ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան դաժան պատասխան է խոստանում Ռուսաստանին. հայկական հարցը քանդում է ամեն ինչ
28.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Թուրքիայի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական Մեզութ Հաքընը հայտարարել է, որ Իդլիբում հարվածի համար Թուրքիայի պատասխանը Ռուսաստանին կլինի շատ դաժան: Նա հայտարարել է, որ Ռուսաստանում ապրում է 25 միլիոն մահմեդական եւ այդ երկիրը կքանդեն ներսից:
Թուրքիան Իդլիբում ստացել է ուժեղ հարված: Ավիահարվածի հետեւանքով Անկարան կորցրել է 33 զինվոր, ունեցել է այդքան վիրավոր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն շրջանում, ուր հասցվել է հարվածը, չպետք է լինեին թուրք զինվորականներ՝ համաձայն իրենց տրամադրված թուրքական տվյալների: Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան զինվորներ է կորցրել, որովհետեւ դրանք գտնվել են ահաբեկիչների շրջանում:
Անկարան Մոսկվայի համար հնչեցնում է «մահացու» սպառնալիք, հիշեցնելով, որ Ռուսաստանն իր ձեռքում է՝ «25 միլիոն մահմեդական, որոնք կքանդեն երկիրը ներսից»: Բայց բանն իհարկե քանակը չէ, այլ ընդհանրապես շրջանակը, որում գտնվում է ժամանակակից Ռուսաստանը: Դա թյուրքալեզու շրջանակն է, որը կարող է շատ արագ սեղմվել օղակի նման:
Դրան զուգահեռ, հատկանշական է, որ շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մեկ այլ պաշտոնյա հայտարարել էր, թե հայկական հարցը կարող է Թուրքիան պառակտել ներսից: Ի՞նչ էր ակնարկում այդ պաշտոնյան, որը դրա մասին խոսել էր Էրդողանի նախագահությամբ բարձր խորհրդատվական մարմնի նիստից հետո: Նիստի ընթացքում քննարկել էին հայկական հարցի մարտահրավերներին հակազդելու քայլերը:
Հայկական հարցը թուրք-ռուսական հարաբերության «անկեղծության» պահն է, նաեւ որոշակիորեն «համատեղ հանցանքը», որ միավորել է նրանց: Այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում, անշուշտ երկու պետությունների ռազմավարական շահերի բախումն է՝ 2020 թվականի հունվարից ԱՄՆ ստեղծած նոր իրավիճակի ազդեցությամբ:
Գործնականում սակայն, թուրք-ռուսական «կենսական» տարածքը կովկասյան ռեգիոնն է, իսկ «անկեղծության պահը»՝ հայկական հարցը: Արդյոք Անկարան «Ռուսաստանը ներսից քանդելու» սպառնալիքը հնչեցնում է Իդլիբում հարվածի առիթով, սակայն բոլորովին այլ՝ խորքային գործընթացի համատեքստում: Եվ արդյոք շաբաթներ առաջ Ռուսաստանին չէր ուղղված ակնարկը, որ հայկական հարցը ունի Թուրքիան ներսից պառակտելու սպառնալիք:
Այդ հայտարարությունն Իդլիբում բախումից առաջ էր, եւ հնարավոր է Իդլիբում դուրս սպրդեց այն մեծ լարվածությունն ու առերեսումը, որ կուտակվում էր ռուս-թուրքական հարաբերության «մեղրամսային» քողի տակ: Խոշոր հաշվով, Ռուսաստանն էլ «քանդվել» կարող է հայկական հարցից, ոչ թե մահմեդականների քանակից: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքականություն է վարվելու այդ հարցի առնչությամբ:
Իդլիբում Ռուսաստանը կարող է 1000 թուրք զինվոր ոչնչացնել: Ռազմավարական հեռանկարում դա գործնականում ոչինչ է, քանի դեռ ոչնչացված չէ ռուս-թուրքական ընդամենը երկու պայմանագիր՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնցով Անկարան ու Մոսկվան քանդել են Հայաստանը ներսից:
Հատկանշական է, որ՝ երբ թավշյա հեղափոխությամբ Հայաստանը ներսից բավականին ամրացավ, ռուս-թուրքական օրակարգում հայտնվեց միմյանց «ներսից քանդելու» խնդիրը:
www.lragir.am/2020/02/28/522375/