ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Իդլիբից Արցախ. Քանի դեռ Մոսկվան հավատարիմ է հակահայկական պայմանագրին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Իդլիբից Արցախ. Քանի դեռ Մոսկվան հավատարիմ է հակահայկական պայմանագրին

25.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Բաքվում որոշ փորձագիտական շրջանակներ գրում են, թե Պուտինն Իդլիբում թուրքական հարվածներին կարող է պատասխանել Արցախի ուղղությամբ՝ հայկական ուժերի միջոցով: Հայաստանյան որոշ փորձագետներ էլ հակառակ կարծիք են տարածում, թե Էրդողանը Իդլիբում ռուսական հարվածներին կարող է պատասխանել Արցախի ուղղությամբ՝ Բաքվի միջոցով:

Փետրվարի 25-ին Էրդողանը մեկնում է Բաքու: Մարտի 5-ին էլ Թուրքիայում նախատեսված է Էրդողան-Պուտին քննարկում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Մերկելի մասնակցությամբ: Էրդողանի այցից առաջ ադրբեջանական զինուժը նախօրեին կրակել էր Կոթիի հայկական դիրքերի ուղղությամբ ու լռել էր կոշտ պատասխանից հետո, տալով մեկ զոհ: Ընդ որում, Հայաստանի ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ դա հայկական ուժերի ընդամենը զուսպ պատասխանն էր:

Երեւանում եւ Բաքվում որոշ փորձագիտական դիտարկումները՝ թե Մոսկվան կամ Անկարան միմյանց կհարվածեն արցախյան ուղղությամբ, առերեւույթ ունեն որոշակի ռացիոնալություն, սակայն խորքային առումով ընդամենը տասնամյակների կարծրատիպերի ու բարդույթների դրսեւորում են, որոնք մերժում են ինքնիշխան քաղաքականության գիտակցումը:

Այդ իմաստով, հատկանշական է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի արձանագրումը՝ Հայաստանն ու Արցախը պատասխանատու են թե իրենց անվտանգության ապահովման, թե նաեւ ռեգիոնալ անվտանգության առանցքային դերի համար: Դա նշանակում է լինել խաղացող, ոչ թե օբյեկտ:

Այդ իմաստով, լինել խաղացող՝ նշանակում է հարկ եղած դեպքում տալ կոշտ պատասխանը՝ օտար որեւէ խաղի, ինչպիսին էր Ալիեւի փորձը եւ դրան տրված Հայաստանի պատասխանը Տավուշի ուղղությամբ: Միեւնույն ժամանակ լինել խաղացող՝ նշանակում է խաղալ բոլորի հետ, այսինքն լինել ոչ միայն Մոսկվայի հետ անվտանգային ռազմավարական գործակցության, այլ նաեւ Թուրքիայի հետ երկխոսության պատրաստ, իհարկե հայկական օրակարգով:

Վերջին հաշվով, այստեղ կա եւս մի կարծրատիպ, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է բացարձակ անտեսման քաղաքականություն: Դա գուցե առերեւույթ այդպես է, մյուս կողմից սակայն Թուրքիան ունի Հայաստանի անհրաժեշտությունը, մի շարք առումներով, ու այդ հանգամանքը Երեւանի համար հնարավորություն է իր ռեգիոնալ խաղի առանցքային մասնակցի կարգավիճակում:

Բազմակողմ եւ ինքնուրույն խաղն է, որ Հայաստանին թույլ կտա առավելագույնս երաշխավորված լինել ռուս-թուրքական առճակատման գործիք, միաժամանակ նաեւ ռուս-թուրքական հաշտեցման մանրադրամ դառնալուց: Առավել եւս, քանի դեռ Մոսկվան սրբորեն պահում է հավատարմությունը Թուրքիայի հետ 1921 թ. Մոսկվայի հակահայկական պայմանագրին:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»
ARARAD – armenagan-Zvartnots-Cathedral-Ruins-Armavir-Province-Armenia

www.lragir.am/2020/02/25/521050/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail