ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ՀՅԴ-ն բացում է հայկական թղթապանակը. 100 տարի անց – ՀՅԴ-ն բացում է հայկական թղթապանակը. 100 տարի անց
25.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հանդիպումը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՅԴ սփյուռքյան գործունեությանն առնչվող հարցեր:
ՀՅԴ Երեւանում ու Արցախում անցկացնում է խորհրդաժողով, ինչի առիթով հավաքվել են կուսակցության աշխարհասփյուռ կառույցների ներկայացուցիչները:
Նախօրեին Դաշնակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը հայտարարել էր, որ կուսակցությունը արտաքին հարցերում կառավարության հետ տարաձայնություն չունի եւ ինչպես պաշտպանությունում, այդպես էլ արտաքին ոլորտում ներքին տարակարծությունները քաշվում են մի կողմ:
Հայաստանում քաղաքական ընդդիմությունը ՀՅԴ համար դերի եւ իմաստի էական նվազեցում է, արժեզրկում, կամա թե ակամա: Խոսքն այն մասին չէ, որ ՀՅԴ-ն չպետք է կամ չի կարող ներքին կյանքում լինել ընդդիմություն: Պարզապես դա չի կարող լինել ՀՅԴ քաղաքական իմաստի եւ արժեքի նշանակալից մասը կամ առավել եւս առանցքը:
Կա՞ արդյոք այդ առումով ՀՅԴ ներքին վերագնահատում, թե ինչ օրակարգային, գաղափարա-արժեքային գերակայությամբ պետք է կուսակցությունը ներկայանա հայ ժողովրդին ընդհանրապես: Համենայն դեպս անցնող օրերի ազդակները բավական հետաքրքիր են, այդ թվում արտգործնախարարի հետ հանդիպումը եւ հանդիպման ընթացքում Սեւրի դաշնագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի 100-րդ տարեդարձի թեմայի շոշափումը:
Տարեդարձը 2020 թվականին է: 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտից հետո ձեւավորվող աշխարհակարգում հայկական շահերը գրվեցին թղթին, սակայն հետո՝ սառույցի վրա: Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհակարգային վերափոխմանը այդ շահերն արդեն թղթի վրա անգամ չունեցան արտացոլում: Ներկայում ընթանում է փաստացի Երրորդ համաշխարհային պատերազմ եւ նոր աշխարհակարգի փնտրտուք, որտեղ հայկական շահերը ոչ միայն թղթի վրա են, այլ նաեւ իրական գետնի վրա՝ այն ռեգիոնալ ստատուս-քվոն, որ ձեւավորվել է արցախյան հաղթանակով, այդ թվում ՀՅԴ նվիրյալներից շատերի կյանքի գնով: Դա հնարավորություն է տվել Հայաստանին հիշել թղթերն ու բարձրաձայնել դրանց մասին, որոնք արտահայտել են հայկական շահն ու անվտանգությունը առավել լայն շրջանակով:
Նոր աշխարհակարգում հայկական թղթապանակն այլեւս պետք է լինի հայկական պետականության ձեռքի տակ, եւ այդ առումով ՀՅԴ հանձնախմբերի պատվիրակության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը նշանային իրադարձություն է: Հայաստանի պետք է շարունակի տեղադրել այդ նշանները համաշխարհային երթեւեկության ճանապարհին ու դա է նաեւ ՀՅԴ քաղաքական մեծ դերի եւ իմաստի շրջանակը:
www.lragir.am/2020/02/25/521280/