Բ. Սահակեան. «Առանց Հայ Դատի Գործուն Մասնակցութեան` Անհնարին Է Պատկերացնել Միջազգային Հարթակներում Արցախի Շահերի Պաշտպանութիւնը»
26 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔ:
Ստեփանակերտի մէջ 25 փետրուարին տեղի ունեցած ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողովին Արցախի նախագահ Բակօ Սահակեանին արտասանած խօսքը:
Ուրախ եմ բոլորիդ կրկին տեսնելով Արցախում: Ձեզնից իւրաքանչիւրն ունի առանձնայատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ եւ տարիներ շարունակ անում է հնարաւորը` նրա զարգացման եւ զօրացման համար: Մենք դա քաջ գիտակցում եւ բարձր ենք գնահատում:
Ուզում եմ ջերմօրէն ողջունել ձեզ եւ նշել, որ Արցախում դուք վայելում էք խորը յարգանք ու վստահութիւն: Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի անցկացումն Արցախում դարձել է բարի աւանդոյթ, եւ այսօրուայ միջոցառումը դրա վառ ապացոյցն է: Հայ դատն այն համահայկական կառոյցներից է, որը տասնամեակներ շարունակ յամառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղութեամբ` յատուկ ուշադրութեան կենտրոնում պահելով Արցախը:
Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանութիւնը, տարբեր երկրներում եւ ատեաններում մեր մասին ճշմարտացի տեղեկութիւնների տարածումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած քայլերի իրականացումը, բազմաթիւ պետութիւնների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետութիւնում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցութեան, նրա մեծածաւալ եւ անձնուէր աշխատանքի:
Այս ուղղութիւններում ձեռքբերումներն ու առաջընթացն ակնյայտ է: Կան նաեւ շատ անելիքներ: Ինչպէս գիտէք, մեր հակառակորդները չեն հրաժարւում իրենց նենգ նպատակներից եւ ակնյայտօրէն վարում են ակրեսիւ, հայատեաց քաղաքականութիւն: Այս ամէնը պահանջում է շարունակել ձեռնարկել համակարգուած, նպատակաուղղուած ու համարձակ քայլեր մեր շահերը պաշտպանելու համար` ամուր պահելով Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը:
Վստահ եմ, որ դուք այսուհետ եւս կ՛անէք հնարաւորն այս ուղղութեամբ: Վստահ եմ, որովհետեւ շատերիդ անձամբ ճանաչում եմ, տեսել եմ այն հայրենասիրութիւնը, արհեստավարժութիւնը, եռանդն ու լաւատեսութիւնը, որն առկայ է ձեզ մօտ:
Յարգելի՛ ներկաներ,
Խորհրդաժողովի օրակարգում ընդգրկուած են տարբեր հարցեր: Համոզուած եմ, որ դրանք համապարփակ կերպով եւ համակողմանիօրէն կը քննարկուեն ու կեանքի կը կոչուեն:
Օգտուելով առիթից` ուզում եմ տեղեկացնել, որ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած աքթիւ գործունէութեան, Արցախ-սփիւռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար Հայ յեղափոխական դաշնակցութեան Հայ դատի Կենտրոնական խորհուրդը պարգեւատրուել է «Երախտագիտութիւն» մետալով, որը ես կը ցանկանայի յանձնել այս հանդիսաւոր պայմաններում: Կրկին շնորհաւորում եմ բոլորիդ, մաղթում աքթիւ ու արդիւնաւէտ աշխատանք եւ ամենայն բարիք:
www.aztagdaily.com/archives/466090