վարչախումբն այդ իսկ շնորհիւ միանգամայն բացարձակ նուազագոյնի հասցրեց գործող նախագահի բոլոր մրցակիցների, առանձնապէս ընդդիմադիր թեկնածուների հաւաքած ձայները եւ արդիւնքում ապահովեց Իլհամ Ալիեւի «համոզիչ» յաղթանակը:
Այլ կերպ ասած` ինչպէս որ 2018-ի ապրիլին էր, գործող իշխանութիւններն այս անգամ եւս ընտրութիւնների են գնացել` նախապէս հաստատ իմանալով դրանց արդիւնքները: Եւ պատահական չէ, որ «Նոր Ազրպէյճան»-ն ի սկզբանէ յայտարարել էր, թէ հրաժարւում է օգտուել լրատուամիջոցներում անվճար եւ վճարովի հիմունքներով նախընտրական քարոզարշաւ ծաւալելու օրէնքով սահմանուած իր իրաւունքից: Ասել է թէ` ինչի՞ս է պէտք այն, եթէ էն գլխից ամէն ինչ պարզ է ինձ համար:
Ըստ երեւոյթին, հաշուի առնելով այդ դասը, Ազրպէյճանի ոչ այնքան ստուար ընդդիմադիր ուժերի մի մասին համախմբող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հրաժարուեց մասնակցել ընտրութիւններին` իր այդ որոշումը պատճառաբանելով «արդարութեան եւ գործընթացի ազատութեան նկատմամբ վստահութեան բացակայութեամբ»: Որոշ ընդդիմադիր ուժեր, մասնաւորապէս Մուսաւաթ, Ռէալ եւ այլ կուսակցութիւններ, այնուամենայնիւ, խիզախեցին մասնակցել ընտրութիւններին, սակայն նախընտրական քարոզարշաւի ընթացքում գրեթէ ամէն օր բողոքում էին անհաւասար պայմանների, իրենց նկատմամբ համատարած կիրառուող խտրականութեան, ճնշումների, արգելքների եւ այլ անօրինական քայլերի դէմ: Այլ կերպ ասած` քաղաքական ընդդիմութեանը ոչ մի կերպ հնարաւորութիւն չի տրուել լիովին դրսեւորելու իրեն:
Միով բանիւ` ազրպէյճանական հանրութիւնը հերթական անգամ համոզուեց, որ իշխանութիւնն ինքն է իր համար ընտրութիւններ անցկացնում, ինքն է որոշում դրանց կանոնները, ինքն է հետեւում այդ կանոնների պահպանմանը, ինքն է այդ ընտրութիւնների գլխաւոր մասնակիցը եւ ինքն է յաղթում այդ ընտրութիւններում:
Արդիւնքում, ինչպէս որ սպասւում էր, Նոր Ազրպէյճան կուսակցութիւնը նորընտիր խորհրդարանում ստացել է մանտաթների գերակշիռ մեծամասնութիւնը` 71 տեղ 125-ից: Մնացածներն արտակուսակցական պատգամաւորներ են, որոնց թեկնածութիւնների ցուցակները նախապէս կազմուել էին վարչախմբի աշխատասենեակներում` այն հաստատուն հեռանկարով, որ նրանք գործելու են իշխանութեան թելադրանքին համահունչ: Յամենայն դէպս գործող իշխանութիւնների հասցէին երբեւէ թթու խօսք ասած ոեւէ թեկնածու, փաստօրէն, մուտք չի գործել օրէնսդիր մարմին: Միակ, այդպէս կոչուած, ընդդիմադիր գործիչը, ում դա թոյլ է տրուել, Հանրապետական այլընտրանք կուսակցութեան անդամ Էրքին Կատիրլին է: Բայց քանի որ այդ կուսակցութիւնը պաշտօնապէս գրանցուած չէ, ուստի նա նոյնպէս դասուելու է անկախ պատգամաւորների շարքին: Միեւնոյն ժամանակ նա ինքը չի էլ թաքցնում, որ իշխանութեան մարդն է` ասելով. «Ես իշխանութեան կողմից պահանջուած պատգամաւոր եմ»:
Ինչ վերաբերում է օրէնսդիր մարմինի կազմը թարմացնելու եւ երիտասարդացնելու անհրաժեշտութեանը, ինչն իշխանութիւններն ի սկզբանէ յատկապէս կարեւորում էին, ապա, ելնելով ընտրութիւնների նախնական արդիւնքներից, այսպէս կոչուած, այդ ռազմավարական խնդիրը, փաստօրէն, իրականացուել է ընդամէնը 30 տոկոսով, իսկ մնացած 70 տոկոսը կազմում են խորհրդարանի վերընտրուած հնաբնակները: Ընդ որում` նորընտիր պատգամաւորների մէջ փոքր թիւ չեն կազմում նրանք, որոնք սերտ ազգակցական կապերի մէջ են իշխանութեան տարբեր թեւերում բարձր պաշտօններ զբաղեցնող աստիճանաւորների հետ` հայր-որդի-խնամի եւ այլ փոխադարձ կապերով ու յարաբերութիւններով:
Որքան էլ ձանձրալի թուայ, այնուամենայնիւ, զաւեշտալի նմուշների տեսքով թուարկեմ ընդամէնը մի քանիսը: Այսպէս, Նոր Ազրպէյճան կուսակցութեան անդամ, նորընտիր պատգամաւոր Ճաւանշիր Փաշազատէն Ազրպէյճանի հոգեւոր առաջնորդ, կամ ինչպէս ինքն է սիրում իրեն յորջորջել` Կովկասի մուսուլմանների խորհրդի նախագահ Շէյխ Ուլ Իսլամ Ալլահշուքիւր Փաշազատէի հարազատ եղբայրն է, իսկ Ալիապպաս Սալահզատէն` նախկին պատգամաւոր Կապիլ Սալահզատէի` որդին, վերջինս էլ իր հերթին` վերոնշեալ հոգեւոր առաջնորդի խնամին: Իսա Հապիպպէյլին Նախիջեւանի պետական մաքսային կոմիտէի նախագահի հայրն է:
Նոր Ազրպէյճան կուսակցութեան քարտուղար, պատգամաւոր Սիյաւուշ Նովրուզովն Ազրպէյճանի մարդու իրաւունքների պաշտպան Սապինա Ալիեւայի ամուսինն է: Իսկ ահա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որպէս ամենատարեց պատգամաւոր, նախագահելու է Ֆաթթահ Հայտարովը` Ազրպէյճանի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանութեան նախարար, զօրավար-գնդապետ Քամալէտտին Հայտարովի հայրը: Եւ այդպէս` ազգականների մի ամբողջ շարան:
Արդեօք այդ ամէնին ականատե՞ս էին միջազգային դիտորդները, որոնց ընդհանուր թիւը գրեթէ ինը հարիւրի էր հասնում: Պարզւում է, որ` այո եւ նրանցից շատերն են, ի պատիւ իրենց, ողջամիտ ու արդարադատ գնահատել բազմաթիւ կոպիտ ու համատարած խախտումներով յագեցած այդ ընտրական գործընթացը: Մասնաւորապէս, այդպէս է վարուել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների պիւրոյի, Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միացեալ դիտորդական առաքելութիւնը` արձանագրելով, որ փետրուարի 9-ին Ազրպէյճանում կայացած խորհրդարանական ընտրութիւնները չեն համապատասխանել ժողովրդավարութեան եւրոպական չափանիշներին, եւ որ այդ ընտրութիւնները չի կարելի համարել բնակչութեան ազատ կամարտայայտութիւն:
Եռեակ դիտորդական առաքելութեան այդ եզրայանգումն առաջիններից մէկը ողջունել է Միացեալ Նահանգները` Ազրպէյճանում իր դեսպանութեան միջոցով յայտարարելով, որ ընտրութիւններն անցել են սահմանափակող օրէնսդրական եւ քաղաքական միջավայրում, ինչը խոչընդոտել է իսկական մրցակցութեանը: Նոյն կերպ խոր հիասթափութիւն է արտայայտել Մեծն Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութիւնը` նշելով, որ Միացեալ Թագաւորութիւնն անհանգստացած է ԵԱՀԿ հաղորդագրութեամբ այն մասին, որ ընտրական միջավայրը չափազանց սահմանափակ էր եւ չի նախատեսել որեւէ նկատելի մրցակցութիւն, եւ որ` ընտրութիւնների օրը քուէների հաշուարկման ընթացքում դիտարկուած ընթացակարգային խախտումները կասկածի տակ են դնում վերջնական արդիւնքները:
Մինչդեռ ահա տրամագծօրէն հակառակ տեսակէտն է արտայայտել Ռուսաստանի արտգործնախարարութիւնը` յայտարարելով, թէ ԱՊՀ եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան դիտորդների գնահատմամբ, ընտրութիւններն անցել են ազգային օրէնսդրութեանը համապատասխան, եւ որ` քաղաքացիների ընտրական իրաւունքների կոպիտ խախտումների փաստեր չեն արձանագրուել: Ընդ որում` այդ յայտարարութեանն անմիջապէս յաջորդել է նախագահ Փութինի շնորհաւորանքն ազրպէյճանցի իր գործընկերոջը: Երեւի թէ այստեղ են մեր հներն ասել, թէ նմանը զնմանը կը սիրէ:
Իսկ այժմ` մէկ ուշագրաւ իրողութիւն, որ, ի տարբերութիւն Ազրպէյճանի նախորդ գումարումների օրէնսդիր մարմինների, առանձնայատուկ է ինչպէս 6-րդ գումարման խորհրդարանի ձեւաւորման ողջ ընթացքի, նոյնպէս եւ նրա նորընտիր պատգամաւորական կազմի համար: Բանն այն է, որ Ազրպէյճանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՀ) խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին հանդէս էր եկել, ըստ էութեան, զաւեշտալի յայտարարութեամբ` առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հայութեանը, ինչպէս նաեւ Ազրպէյճանից հեռացած, իրականում` բռնատեղահանուած հայազգի բնակիչներին մասնակցել Ազրպէյճանի, օրէնսդիր մարմինի ընտրութիւններին: Երեւոյթի երկրորդ զաւեշտալի դրուագն այն է, որ, համաձայն ընտրութիւնների նախնական արդիւնքների, Միլլի մեճլիսի պատգամաւորներ են ընտրուել նաեւ իբր թէ Արցախի Հանրապետութեան ներկայիս տարածքում կազմաւորուած «ազրպէյճանական ընտրատարածքներից»:
Ըստ երեւոյթին, վերջնականապէս համոզուած լինելով, որ անիմաստ ու անհեռանկար են Արցախն Ազրպէյճանի իրաւաենթակայութեան տակ բերելու մինչ այդ իր կիրառած միջոցները` ուժային, թէ բանակցային, Պաքուն այս անգամ որոշել է փորձարկել իր խեղաթիւրուած պատկերացմամբ խորհրդարանական դիւանագիտութեան լծակները` անկախ նրանից, թէ ինչ աստիճան ողորմելի ու համաժամանակ ծիծաղելի են այդ ջանքերը: Բնականաբար, պաշտօնական Ստեփանակերտը եւ Երեւանը սաստիչ պատասխան են տուել նաեւ այդ նկրտումներին:
Այսպէս, Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանեանը, մեկնաբանելով Ազրպէյճանի ԿԸՀ նախագահի յայտարարութիւնը, մասնաւորապէս ասել է. «Ոչ կառավարական կազմակերպութիւններ ներկայացնող Արցախի Հանրապետութեան քաղաքացիները Ազրպէյճանում կայանալիք ընտրութիւններին կարող են մասնակցել միայն որպէս միջազգային դիտորդներ, այն էլ` սեփական անվտանգութեան որոշակի երաշխիքների ապահովման պարագայում: Արցախի Հանրապետութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել եւ ազրպէյճանցի գործընկերների հետ կիսուել արդար ու թափանցիկ ընտրութիւնների անցկացման իրենց փորձով:
Միայն այս ձեւաչափով են կարող Արցախի Հանրապետութեան քաղաքացիները մասնակցել Ազրպէյճանում կայանալիք ընտրութիւններին»: Իսկ ահա Հայաստանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Աննա Նաղդալեանը, անդրադառնալով Ազրպէյճանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, մասնաւորապէս ասել է. «Ազրպէյճանի այն սին եւ կեղծ պնդումները, որ այս ընտրութիւններում ձեւաւորւում են Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչներ, լաւագոյնս արտացոլում են Ազրպէյճանի ժողովրդավարութեան խեղաթիւրուած ընկալումները: Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ազրպէյճանի ընտրութիւններին ո՜չ հիմա եւ ո՛չ էլ Ազրպէյճանի Հանրապետութեան ողջ պատմութեան ընթացքում»:
Ի լրումն ասուածի` կը ցանկանայի որպէս նախկին պաքուեցի անձամբ յայտարարել. խոստանում եմ Արցախի եթէ ոչ յառաջիկայ, ապա անպայման յաջորդ համապետական ընտրութիւններում իմ` Արցախի Հանրապետութեան քաղաքացու, ընտրելու եւ ընտրուելու իրաւունքն իրացնել Արցախի Հանրապետութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից կազմաւորուած Պաքուի ընտրատարածքի ընտրական տեղամասերից մէկում: Միայն այսպէս:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար