Անմահ արժէքներ – ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ – Հրապարակում՝ «ԴԱՍԱՐԱՆ»ի – Մարտիրոս Սարեանը ծնուել է 1880թ․ի Փետրուարի 28ին

Անմահ արժէքներ – ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ – Հրապարակում՝ «ԴԱՍԱՐԱՆ»ի – Մարտիրոս Սարեանը ծնուել է 1880թ․ի Փետրուարի 28ին

Անմահ արժէքներ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ
Հրապարակում՝ «ԴԱՍԱՐԱՆ»ի

Մարտիրոս Սարեանը ծնուել է 1880թ․ի Փետրուարի 28ին (16)։
Մարտիրոս Սարեանի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառաւիղները տեղափոխուել են Նոր Նախիջեւան: Սարեանը 1895թ. աւարտել է Նոր Նախիջեւանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկուայի գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարանները, կատարելագործուել է Վալենտին Սերովի եւ Կոնստանդին Կորովինի դիմանկարի արուեստանոցում:
Սովորելու տարիներին ստեղծել է մօր՝ Ուստիան Սարեանի (1898թ.), Սոֆիա Միանսարեանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) եւ այլ գործեր: 1901թ. Սարեանն առաջին անգամ եղել է Երեւանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սեւանում, 1902թ.՝ Անիում:

Այդ եւ հետագայ տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմութիւնը, նիստուկացն ու մշակոյթը, որը մեծապէս նպաստել է Սարեանի աշխարհայեացքի եւ ստեղծագործական մեթոդի ձեւաւորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատիւրմորտներ, բեմանկարչական գործեր, ձեւաւորել գրքեր:

Ստեղծագործութեան 1ին շրջանում (1904-1909թթ.)՝ հրաժարուելով աւանդական մտածելակերպից եւ սկզբունքներից՝ Սարեանն ստեղծել է իւրայատուկ եւ արդիական արուեստ, որն անուանուեց «սարեանական»: 1907թ. Մոսկուայում մասնակցել է «Գոլուբայա Ռոզա» եւ այլ ցուցահանդէսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ՝ Արարատի ստորոտին» – 1904թ., «Ծաղկած սարեր» – 1905թ., «Համբոյր» – 1906թ., «Հեքիաթ» – 1908թ. եւ այլն):

Ստեղծագործութեան 2րդ շրջանում (1910ական թուականներ) Սարեանը ճամբորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս՝ Փողոց – Կէսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փիւնիկեան արմաւէնի», «Եգիպտական գիշեր», «Պանաններ», «Գարեգին Լեւոնեան», «Պարսկական նատիւրմորտ», «Դաշտային ծաղիկներ» եւ այլն), ի տարբերութիւն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպաւորմամբ, ընդգրկուած նիւթով ու մոտիվներով իրական են:

1910ական թուականների պատկերներում՝ Սարեանը, համադրելով եգիպտական կերպարուեստի մոնումենտալութեան ու ճապոնական գունագրութեան մի քանի էական յատկանիշներ, Պոլ Գոգէնի դեկորատիվ գունամտածողութիւնը, ծաւալաձեւի սեզանեան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժէք ու որակ:

Մեծ Եղեռնի (1915թ.) ժամանակ Սարեանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովեան կոմիտէում», մեկնել է Էջմիածին: Յովհաննէս Թումանեանի, Գարեգին Յովսէփեանի եւ ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպաւորութիւններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխուել է Թիֆլիս՝ հիւանդանոց:

1916թ. Մոսկուայում Վարդգէս Սուրէնեանցի հետ ձեւաւորել է Վալերի Բրիւսովի «Հայ պոեզիան…» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջեւանում հիմնել է գաւառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Միասնիկեանի հրաւէրով Սարեանն ընտանիքով տեղափոխուել է Երեւան, նշանակուել նոր կազմակերպուող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երեւանի գեղարուեստի ուսումնարանի հիմնադրմանը:

Յակոբ Կոջոյեանի հետ ստեղծել է Հ․Խ․Ս․Հ․ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի Նկարիչների Միութեան նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի Բիենալէի XIV ցուցահանդէսին, 1926-1928թթ. ապրել եւ ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդէս (նկարների մեծ մասն այրուել է հայրենիք տեղափոխող նաւի հրդեհից): 1937թ. Փարիզի Համաշխարհային Ցուցահանդէսի Խ․Ս․Հ․Մ․ տաղաւարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ Մրցանակի:
Սարեանը մահացել է 1972թ. Մայիսի 5ին:

Նկարչի գործերը հիմնականում պահւում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում եւ նրա մասնաճիւղերում, նաեւ՝ Ա․Մ․Ն․ի, Ֆրանսիայի, Ա․Պ․Հ․ եւ այլ երկրների լաւագոյն թանգարաններում: Սարեանն արժանացել է Բրիւսէլի Միջազգային Ցուցահանդէսի ոսկեայ մեդալի (1958թ.) եւ Հ․Խ․Ս․Հ․ Պետական Մրցանակի (1965թ.): 1955թ.ից Հալէպում (Սիրիա) գործում է «Սարեան Ակադեմիան», 1967թ.ից Երեւանում՝ տուն-թանգարանը: Հ․Հ․ում Սարեանի պատկերով թողարկուել է թղթադրամ:

Աղբիւր՝ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4316

Facebooktwitterredditpinterestlinkedinmail