ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ռուս-թուրքական դիմակայություն Ադրբեջանի տարածքում. Ալիեւի աղետը
29.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ադրբեջանը հայտարարել է մասշտաբային հրամանատարա-շտաբային զորավարժություն անցկացնելու մասին: Տեղեկության մեջ նշվում է, որ զորավարժությունն անցկացվում է 2020 թվականի պլանի համաձայն: Այդուհանդերձ, դրա անցկացումը առանձնահատուկ է միջազգային քաղաքական իրադրության, մասնավորապես ռուս-թուրքական թեժ իրողության ֆոնին:
Փետրվարի 25-ին Բաքու էր այցելել Էրդողանը: Մի շարք փորձագետներ կարծում են, որ Թուրքիան կփորձի Ռուսաստանի հետ բարդ իրավիճակում խաղարկել արցախյան հարցն ու պահանջներ ներկայացնել այդ ուղղությամբ: Դրանցից կարող է լինել իրավիճակի լարման փորձը, հաշվի առնելով այն, որ դա բավականին բարդ կացության առաջ կդնի Ռուսաստանին: Մոսկվան մի կողմից չի կարող այդ դեպքում Հայաստանի հանդեպ իրեն պահել այնպես, ինչպես 2016 թվականի ապրիլին կամ դրանից առաջ լարումների պայմաններում, մյուս կողմից էլ չի կարող իրեն թույլ տալ լարել հարաբերությունը Բաքվի հետ:
Այդ ֆոնին Երեւան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ հանգամանքը մի կողմից դիտվում է Մոսկվայի զգուշացում Բաքվին, մյուս կողմից սակայն Զասը միանգամայն կարող է դասվել այն զինվորականների շարքին, որը կարող է գտնվել ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ: Նա ռազմական կրթություն ստացել է Բաքվում: Միաժամանակ, Զասը Բելառուսի ներկայացուցիչ է, իսկ Լուկաշենկոյի «զգացմունքներն» Ադրբեջանի հանդեպ հայտնի են:
Ադրբեջանը ներկայում գտնվում է ներիշխանական բարդ տրանսֆորմացիայի շրջափուլում, որ վճռորոշ փուլ է մտել Ալիեւի տիկնոջ՝ Ալիեւայի Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո: Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահն ամուսնուց ավելի ու ավելի նկատելի է պահանջում իշխանությունը: Եվ այստեղ Ադրբեջանում ուրվագծվում է ռուս-թուրքական եւս մի հետաքրքիր դիմակայություն, հաշվի առնելով այն, որ Մեհրիբան Ալիեւան մեդալ եւ օրհնություն է ստացել Պուտինից, անգամ Վատիկանում՝ Հռոմի Պապից, իսկ Անկարայի ուղղությամբ նա դեռ չի նայել:
Էրդողանը Բաքում աջակցություն հայտնեց Ալիեւին: Կբավականացնի՞ դա նրան պահելու համար: Ալիեւն ըստ երեւույթին կփորձի օգտագործել դա, բայց արդյոք կգնա Արցախի հարցի խաղարկմանը: Բանն այն է, որ այստեղ որեւէ վրիպում Ադրբեջանի նախագահի համար չի ավարտվի մի նոր կամ ավելի փոքր փակուղով, ինչպես ապրիլյան վրիպումից հետո: Ընդ որում, անգամ անհամեմատ ավելի փոքր մասշտաբի փորձը Ալիեւի համար կարող է ավարտվել պարզապես աղետով:
Ներկայիս ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական հարաբերակցության համախառն արդյունքը այլեւս Ադրբեջանի օգտին չէ, այլ Հայաստանի ու Արցախի:
Էրդողանը չի օգնի, առավել եւս, եթե նա ինքն ունի Ադրբեջանի սադրանքի օգնության կարիքը: Ավելին, Թուրքիայի նախագահը հնարավոր է զգում է նաեւ զոհաբերության բավականին մոտ շունչը եւ դիտարկում, որ եթե չստացվի Բաքում Ալիեւի դիրքերը ամրացնելով կոշտացնել դիրքը Ռուսաստանի հարցում, ապա ծայրահեղ դեպքում հնարավոր է զոհաբերել Ալիեւին, պահելով իր դիրքերը:
Ալիեւն ըստ երեւույթին ընտրել է զորավարժությունը, Էրդողանի եւ Պուտինի միջեւ միջանկյալ խաղ, ժամանակ շահելու նպատակով:
www.lragir.am/2020/02/29/522721/