«Ապառաժ»-ի Խմբագրական. «Ես»-ի Ու «Մենք»-ի Պայքար – «Ես»-ի Ու «Մենք»-ի Պայքար
26 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔ:
Մօտենում ենք Արցախի համապետական ընտրութիւնների` օրէնքով սահմանուած քարոզարշաւի մեկնարկին: Թէեւ արդէն շուրջ մէկուկէս տարի է` զանազան կուսակցութիւններ եւ անհատներ սկսել են քարոզչութիւնը` այն անուանելով կուսակցաշինութիւն, նոր կուսակցութիւնների հիմնում, հանդիպում Արցախի տարբեր շրջանակների հետ, սրանք բոլորն անպաշտօն քարոզչութիւն են: Միւս կողմից` ակներեւ է նիւթական միջոցների մեծ չափերով կասկածելի շրջանառութիւնը, որն արտայայտւում է կուսակցական շքեղ շտաբների առկայութեամբ:
Այս ու այն կողմ չեն պակասում նաեւ խոստումները: Խոստումների մի ստուար հատուած միտուած են ընտրուելու դէպքում պաշտօնների բաշխմանն ու աշխատանքով ապահովելուն: Նկատելի է նաեւ պետական տարբեր օղակների պաշտօնեաների արտօնութիւնների եւ լիազօրութիւնների չարամտօրէն շռայլումը` համակիրներ ձեռք բերելու եւ քուէ ապահովելու նպատակով:
Այս իրողութիւններին առնչւում ենք իւրաքանչիւրս, եւ դա վկայում է այն բանի մասին, որ հասարակութիւնը հաշտուել է այն բանի հետ, որ ընտրութիւնները տեղի են ունենալու ոչ թէ գաղափարների շուրջ համախմբուելու սկզբունքով, այլ` առարկայական եւ նիւթական պահանջներ բաւարարելու անհատական ակնկալիքներով:
Այստեղ այլեւս ճշտի ու սխալի, արդարի ու անարդարի, արժանիի ու անարժանի, իրաւացիի ու անիրաւի, զարգացման եւ հետընթացի պայքարը չէ, որ խնդրոյ առարկայ է դառնում, այստեղ «ես»-ը յաղթում է «մենք»-ին:
Այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին հանրութեանն առաջնորդելու յաւակնութիւններ ունեցող մարմիններն են ու կառոյցները, այդ թւում` հասարակութեան մէջ իրենց կարեւոր դերն ու անելիքն ունեն քաղաքական կուսակցութիւնները: Կուսակցութիւնները, բացի սրա ու նրա շահը պաշտպանելուց, ունեն նաեւ գաղափարական ռահուիրայի առաքելութիւն: Իսկ կուսակցութիւնների գաղափարական այդ լիցքը հէնց այն բաղադրիչն է, որը քաղաքականութեանը հաղորդում է բարոյական տարր:
Ժամանակին ՀՅ Դաշնակցութեան կողմից առաջարկուող միասնական օրակարգը միտում ունէր քաղաքական դաշտում ծաւալուող երկխօսութիւնը բերելու գաղափարական հարթութիւն: Միասնական օրակարգ ձեւաւորելու Դաշնակցութեան ջանքերն իրենց դրական արդիւնքը տուեցին մինչեւ այն պահը, որ դարձեալ յաղթեց եսակենդրոնութիւնը:
Արցախի դէմյանդիման ծառացած մարտահրաւէրները սպասուածից շատ աւելի լրջութիւն ու խոհեմութիւն են պահանջում: Վստահ ենք, որ 2020 թուականի ընտրութիւնների աւարտից եւ Արցախի նոր իշխանութիւնների ձեւաւորման փուլն ամբողջանալուց յետոյ առիթ ենք ունենալու դարձեալ օրակարգային հարց դարձնել մեր երկրի զարգացման իրական ծրագրերի եւ դրանց իրականացման հեռանկարների շուրջ համախմբմանը:
Հասարակութեան մէջ տիրող եսակենտրոն մթնոլորտն անհրաժեշտաբար ունենալու է իր աւարտը: «Մենքի» շուրջ համախմբումը զարգացման այն ուղենիշն է, որը ժամանակի անհրաժեշտութիւն է դառնալու:
6 փետրուարի 2020թ
www.aztagdaily.com/archives/466027