Ձիաբուծութեան Ղարաբաղեան Աւանդոյթների Վերականգնման Յոյսով

Ձիաբուծութեան Ղարաբաղեան Աւանդոյթների Վերականգնման Յոյսով

27 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ:

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

ՂԱՐԱԲԱՂԵԱՆ «ՈՍԿԵԹՈՅՐ» ՆԺՈՅԳԸ

Ղարաբաղեան նժոյգը դեռ վաղնջական ժամանակներից մեծ ճանաչում է գտել աշխարհով մէկ: Ձին թէ՛ կռուի դաշտում եւ թէ տնտեսական ոլորտում յաջողութեան գրաւական էր: Այդ էր պատճառը, որ մեր պապերը դարեր ի վեր ստեղծել, կատարելագործել ու սերնդէ սերունդ փոխանցել են տարածաշրջանում յայտնի, դիմացկուն ու արագավազ, ամուր ու թեթեւ կազմուածքով ձիու տեսակը, որը Ղարաբաղեան «Ոսկեթոյր» նժոյգի անուան տակ յետագայում մեծ համբաւ ձեռք բերեց աշխարհում: Ղարաբաղեան նժոյգը ստեղծուել է դարերի ընթացքում (սկսած 12-13րդ դարերի կէսերից), Ղարաբաղի մելիքների կողմից տեղական ձիու երկարատեւ ու նպատակասլաց սելեկցիայի (ընտրասերումի-Խմբ.) միջոցով, նրա լաւագոյն տեսականիների տրամախաչումով մե՛րթ արաբական, մե՛րթ ախալթեքինեան կամ իրանական հանրայայտ ցեղերի հովատակներով:

Պատմաբան Լէօն իր երկերի ժողովածուի երրորդ հատորում նշում է, որ Ղարաբաղի մելիքներն ունեցել են երամակային պահուածքի ձիաբուծական խոշոր ֆերմաներ (ագարակ-Խմբ.), որի մասին է վկայում այն փաստը, որ Մելիք Շահնազարի մահից յետոյ նրա որդի Մելիք Ջումշուդին, որպէս ժառանգութիւն, մի շարք նիւթական միջոցների հետ փոխանցուել են նաեւ 20 ընտիր արու ձի, մեծ գլխաքանակի ջորիներ, 100 գլուխ ձի, 60 էշ, 60 եզ եւ այլ անասնագլխաքանակ:

Յայտնի է, որ Գէորգի երրորդ թագաւորի եւ Թամար թագուհու ժամանակներում (12-13րդ դարեր) Վրաստանի զօրքերի գլխաւոր հրամանատարները եղել են հայազգի զօրավարներ Օրբէլի Իւանէն, Մեծ իշխան Սարգիսն ու նրա աւագ որդի Զաքարէն: Վերջինս հիացած էր Խաչէնի իշխանաւորների ղարաբաղեան նժոյգներով:

Մարիետա Շահինեանը 1997թ. «Սովետական Ղարաբաղ»ում «Ոսկեթոյրը» վերնագրով ակնարկում գրում է, որ ձիու երկարատեւ մշակոյթի ճանապարհով Լեռնային Ղարաբաղին յաջողուեց ստեղծել մի հիանալի խառնածին, որն ունէր Բաղդադի լաւագոյն ախոռից դուրս բերուած սպիտակ արաբական արտադրողի արիւն: «Այդ խառնածնի մասին համբաւը տարածուել էր Անդրկովկասի սահմաններից հեռու: «Ղարաբաղ» բառը Ռուսաստանում յարուցում էր ամենեւին էլ ոչ աշխարհագրական պատկերացում, այլ արտասովոր գեղեցկութեան ու ազնուացեղ արշաւաձիու կերպար:

Ղարաբաղեան խառնածինները չես շփոթի ոչ մի ուրիշի հետ՝ շնորհիւ իր իւրայատկութեան, անխառն ոսկեփայլի: Կարմրադեղնաւուն երիվարները, անգլիականն ու ռուսականը այն առանձնայատկութիւնն ունեն, որ նրանց դարչնագոյնն ընկած է սեւ հիմքերի վրայ. մաշկը սեւ է, իսկ վրայի բուրդը՝ բաց գոյնի: Դրա համար նրանց գոյնն ունի մակերեսային, արտաքին երանգաւորում եւ, հէնց որ նման ձիու վրայ ջուր լցնես, այն անմիջապէս կը մգանայ: Ընդհանրապէս, նա շուտ է մգանում քրտինքից, փոշուց, յոգնածութիւնից:

Բոլորովին այլ է ղարաբաղեան «Ոսկեփայլը»: Եթէ նրան լողացնենք, նա կը ցոլայ՝ ինչպէս ջուրը ձգած ոսկէ օղը: Ոսկեփայլ է արձակում ոչ թէ բուրդը, այլ մաշկի գոյնը, եւ դրա համար այն թւում է ոչ մակերեսային, այլ ներքուստ փայլով ներկուած: Այն պսպղում է ոսկու պէս, լցւում է նրանով ու շնորհիւ մաշկի ապշեցուցիչ նրբութեան, որը ձեռնոցների պէս պրկաձգում է նրա մկանները, ղարաբաղեան ձին ոսկի է ցօղում, վազում է ոսկու մէջ, ինչպէս թեփուկների մէջ», վկայում է Մարիետա Շահինեանը:

Ղարաբաղեան նժոյգի գենետիկ պոտենցիալը (ծագումնաբանային կարողութիւնը-Խմբ.) վերականգնելու հարցով շատերն են զբաղուել, բայց պատերազմական գործողութիւնների հետեւանքով միշտ էլ սկսուած գործը կիսատ է մնացել:

Անասնաբուժական գիտութիւնների թեկնածու, ԼՂՀ գիւղատնտեսութեան բնագաւառում երկար տարիներ բարձր պաշտօններ վարած Էդուարդ Գասպարեանը 2011թ. հրատարակած «Ձիաբուծութիւնը Արցախ-Ղարաբաղում Երէկ Եւ Այսօր» աշխատութեան մէջ նշում է, որ «Ոսկեթոյր»ն Արցախի պատմական յուշարձաններին համահաւասար արժէք է, բնութեան կողմից մեր ժողովրդին պարգեւ տրուած սքանչելի ստեղծուածք-խորհրդանիշ:

«20րդ դարի 50ական թուականներից մեր հարեւանները նախկին Աղդամի շրջանում, ոչ իր իսկական հայրենիք Լեռնային Ղարաբաղում, 1949թ. ստեղծել էին ձիաբուծական գործարան՝ նպատակ ունենալով վերականգնել Ղարաբաղեան նժոյգի գենոֆոնդը (ծինային տեսակը-Խմբ.), օգտուել նրա համբաւից եւ, որ ամենակարեւորն է, այն դարձնել իրենցը: Բայց չեմ կասկածում, որ այս անգամ եւս արցախցին ամօթով չի մնայ, ոչինչ չի խնայի վերականգնելու համար խորհրդանիշ հանդիսացող ղարաբաղեան նժոյգի գենոֆոնդը իր իսկ հայրենիքում:

Ղարաբաղեան նժոյգի գենոֆոնդը չի անհետացել՝ ինչպէս կարծում են շատերը: Այն գտնւում է մեր շրջապատում, նրան հաւաքել ու նորից կենդանութիւն տալ է պէտք: Գեները մարդու, թէ կենդանիների մօտ արագ չեն անհետանում. նրանք մնում են հարիւրաւոր տարիներ եւ փոխւում են միայն 50 սերնդափոխութեան ընթացքում: Ուստի, Ղարաբաղեան նժոյգի տեղական սելեկցիայի անհրաժեշտ առանձին օրինակներ միշտ էլ կարելի է որոնել ու գտնել ինչպէս Արցախում, այնպէս էլ հարեւան երկրներում», գրել է Է. Գասպարեանը:

ՆՈՐԱԲԱՑ ՁԻԱՍՊՈՐՏԻ ԱԿՈՒՄԲԸ

 

0225horses1Արցախի Հունոտի կիրճ կոչուող տեսարժան վայր տանող ճանապարհին, Ասկերանի շրջանի Մխիթարաշէն գիւղում գործում է ձիասպորտի ակումբը:

Ձիասպորտի ակումբի տնօրէն Բագրատ Միքայէլեանի խօսքով՝ տարածքի ընտրութեան ժամանակ ձիասպորտի յարմարութիւններից զատ հաշուի են առել նաեւ տեղանքի զբօսաշրջային գրաւչութիւնը:

Արցախում սպորտաձեւի այս տեսակի արմատաւորման նպատակով, նաեւ որպէս ժամանցի վայր բացուած ձիասպորտի ակումբը կարճ ժամանակում մեծ հետաքրքրութիւն է առաջացրել: «Ձիասպորտի պարապմունքներին մշտական մասնակցողներ կան: Պարապմունքներն անց է կացնում ՀՀում վերապատրաստուած մասնագէտը, շաբաթական երկու անգամ: Բայց զուտ տեսնելու, մէկ անգամ ձի հեծնելու համար եկողներն աւելի շատ են», նշել է Բագրատ Միքայէլեանը:

Ձիերը հիմնականում տեղական՝ Ղարաբաղեան են, որոնք բերուել են Արցախի գիւղերից: Պահւում են նաեւ անգլիական, արաբական ցեղատեսակին պատկանող ձիեր:

Ակումբի հիմնադիրները նախագիծը բիզնես տեսանկիւնից չեն դիտարկում, քանի որ ձիու սննդի, պահելու յատուկ պայմանները մեծ ծախսեր են պահանջում: «Առաջիկայ տարիներին որպէս բիզնես նախագիծ չենք կարող ընդունել: Եթէ կարողանանք հասնել նրան, որ եկամուտներով փակուեն ծախսերը, կը համարենք, որ արդէն յաջողել ենք», կարծում է Բագրատը:

Ամբողջ աշխարհում Ղարաբաղեան նժոյգը յայտնի է իր դիմացկունութեամբ: Ճիշդ է, չափերով մեծ չէ, բայց լեռնային շրջաններում շատ պահանջուած են այդ ցեղատեսակին պատկանող ձիերը», նշում է Բագրատը՝ ափսոսանքով փաստելով, որ Արցախում զտարիւն Ղարաբաղեան ձի չկայ, սակայն մտածում են այդ ցեղատեսակը վերականգնելու հնարաւորութեան մասին:

«ԱՊԱՌԱԺ»

Լուսանկարները՝ ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆԵԱՆի

Facebooktwitterredditpinterestlinkedinmail