ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ – ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
28 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – 28 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 –
Անի Մելքոնյան
Պանթյուրքիզմը գաղափարական, քաղաքական և մշակութային շարժում է, որի նպատակը աշխարհի թյուրքալեզու ժողովուրդների համախմբումն է մեկ միասնական պետության մեջ1 ։ Պանթյուրքական գաղափարախոսների երազանքը Մեծ Թուրանի ստեղծում է։ Այդ մասին Զարևանդն իր «Միացեալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» գրքում գրում է․ « Թուրան այսօր թուրք-թաթարական բոլոր ժողովուրդների գիտակից դասերի համար դարձել է նշանաբան Խաղաղ օվկիանոսից մինչև Միջերկրական և Չինաստանի սրտից մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս տարածվող արյունակիցների միության»2 ։ Երիտթուրքերը այն դարձրին պետական գաղափարախոսություն և Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտան այն իրագործելու նպատակով 3։
Այդ կապակցությամբ հետաքրքրական է Միություն և առաջադիմություն կուսակցության շրջաբերականը պատերազմ մտնելու առիթով, որը ուղարկվել էր շրջանային կոմիտներին, այնտեղ մասնավորապես ասվում էր, որ պատերազմ մտնելու նրանց հիմնական նպատակը միայն սպառնացող կորուստները փրկելը չէ, այլ իրենց ազգային իդեալի իրականացումը, որը իրենց մղում է թշնամի Ռուսաստանի խորտակմանը։ Դրանով կհասնեն կայսրության բնական սահմաններին, որի մեջ կմտնեն նրանց բոլոր ազգակից եղբայրները4։
Պանթյուրքական գաղափարների առաջին օղակը Կովկասն էր։ Այնտեղ ստեղծվեց «Ադրբեջան» անվանմամբ երկիրը, որը որևէ կապ չուներ իրանական Ադրբեջանի հետ, սակայն ենթադրվում էր, որ իրանական Ադրբեջանը պետք է միավորվեր կովկասյանի հետ, որով Թուրքիան պետք է դուրս գար Միջին Ասիա և ստեղծեր միասնական պանթյուրքական պետություն 5։
Հայաստանն այն առանցքային կետ էր, որ խոչընդում ու ձախողում էր Մեծ Թուրանի ստեղծման նրանց ծրագիրը: Իսկ Նախիջևանը կարևոր նշանակություն ուներ այդ ճանապարհին։ 1918 թ․ երիտթուրքերը, ներխուժելով Նախիջևանի տարածք, կոտորեցին հայ բնակչությանը, որը դարձավ հայերի զանգվածային արտագաղթի պատճառ: 1919 թ․ Հայաստանի Հանրապետությունն ազատեց Նախիջևանի շրջանը և այն ներառեց իր կազմի մեջ 6 :
1919 թ․ սկսվեց քեմալական շարժումը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, և երիտթուրքերին փոխարինելու եկան քեմալականները։
Չնայած Քեմալն հայտարարում էր, որ հրաժարվում է պանթյուրքական գաղափարախոսությունից, բայց ինչպես իրավացի կերպով նկատում է Զարևանդը․ «Այդ ինչպե՞ս է, որ պանթյուրքիզմի բոլոր կարկառուն դեմքերը․․․ եղան Քեմալի ընկերներն ու գործընկերները»7։ Նոր Թուրքիան իր ծրագրի երկրորդ մաս էր համարում Թուրանի ճամփան բաց պահելը8, որտեղ առանցքային կարևորություն ուներ Նախիջևանը։ Դա շատ լավ էր գիտակցում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Պատահական չէր, որ նա Նախիջևանն ընդգրկել էր 1920 թ․ ազգային ուխտով ընդունված քարտեզի սահմաններում9։
Նրան չհաջողվեց Նախիջևանը կցել Թուրքիային, բայց Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ամեն բան արեց, որ այն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ 1921 թ․ բոլշևիկա-քեմալական Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով գծվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը և Նախիջևանի խնամակալը դարձավ Ադրբեջանը10 ։ Նախիջևանը ցամաքային Ադրբեջանի հետ ուղղակի կապ չուներ, բայց այդ պետության տարածքի մի մաս դարձավ:
Դրանից հետո Աթաթուրքն ամեն գնով ձգտում էր սահման ունենալ Նախիջևանի հետ, որը կարողացավ իրականացնել 1934 թ․։ Թուրքական haberler.com 2017 թ․ մարտին կայքը հրապարակում էր թողարկել, որում նշվում էր, թե Թուրքիայի և Նախիջևանի միջև ներկայում գոյություն ունեցող փոքր հատվածը հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է ժամանակին գնել իր անձնական գումարով11։
Նախիջևանի հետ սահման ունենալու կապակցությամբ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է․ «Այդ ժամանակ տեղի է ունեցել տարածքի անհամաչափ փոխանակում. Իրանի պետությունը Թուրքիայից ստացել է երեք անգամ ավելի մեծ տարածք Կոտուրի լեռներում՝ հատկացնելով այս փոքր կտորը, որի միջոցով ռազմավարական առումով փաստացիորեն Թուրքիան ցամաքային կապ է հաստատել Նախիջևանի հետ»12:
Դա հնարավորություն տվեց պանթյուրքական գաղափարախոսությունը արթուն պահել, որի իրականացման ճանապարհը Թուրքիայի և Նախիջևանի միջև եղած այդ միջանցքն էր։ Նրանց հաջորդ նպատակը Մեղրին էր կամ Սյունիքը, որով Թուրքիան Մեղրիի միջոցով ցամաքային ճանապարհ կունենար դեպի Ադրբեջան, դրանից հետո գաղափարն ուղղվելու էր դեպի Ռուսաստան և Չինաստան։
Հարկ է նշել, որ երբ Նախիջևանն ընկավ Ադրբեջանի վերհսկողության տակ, իշխանությունները վարեցին Նախիջևանի հայաթափման և այնտեղից հայկական հետքերի վերացման քաղաքականություն, իսկ Թուրքիան էլ գնալով ուժեղացրեց դիրքերն այնտեղ՝ այսպիսով այն դարձնելով սպառնալիք Հայաստանի Հանրապետության և պլացդարմ պանթյուրքիզմի համար։
Թուրքիան երբեք էլ չի հրաժարվել պանթյուրքական գաղափարներից, որոնք տարբեր ժամանակ տարբեր ուժգնությամբ են արտահայտվել։ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գաղափարախոս Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն․ Թուրքիայի միջազգային դիրքը» գրքում առաջ է քաշում նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, որն իր մեջ ներառում է նաև պանթյուրքիզմի գաղափարախոսության տարրեր13 :
Իսկ 2009-ի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում անցկացվեց թյուրքալեզու երկրների գագաթաժողով, որը հաստատեց «Թյուրքալեզու երկրների համագործակցության» համաձայնագիրը: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց. «Նախիջևանը հարազատ ու թանկարժեք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար… Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանը փոքր է, սակայն քաղաքական առումով 10-12 կիլոմետր երկարությամբ սահմանը խիստ կարևորություն ունի… աշխարհագրորեն Թուրքիան կապում է թյուրքական երկրների հետ»14:
Հետագա տարիներին Թուրքիան էլ ավելի ակտիվացրեց իր քաղաքականությունը Նախիջևանի նկատմամբ: 2010 թ․ օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց «Ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության պայմանագիր», որը նրանց հարաբերությունները բարձրացրեց ռազմական դաշինքի մակարդակի15։ Նախիջևանում տեղի է ունենում ժամանակակից ռազմական տեխնիկայի և զինուժի ինտենսիվ կուտակում։ Պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, ընդ որում, թուրքական զինուժի գերակշռումով։ Նույնիսկ 2018 թ․ թուրքական «Sözcü» պարբերականում լրագրող Զեյնեփ Գյուրջանլըն հոդված հրապարակեց, որում ասվում էր, որ Թուրքիան կարող է Նախիջևանում ռազմաբազա հիմնել16, իսկ եթե դա տեղի ունենա, Թուրքիան էլ ավելի կամրապնդի դիրքերը մեր տարածաշրջանում։
Այսպիսով՝ պանթյուրքիզմի սպառնալիքը իրական է նաև մեր օրերում։ Նախիջևանն այդ առումով շատ կարևոր դիրքում է գտնվում, որը ռազմականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ դառնալով պլացդարմ պանթյուրքիզմի համար։ Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիան և Ադրբեջանն՝ իր ռազմատենչ նկրտումներով, ռեալ վտանգ են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության համար։ Այդ վտանգը կանխելու համար պետք է ուշի ուշով հետևել Նախիջևանում տեղի ունեցող զարգացումներին և ձգտել իրականացնել համարժեք քայլեր։
Օգտագործված աղբյուրներ՝
1- Տե՛ս Մկրտչյան Ս., Պանթյուրքական հոսանքները Իրանում, Եր., 2019, էջ 7։
2- Զարևանդ, Միացեալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը, Աթենք, 1987, էջ 14։
3- Տե՛ս Թուրքիայի հին ու նոր հավակնությունների քարտեզը / http://akunq.net/am/?p=66843
4- Տե՛ս Զարևանդ, նշվ. աշխ., էջ 107։
5- Տե՛ս Բաբայան Դ., Արցախի հիմնախնդիրը և պանթյուրքիզմի գաղափարախոսությունը
/http://www.noravank.am/upload/pdf/05.Davit%20Babayan_21_Dar_06-2011.pdf
6- Տե՛ս Из истории деарменизаци и Нахичеванского Края (1920-1921 гг.) / http://lraber.asj-oa.am/3619/1/1990-9(74).pdf
7- Զարևանդ, նշվ. աշխ., էջ 145։
8- Տե՛ս նույն տեղում, էջ 129։
9- Տե՛ս Misak-ı Millî Beyannamesi; https://www.ttk.gov.tr/tarihveegitim/misak-i-milli-beyannamesi/
10- Տե՛ս Նախիջևանը՝ Ադրբեջանին, Կարսը՝ Թուրքիային. մարտ 16, 1921 /https://www.aniarc.am/2019/03/16/march-16-1921-russo-turkish-treaty/
11- Տե՛ս Atatürk, Kendi Parasıyla İran’dan Neden Toprak Satın Aldı / https://fotogaleri.haberler.com/ataturk-kendi-parasiyla-iran-dan-neden-toprak/
12- Նախիջևան. չհետազոտված փոփոխություններ, վտանգներ և առավելություններ
/https://kentron.am/am/news/130180?fbclid=IwAR1OqON2hi7Ff7bVA_X5XnfEgZwvFMuNP9Kzy0Zopu51Oa7D1_sujms2s
13- Տե՛ս Davutoğlu A., Stratejik derinlik. Türkiye’nin uluslararası konumu, Küre yayınları, 2001:
14- Գաբրիելյան Հ., Թուրքիայի նախաձեռնությունները Նախիջևանում /http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4877
15- Տե՛ս Էվոյան Լ., «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության
մասին պայմանագիրը» թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների որակապես նոր փուլի սկիզբ
/http://akunq.net/am/?p=31181&fbclid=IwAR0L3j9MOO6junw5h3iVt2dvhAWiXhTJDZOcPHiKys0g2Uk-TCQnJrM_hJc
16- Տե՛ս Gürcanlı Z., Avrupanin amacı “Borç tahsilatı” / https://www.sozcu.com.tr/2018/yazarlar/zeynep-gurcanli/avrupanin-amaci-borc-tahsilati-2604768/
Հոդվածը տպագրվել է “Դրօշակ” ամսագրի 2020 թ․ հունվարի համարում։
nakhijevan.online/2020/02/28/նախիջեվանը-պանթյուրքական-գաղափարախ/?