Անմահ արժէքներ – Մարտիրոս Սարեանի աչքերով – Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս

Անմահ արժէքներ – Մարտիրոս Սարեանի աչքերով – Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս

Անմահ արժէքներ

Մարտիրոս Սարեանի աչքերով.
«Ինչ որ նկարում եմ,
Հայաստան է դուրս գալիս»

Sputnik ՍՓՈՒԹՆԻՔ – Մշակոյթ

Մարտիրոս Սարեանը համոզուած էր, որ առանց հողի արուեստագէտ չի եղել։ Ասում էր` երեխայ ժամանակից սիրել է հայրենիքը։

Բնութիւնը գլխաւոր ուսուցիչն է

Մեծ վարպետի ստեղծագործութիւնը, որն ապրել եւ աշխատել է 1910ականների առաջին կէսին, համարձակ նորարարութիւն էր։
Նկարիչը վարպետօրէն միաւորում էր Արեւելքի գեղանկարչական աւանդոյթները 20րդ դարի եւրոպական արուեստի նոր ձեռքբերումների հետ։ Նրա կտաւները ձեռք է բերել Տրետյակովեան պատկերասրահը, ստեղծագործութիւններից շատերը ցուցադրուել են Եւրոպայում։

1920-30ական թթ․ին Սարեանը պահպանել է առաջատար ժանրերի նկատմամբ հետաքրքրութիւնը։ Նրան հաւասարապէս գրաւել են բնանկարը, դիմանկարը և նատիւրմորտը։ Այդ շրջանում Սարեանը շատ է ճանապարհորդել, էներգիայի եւ ոգեշնչման լիցքեր ստացել` նոր կտաւներ նկարելու համար։

1901-1903 թուականների ճամբորդութիւնները դէպի Կովկաս՝ Սարեանի համար դարձան իսկական յայտնութիւն: 1902 թուականի ամրանը նկարիչը եղաւ Հայաստանի հնագոյն մայրաքաղաք Անիում: «Հարաւի գունագեղ անկիւններում, մեր հնագոյն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկութեան հեքիաթային աշխարհը»,- պատմում էր նկարիչը։

Արեւելքն ու գոյները փոխեցին Սարեանի աշխարհայեացքը

Արեւելքի մշակոյթի նկատմամբ հետաքրքրութիւնը յատկանշական էր 20րդ դարի եւրոպական եւ ռուսական գեղանկարչութեան համար: Հայ նկարիչ Սարեանի համար Արեւելքին դիմելը ինքնաճանաչման կարեւոր շրջան էր: Մերձաւոր Արեւելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղեւորութիւնների ողջ ընթացքում նկարչին առաջնորդեց արեւելեան աշխարհի եւ ինքն իրեն, որպէս այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:

«Ես նպատակ ունէի հասկանալ Արեւելքը, գտնել նրան բնորոշ յատկանիշները, գեղանկարչական որոնումներս առաւել հիմնաւորելու համար,- ասում էր նկարիչը: – Ես ուզում էի հաղորդել Արեւելքի իրականութիւնը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»:

Արեւելեան թեմաներով նկարների ստեղծման շրջանում լիովին դրսեւորւում է նկարչի գունամտածողութեան իւրայատուկ կարողութիւնը: Արեւելեան փողոցների ամէնօրեայ կեանքը Սարեանի համար դառնում է գեղանկարչական յայտնութիւնների հիմք: «Պոլսում ապրեցի համարեայ երկու ամիս եւ այդ ընթացքում բաւական աշխատեցի,- յիշում է Սարեանը: – Ամենամեծ հետաքրքրութիւնն ինձ համար ներկայացնում էր փողոցը՝ նրա կեանքի ռիթմը, վառ ամբոխը եւ շները… որոնք ապրում էին այստեղ ընտանեկան խմբերով»։

«Իմ Հայաստան…»

Արդէն ինքնուրոյն դիմագիծ ու ոճ ունեցող արուեստագէտը յաճախ է ճանապարհորդել. 1910 թուականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թուականին՝ Եգիպտոսում, 1913 թուականին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղեւորութիւններից՝ Սարեանը ակտիվօրէն մասնակցել է «Ոսկէ Գեղմ» («Золотое руно»), «Արուեստի Աշխարհ» («Мир искусства») եւ այլ ընկերութիւնների ցուցահանդէսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղէնի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովեան պատկերասրահը։

Նրա ստեղծագործական հետագայ զարգացմանը խանգարել են 1915 թուականի ողբերգական դէպքերը։

«Եւ ահա 1915 թուականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամէնը թողեցի եւ գնացի հայրենիք: Էջմիածնում եւ նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջեւ մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթէ ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիւանդացայ, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնյայտ նշաններով»,- գրել է Սարեանը։

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից յետոյ, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկութեան ճանապարհը.-
«Արուեստը պէտք է կեանքի, պայքարի կոչի մարդուն, յաւերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան յոյս ու հաւատ, այլ ոչ թէ ճնշի ողբերգական թեմաների նկարագրութեամբ»:
1915 թուականի վերջին Սարեանը կրկին մասնակցեց «Արուեստի Աշխարհ» հերթական ցուցահանդէսին։

1916 թուականին, Վարդգէս Սուրէնեանցի, Փանոս Թերլեմէզեանի, Եղիշէ Թադեւոսեանի եւ այլոց հետ մասնակցել է Հայ Արուեստագէտների Միութեան ստեղծմանը․- «Ողջ մնացած ժողովուրդը հոգեւոր միասնութեամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգութիւնը»,- գրել է Սարեանը։

1971-1972 թուականներին Սարեանը ստեղծեց գծանկարների ֆլոմաստերով շարք: Դրանցում առկայ է վերադարձը դէպի վաղ շրջանի «Հեքիաթներ եւ անուրջներ» ջրաներկերի շարքին բնորոշ հարմոնիկ մեղեդայնութեանը եւ գեղակերտութեանը: Բայց այս աշխատանքներն առանձնանում են նկարչի հոգում ապրող հայկական բնութեան պատկերների մտահայեցողական խորութեամբ: Գծանկարներից վերջինը Վարպետի կողմից թուագրուած է 04/04/1972, այսինքն՝ մահից մէկ ամիս առաջ:

Մարտիրոս Սարեանը վախճանուեց 92 տարեկան հասակում, 1972 թուականի Մայիսի 5ին:

Սարեանի աճիւնը ամփոփուած է Երեւանի Կոմիտասի անուան պանթէոնում։

Տես՝
https://armeniasputnik.am/…/65…/armenia-martiros-saryan.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail