Մովսէս Նաճարեան – Պարթեւները եւ Կարդագենեան Հանիբալը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
5.Պարթեւներ եւ Արտաշատ քաղաքի կառուցումը
Խորենացին սուրբ Գրիգոր Լուսաւորչի մասին ասում է.
«Սա, որպէս ամենեցուն յայտնի է, աշխարհաւ Պարթեւ, գաւառաւ Պահլաւ, յազգէ թագաւորեցելոյ զատուցեալ Արշակունի, ի ցեղէ Սուրենական, ի հօրէ Անակ կոչեցելոյ, յարեւելից կողմանց ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐՈՅ»[437]:
Պարզ է ասուած, որ Պարթեւաց աշխարհը Պահլաւ գաւառով մեր աշխարհի արեւելեան կողմերում է՝ եւ ոչ թէ մեր աշխարհի արեւելքում. հետեւաբար մեր երկրի մէջ է՝ եւ ո՛չ թէ մեզ հարեւան[438]:
Հայոց Արշակունի առաջին արքայ Վաղարշակին ներկայացնելիս՝ Խորենացին պատմում է.
«Աստ բնակեալ Սիսակ՝ լնու շինութեամբ զսահմանս բնակութեան իւրոյ, եւ զաշխարհն կոչէ իւրով անուամբն Սիւնիք: Այլ Պարսք յստակագոյնս եւս Սիսական կոչեն: Ի սորա ծննդոց աստ՝ ուրեմն Վաղարշակ, որ առաջին ի Պարթեւաց արքայ Հայոց, գտեալ արս անուանիս՝ տեարս աշխարհին կարգէ, որ է Սիսականդ ազգ, եւ զայս առնէ Վաղարշակ ի պատմութենէն ստուգեալ»[439]:
Այս պարբերութիւնը ճիշդ չի հասկացուել ու թարգմանուել: Իբր թէ «Պարսիկները (Հայերից) առաւել յստակ կերպով Սիւնիքը կոչում են Սիսական: (Սա կարելի է որակել շա՜տ մեծ աչքակապութիւն):
Մինչդեռ Խորենացին ասում է.
1.«Այլեւ յստակագոյն-սպիտակագոյն Պարսիկները եւս Սիսական են կոչւում»: Ապա նաեւ՝
2.«Ի սորա ծննդոց աստ՝ ուրեմն Վաղարշակ», նշանակում է՝ Պարսկաստանում ծնուած Վաղարշակը նոյնպէս Սիսակի տօհմի ծնունդ էր:
Նա երրորդ անգամ էլ շեշտում է այս ճշմարտութիւնը՝ ասելով.
3.«Ուրեմն Վաղարշակ ի Պարթեւաց…, որ է Սիսականդ ազգ»:
(«ՈւրեմնՊարթեւներից Վաղարշակը՝ …որ Սիսակեան ազգից է»):
Այս իրողութիւնը սխալ ըմբռնելով, կամ էլ չուզենալով հնչեցնել՝ այլազգի կամ հայ պատմաբաններից ոմանք օտարացնում են մեզ Պարթեւներից, եւ նրանց մեզ են ներկայացնում որպէս զաւթիչների:
Պարսիկ hեղինակ Աբդ էլ Ազիմ Ռիդային ասում է.
«Ֆիրդուսու Շահնամէն իր զրոյցներում Պահլաւի անուան տակ հասկանում է բոլոր Իրանցիներին՝ այսինքն Սիստանեաններին, Պարսեաններին ու Մադեաններին միատեղ՝ որպէս Արիական Իրանեան ցեղեր:
Նախքան Մադեանների ու Պարսերի մասին խօսելը՝ Շահնամէն բերում է բազմաթիւ զրոյցներ Պահլաւական տօհմի լեզուի, կրօնի, հանդերձի, երգերի, զէնքերի եւ Պահլաւական գրութեան մասին»[440]:
Սրանք արդէն Խորենացուց չեն՝ առաւել եւս իմ թարգմանութիւնը չեն:
Այս լոյսի տակ, փաստօրէն Աքեմենեաններից յետոյ՝ Պահլաւի-Պարթեւները Պարսկաստանի հնագոյն պատմութեան եւ մշակոյթի կրողներից են:
Ինչպէս տեսանք՝ Խորենացին ասում է թէ «Պահլաւ գաւառը գտնուել է Պարթեւաց աշխարհում, իսկ Պարթեւները Սիսակի տօհմից են»՝ ու բնականաբար պիտի կոչուէին «Սիստանեաններ» (Սիսակի տուն): Նրանց այբուբենն էլ Մաշտոցից առաջ օգտագործուած հայկական տառատեսակներ են, իսկ գրածներն էլ մեր հնագոյն գրականութիւնը, պատմութիւնն ու ազգագրութիւնն են:
Աւելացնենք, որ Իրաքի շիիթների այսօրուայ ղեկավար շեյխի ազգանունն ու տօհմանունը նոյնպէս ո՛չ պատահաբար՝ «Սիստանի» է:
Պատմաբան Լեւոն Շահինեանը յիշատակում է XVII դարի հայ Անանուն ժամանակագրին՝ որից մէջբերել է հետեւեալը.
«Նախ եւ առաջին Արշակ, վեհ թագաւորն Հայոց, յետ Կ (60) ամաց մահուանն Աղէքսանդրի, յազգէ Պարթեւաց, յորմէ կոչեցան Արշակունիք»[441] :
Խօսքը Պարսկաստանի Պարթեւական հարստութեան հիմնադիր Արշակ Քաջի մասին է:
Լեւոն Շահինեանը մեկնաբանում է.
«Հեղինակը այստեղ շփոթել է: Արշակին Պարթեւաց կամ Պարսից ասելու փոխարեն, ինչպես տեսնում ենք, ՛վեհ՛ կոչումով համարել է ՛՛թագաւորն Հայոց՛՛»[442]:
Մինչդեռ 17-րդ դարի պատմիչը շատ աւելի լաւ է իմացել իրականութիւնը, որ Պարթեւները Հայկեան ծագում են ունեցել, եւ իրաւացիօրէն նա Պարթեւական բնակտարածքին թագաւորած Արշակ Քաջին կոչել է Հայոց (հայերի՝ ընդհանրապէս, եւ ո՛չ թէ միայն Հայաստանի) թագաւոր:
Նոյնպիսի իրադրութեան ենք հանդիպում Ստրաբոնի մօտ, որն յիշատակում է, թէ Կարդագենի վերջին արքայ ու զօրավար Հանիբալը տեսնելով իր բանակի ջախջախումը՝ նստում է մի համեստ արագաստանաւ ու յայտնւում Հայոց Արտաշէս արքայի մօտ: Նրա թոյլտւութեամբ՝ կառուցում է Արտաշատ քաղաքը:
Իրականում Հանիբալի ժամանակներում՝ լոկ Հայաստանի սահմաններում այդպիսի մի արքայ չի եղել: Խօսքը վերաբերւում է Պարսկաստանի Պարթեւական հարստութեան երկրորդ արքային՝ Արշակ քաջի որդի Արտաշէսին, որին Ստրաբոնը (որը կարծեմ թէ հա՛յ պատմիչ չի) նոյնպէս անուանել է «Հայոց արքայ»:
Այն փաստը՝ որ այս Արտաշէսի թոյլտւութեամբ է Հանիբալը Հայաստանում կառուցել Արտաշատ քաղաքը, խօսում է այն մասին՝ որ Պահլում նստած Արտաշէս Պարթեւի տիրոյթի մէջ է գտնուել նաեւ Մայր Հայաստանը:
Այս երկու փաստարկներից յետեւում է, որ Պարթեւաց Արտաշէսը ոչ միայն Պարսկաստանի՝ այլեւ Հայաստանի տիրակալն է եղել, ու հայ է եղել ամէն առումով: Ահա այս Արտաշէսն է, որ իր անունը կրող արձանագրութիւններով սահմանաքարեր է հաստատել ոչ միայն պատմական Հայաստանի՛ նահանգների միջեւ՝ այլեւ իր ամբողջ տիրոյթում: Նա կարգ ու կանոնի է բերել երկիրը ծայրից-ծայր՝ եւ խաղաղ ու բարգաւաճ մի կեանք է ապահովել այնտեղ, ինչպէս նկարագրում է Խորենացին:
Իսկ հիմա խօսենք Արտաշէս Աշխարհակալի մասին
Մէջբերենք Աբեղեանից.
«Հայտնի է Գրիգոր Մագիստրոսի նամակներից մեկում բերված հատվածը, որ “Պարթեւ Արտաշէսն” ասում է “ի վախճանելն իւրում”.
“Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց
Եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց”[443]:
Մանուկ Աբեղեանը աւելացնում է.
«”Պարթեւ” կոչումն Արտաշեսի համար ըստ երեւույթին՝ Մագիստրոսի իրեն ավելացրածն է»[444]:
Հայր Ղեւոնդ Ալիշանն էլ այս տողերը վերագրել է Հայոց Արտաշէս Բ.-ին:
Մինչդեռ մենք վստահ ենք՝ որ դրանք պատկանում են Հայոց ու Պարթեւաց Արքայից-Արքայ Արտաշէս Աշխարհակալին (Մեծն Տիգրանի հօրը), որն ասել է նաեւ՝ «Աւա՜ղ փառացս անցաւորի»:
Վերի տողերը նրա կողմից արտասանուել են Յունաստանում՝ վաղահաս մահուան շէմին, հարազատներից ու հայրենի օջախից հեռու միջավայրում, ու մե՜ծ կարօտով:
Նրան հակառակ՝ Հայոց Արշակունի Արտաշէս Բ. թագաւորը մահացել է իր «ծուխ ծխանի» պալատում եւ սնարում՝ շրջապատուած իր հարազատներով ու պալատականներով, եւ նա ո՛չ թէ կարօտի զգացմունք է ունեցել վերջին պահին՝ այլ մե՜ծ կսկիծով ստիպուել է անիծե՛լ իր անուղղայ Արտաւազդ որդուն:
Թէ ի՞նչ է նշանակում «Պարթեւ»:
Բառը կառուցուած է «պար» եւ «թեւ» երկու արմատներից: «Պար»-ը պարոյրն է ու պարուրուածը՝ երկարածը: Ուստի «Պարթեւ»-ը հոմանիշ է երկայնաբազուկին, ռուսերէնի «դալգարուքի»-ին:
«Պար»-ը տառացիօրէն նշանակում է նաեւ «պաշտպանութիւն արարող»: Ուստի «Պարթեւ»-ն ունի «պաշտպանող թեւ» բովանդակութիւնը եւս՝ որտեղ «թեւ»-ը «դաս»-ն է, «դասակարգը»:
Հետեւում է, որ Հայերն ու Իրանցիները ունեցել են դասակարգեր՝ որոնց մէջ Պարթեւները ներկայանում են որպէս զինուորականների դաս:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[437] Մ. Խորենացի, նոյն, էջ 244: Ընդգծումները մերն են:
[438] «Մեր աշխարհի արեւելքում»-ը գրաբարով կը լինի՝ «յարեւելս աշխարհիս մերոյ»:
[439] Մ. Խորենացի, նոյն, էջ 41:
[440]Աբդ էլ Ազիմ Ռիդայի, «Ասլ ուա նէսբ», Թեհրան, պարսկերէն լեզուով, էջ 31:
[441] Լեւոն Շահինյան, «Մովսես Խորենացի, Պատմություն եւ Ժամանակագրություն», Երեւան, Լոյս 1989, էջ 102:
[442]Ի՜նչ մեծ թերահաւատութիւն մեր պատմագիր պապերի եւ մեր անցեալի նկատմամբ… եւ ի՜նչ ստորակայական խոր բարդոյթ…:
Վա՛յ քեզ Հայոց աշխարհ՝ որ ուսուցիչներդ մանուկ են:
[443] Մ. Աբեղյան, Երկեր, Ա. հատոր, էջ 121:
[444]Շատ չի՞ արդեօք այս թերահաւատութիւնը… Վե՛ր կաց գերզմանից, Մագիստրո՛ս:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: