ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆԻ ՀԵՏ

«Մեր Գործունէութիւնը Լոբիինգի Հողի Վրայ Շարունակուելու Է Նոյն Կերպ, Ով Էլ Լինի Իշխանութեան»

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆԻ ՀԵՏ

27 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:

Յարութ Շիրինեան – ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հանրային կապերու պատասխանատու

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Մեր զրուցակիցն է Բելգիայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հանրային կապերի պատասխանատուն Յարութ Շիրինեանը։

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Վերջին շրջանում երիտասարդ դաշնակցականների՝ կուսակցութիւնից հեռացնելը ինչպէ՞ս էք գնահատում: Այլակարծութեան նկատմամբ անհանդուրժողականութի՞ւն կայ:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Ես ներկայացնում եմ Բելգիայի Հայ Դատի գրասենեակը եւ չեմ ներկայացնում որեւէ կուսակցական կառոյց: Այսինքն՝ մեր գրասենեակը կարող ենք համարել նաեւ անկուսակցական գրասենեակ, մենք աշխատում ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար, ընդհանրապէս, ներքին կուսակցական հարցերով չենք զբաղւում: Բայց որպէս երիտասարդ ես կարծում եմ, որ ՀՅԴի մէջ, ընդհանրապէս հայ հասարակութեան մէջ երիտասարդութիւնն արդէն իր տեղը գտել է:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Կա՞յ գաղափարական բախում ՀՅԴի ներսում, որովհետեւ նշւում է, որ դրսի ու ներսի դաշնակցութեան մէջ կան տարբերութիւններ ու տարաձայնութիւններ:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Բնական է, որ սերունդների մէջ մտածելակերպի տարբերութիւն կայ, բայց կարծում եմ, որ բոլոր դաշնակցական ուժերը, լինեն երիտասարդ թէ աւելի աւագ տարիքի, բոլորի ուղղութիւնը մէկն է: Իսկ դրսի ու ներսի տարբերութեան մասին անկարելի է խօսել, որովհետեւ մենք, լինելով Բելգիայի Հայ Դատի գրասենեակի աշխատակազմ, ամէնօրեայ կապի մէջ ենք մեր Հայաստանի ընկերների հետ, միասին կատարում ենք մեր գործունէութիւնն ի նպաստ Հայ Դատի, ի նպաստ Հայաստանի եւ Արցախի:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Իբրեւ ընդդիմութի՞ւն է ՀՅԴն կարողանում լաւ աշխատել, թէ երբ կոալիցիայի (քաղաքական դաշինքի-Խմբ.) մաս էր: Այսօր Դաշնակցութիւնը գործող իշխանութիւններին դեղին քարտ է ցոյց տալիս, քննադատում է, հանրահաւաք է անում, հիմա էլ կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքուէն: Նախկինում, երբ ՀՅԴն կոալիցիայի մէջ էր ՀՀԿի հետ, այդ ժամանակ երկրում լրջագոյն խնդիրներ կային, բայց ՀՅԴն այսպիսի կեցուածք չէր դրսեւորում:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Նորից ասեմ, որ ես Դաշնակցութեան անունից չեմ կարող պատասխանել, ուղղակի կարող եմ ասել, որ մենք որպէս Հայ Դատի գրասենեակ, բոլոր իշխանութիւնների հետ աշխատել ենք նոյն ձեւով: Մենք չենք կարող զիջել մեր գագաթնային արժէքները, ով էլ լինի իշխանութեան, մենք պէտք է աշխատենք: Մենք ամէնօրեայ կապի մէջ ենք մեր դեսպանատան հետ, կապի մէջ ենք ԵՄում Արցախի ներկայացուցիչների հետ: Ինչպիսին էլ լինի Հայաստանի ներքին իրավիճակը, մենք աշխատելու ենք: Շատ նորմալ է, որ Հայաստանում ընդդիմութիւն կայ, այդպէս էլ պէտք է լինի, սակայն դա մեզ ընդհանրապէս չի վերաբերում: Մեր գործունէութիւնը դիւանագիտութեան հողի վրայ, լոբիինգի հողի վրայ շարունակուելու է նոյն կերպ, ով էլ լինի իշխանութեան:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Իսկ վերջին 1-2 տարուայ ընթացքում լոբիինգի առումով ի՞նչ արդիւնքներ են արձանագրուել:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Մեր օրակարգում Արցախի հարցը առաջին հորիզոնականում է: Այսինքն՝ մենք գործում ենք գրեթէ այնպէս, ինչպէս կը գործէր Արցախի դեսպանատունը Եւրոպայում, եթէ այդպիսին լինէր: Բոլոր մարդկային եւ այլ ռեսուրսները (միջոցները-Խմբ.) դրել ենք դրա համար: Օրինակ՝ Եւրախորհրդարանում ամէն ամիս, ամիսը երկու անգամ բանաձեւեր են լինում, որոնք կարող են վերաբերել Թուրքիային, Ադրբեջանին, տարածաշրջանին: Մենք այդ բանաձեւներին պէտք է շատ ուշադիր լինենք, որպէսզի հակահայ նախադասութիւններ, արտայայտութիւններ չլինեն: Մենք գիտենք, թէ այս հարցում որքան կարեւոր է թուրքական, ազերիական լոբիինգը, մենք գիտենք, թէ որքան մեծ ռեսուրսներ են նրանք ծախսում, նրանց լոբիինգն իսկապէս պետական մակարդակի վրայ է: Իրենց լոբիինգը պետական մակարդակի վրայ է, մերը աւելի մարդկային հողի վրայ է: Մեզ յաջողուել է բաւական մեծ թուով բանաձեւերի վրայ ազդեցութիւն ունենալ՝ աշխատելով Եւրախորհրդարանի մեր ընկեր անդամների հետ: Նրանք արդէն շատ են: Եւրախորհրդարանի վերջին ընտրութիւններից յետոյ բաւական թուով հայամէտ պատգամաւորներ չընտրուեցին: Մենք հիմա նոր ընթացքի մէջ ենք, որ նոր ընկերներ ձեռք բերենք, նրանց համոզենք Հայաստան եւ Արցախ այցելել: Անցեալ տարի Արցախում տեղի ունեցած ֆորումին մեզ յաջողուեց բերել բաւական մեծ թուով եւրոպացի գործիչների: Կային բելգիացիներ, ֆրանսիացիներ, յոյներ, գերմանացիներ, կիպրացիներ եւ այլն: Նրանք առաջին անգամ լինելով Արցախում, հանդիպեցին Արցախի իշխանութիւնների հետ, ծանօթացան Արցախի հակամարտութեան գաղտնիքներին, առաջին ձեռքից տեղեկութիւններ ստացան: Դա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ դրանից յետոյ մենք իրենց որեւէ բան փաստելու կարիք չունենք, որքան տեսնեն, որ Արցախի ժողովուրդը մեկուսացած վիճակում է ապրում Ադրբեջանի վարած քաղաքականութեան պատճառով, դա արդէն բաւական է, որ նրանք վերադառնալով Եւրոպա ամէն ինչ անեն Արցախի ժողովրդին օգնելու համար:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Արցախի խնդրի կարգաւորման հարցում իշխանութեան քայլերի վերաբերեալ ի՞նչ անհամաձայնութիւն կամ համաձայնութիւն ունէք: Օրինակ, նշւում է, որ մադրիդեան սկզբունքները փոխուեցին միւնխենեան սկզբունքներով՝ վերջին հանդիպումից յետոյ: Այս մասով իշխանութիւնների հետ կա՞ն անհամաձայնութիւններ:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Մենք բանակցութիւններից ընդհանրապէս լուր չունենք եւ այդպէս էլ պէտք է լինէր: Մենք այդ ամէնին հետեւում ենք այնպէս, ինչպէս ամբողջ հասարակութիւնը: Ինչ վերաբերում է մադրիդեան սկզբունքներին, ապա կարծում ենք, որ դրանք պէտք է փոփոխութեան ենթարկուեն: Թէ ինչով պէտք է դրանք փոխարինուեն, միւնխենեան թէ մէկ այլ սկզբունքներով, այդ մէկը հարցականի տակ է: Միւնխենում տեղի ունեցածն, իմ կարծիքով, որեւէ ձեւով չպէտք է ազդի բանակցային գործընթացի վրայ, որովհետեւ դա քայլ էր ժողովրդին ցոյց տալու, որ տեսէք, երկու երկրների ղեկավարները կարող են կողք-կողքի նստել: Բայց այնտեղ ամէն մի ղեկավար իր դիրքորոշումն առաջ տարաւ եւ փորձեց դիմացինի փաստարկներին յաղթել: Ինչպիսին էլ լինի բանակցութիւնների իրավիճակը, մենք պարտաւոր ենք աշխատել նախեւառաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պահպանելու համար, եւ դա յստակ նշուի միջազգային բանաձեւերում: Յետոյ նաեւ պէտք է փորձենք մասնակցել Արցախի մեկուսացումից դուրս բերելու աշխատանքին: Դա կարող է լինել ոչ միայն Եւրոպայի քաղաքական գործիչներ Արցախ բերելով, այլ նաեւ Արցախի մասին դրական ձեւով խօսելով եւ ցոյց տալով, որ այստեղ կայ ժողովուրդ, որն ապրում է իր հողում, սակայն չի կարողանում ունենալ իր տարրական իրաւունքները, ինչպէս ցանկացած երկրի բնակիչ:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- 1.5 տարի առաջ տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ նշւում է Հայաստանի՝ միջազգային հարթակներում հեղինակութեան փոփոխութեան մասին: Ի՞նչ էք դուք արձանագրում:

ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Այո, կայ այդպիսի բան: Հակառակն ասելը սխալ կը լինի: Եւրոպայում այսօր Հայաստանը դիտարկւում է որպէս աւելի ժողովրդավար: Սա ասում եմ ոչ թէ որովհետեւ իշխանութեան փոփոխութիւն եղաւ, այլ որովհետեւ ժողովրդի խօսքը լսուեց: Փաստը, որ ժողովուրդը դուրս եկաւ եւ դիմեց իշխանափոխութեան, եւ դա տեղի ունեցաւ առանց մէկ զոհի, դա ցոյց տուեց, որ եթէ հայ ժողովուրդը մի բան որոշեց, դա կարող է անել: Դա Եւրոպայում շատ լաւ է ընկալուել, բայց այդ ամէնը պէտք է արդարացնել: Յեղափոխութեան յաջորդ տարիները բոլոր երկրներում էլ դժուար է լինում: Յոյս ունեմ, որ Հայաստանում աւելի արդիւնքի կը կարողանանք հասնել, քան լինում են այլ երկրներում:

asbarez.com/arm/364859/ՀԱՐՑԱԶՐՈՅՑ-ԲԵԼԳԻԱՅԻ-ՀԱՅ-ԴԱՏԻ-ԳՐԱՍԵՆԵ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail