ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-հնդկական ռազմական գործարք՝ Թրամփի այցի ֆոնին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-հնդկական ռազմական գործարք՝ Թրամփի այցի ֆոնին

02.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հնդկական մամուլը, հղում անելով կառավարության իր աղբյուրին գրում է, որ հայկական կողմը ձեռք է բերել հնդկական արտադրության ռադարներ՝ 40 միլիոն դոլար արժողության: Ըստ տեղեկության, խոսքը 4 Swathi ռադարների մատակարարման մասին է, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ եւ ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ՝ լինեն դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ: Հնդկական կողմն այդ ռադարների կիրառման փորձ ունի Քաշիմիրի հատվածում, որը Հնդկաստանի եւ Պակիստանի հակամարտության գիծ է:

Ի դեպ, այս հանգամանքը կարող է ունենալ ամենեւին ոչ երկրորդական նշանակություն, հաշվի առնելով Պակիստանի սերտ գործակցությունը Ադրբեջանի հետ:

Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել Հնդկաստանի հետ գործարքը, թեեւ անցնող ժամանակի դինամիկան խոսում է այն մասին, որ կողմերը ընթանում էին դեպի այդ համաձայնություն: Մասնավորապես, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հայ-հնդկական շփումները բավականին աշուժացել էին, այդ թվում պաշտպանական բնագավառի ուղղությամբ: Հնդկաստանի դեսպանը մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Եղել են շփումներ նաեւ քաղաքական ղեկավարության միջեւ:

Իսկ գործընթացի սկիզբը դրվել է թերեւս նախկին իշխանության շրջանում: Համենայն դեպս, 2017 թվականին Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Հնդկաստան, որից մոտ մեկ ամիս անց հնդկական մամուլը առաջին անգամ գրեց ռադարների ձեռքբերումով Երեւանի հետաքրքրվածության մասին:

Հայ-հնդկական ռազմա-տեխնիկական գործակցությունը սակայն պետք է դիտարկել առավել լայն համատեքստով, քան դրա զուտ առեւտրային բաղադրիչը: Հնդկաստանը սպառազինության շուկայում աշխույժ խաղացողներից մեկն է, ելնելով այդ երկրի ռազմա-քաղաքական խնդիրներից եւ իրողություններից: Միաժամանակ, Հնդկաստանը նաեւ ռազմարդյունաբերության զարգացման կորագծում գտնվող պետություն է, տեխնոլոգիական մտքի ներուժով: Այստեղ հայ-հնդկական գործակցությունը կարող է տալ իրապես մեծ արդյունք:

Միաժամանակ, միջազգային անվտանգության լայն համատեքստում Հայաստանն ու Հնդկաստանն ունեն էական ընդհանուր շահեր, հաշվի առնելով երկու երկրների աշխարհքաղաքական մոտ եւ միջին տարածության միջավայրերն ու փոխկապակցվածությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից, եւ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ձեռք է բերել այդ ուղղությամբ ինքնիշխան քաղաքականության լայն հնարավորություն, եւ հայ-հնդկական կոնկրետ գործարքը կարող է լինել դրա կապիտալիզացիայի կարեւոր եւ նշանակալի ուղղություններից մեկը:

Օրերս Հնդկաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որտեղ հայտարարել է միլիարդավոր դոլարի սպառազինության մատակարարման մասին: Այդ հանգամանքը անշուշտ խոսում է Դելիի աճող աշխարհքաղաքական նշանակության մասին, ու խորհրդանշական է այդ ֆոնին նաեւ հայ-հնդկական գործարքի բարձրաձայնումը:

www.lragir.am/2020/03/02/523043/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail