ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Մոսկվան շոկի է ենթարկել Անկարային. Սիրիան վերջինն է մնացել

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Մոսկվան շոկի է ենթարկել Անկարային. Սիրիան վերջինն է մնացել

02.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Ռուսաստանը չի ուզում պատերազմել որեւէ երկրի դեմ, բայց անում է նաեւ այնպես, որ որեւէ երկիր ՌԴ դեմ պատերազմելու ցանկություն չունենա, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Իդլիբում ռուս-թուրքական բախման եւ Էրդողանի Մոսկվա այցի ֆոնին հայտարարությունը բավական բազմիմաստ է:

Էրդողանը մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին հորդորել էր իրեն մենակ թողնել Սիրիայի դեմ: Դրան ի պատասխան, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիայում է այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով, իսկ մյուս երկրները այնտեղ են անօրինական: Ստացվում է, որ Ռուսաստանն ապօրինի է գնահատում Թուրքիայի ներկայությունը Սիրիայում, թեեւ մի քանի անգամներ պայմանավորվել է Թուրքիայի հետ սիրիական իրավիճակի հարցում:

Այժմ չի ստացվում պայմանավորվել, կամ կողմերն ուզում են պայմանավորվել հնարավորինս թելադրող դիրքից: Երբ Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ չի ուզում պատերազմել որեւէ մեկի դեմ, դա ուղղակի դիվանագիտական հռետորաբանություն է ռազմական ուղղությամբ կոշտ դիրքերին զուգահե՞ռ, թե՞ ակնարկ Էրդողանին, որ կարող է լինել պայմանավորվածություն:

Իդլիբում Ռուսաստանը բավական ծանր կացության առաջ է դրել Անկարային, գործնականում առաջին անգամ ցույց տալով կոշտ դիմադրություն: Նկատելի է, որ Անկարան շոկի մեջ է դրանից, որ Ռուսաստանը չի նահանջում, ինչպես նախորդ դեպքերում: Էրդողանը սպառնում է պատերազմով: Նրա խորհրդականը հայտարարում է, որ Ռուսաստանը կքանդեն ներսից, 16 անգամ պատերազմել են ռուսների դեմ, էլի կպատերազմեն: Բայց Էրդողանն այդուհանդերձ գնում է Մոսկվա:

Սակայն Պուտինը բավական բարդ դրություն է ստեղծել նաեւ իր համար: Թուրքիան պահանջում է, որ Ասադը նահանջի: Եթե Ասադը նահանջում է, ապա դա նշանակում է, որ նրան համոզել է Պուտինը, կամ ստիպել: Դա էլ կնշանակի, որ Էրդողանի պահանջն ի վերջո աշխատել է:

Ու քանի որ դա տեղի է ունեցել Մոսկվայի նշաձողի ակնհայտ բարձրացումից ու կոշտացումից հետո, ապա այդ նշաձողը փաստորեն կենթարկվի սրընթաց արժեզրկման, ցույց տալով, որ Պուտինն այդուհանդերձ չի կարող լինել հուսալի դաշնակից: Այդ իմաստով, մի բան է, երբ Անկարան ու Մոսկվան պայմանավորվում են Իդլիբում այս պահին առկա ուժերի դասավորության վրա՝ առաջ չի գնում թե Ասադը, թե Թուրքիան: Այլ բան է սակայն, երբ Ասադը գնում է հետ, թեկուզ կես քայլ:

Այլ կերպ ասած, գործնականում միջազգային ռազմա-քաղաքականության շրջանակում արձանագրվելու է հերթական դեպքը, երբ Ռուսաստանը կդրսեւորվի իբրեւ անվստահելի դաշնակից, որը եթե անգամ աջակցում է ինչ որ մեկին, ապա հետո հարմար «գնով հանձնելու» համար: ՌԴ նախագահ Պուտինն ըստ ամենայնի հստակ պատկերացնում է ներկայում Իդլիբի իրավիճակի նաեւ այդ գինը: Թեեւ, այդօրինակ գնի «ուրվականը» նրա առաջ հառնեց 2016 թվականի ապրիլին, մերկացնելով դրան նախորդած տարիներին հայկական շահերի վրա Թուրքիայի հետ առեւտրի քաղաքականության հետեւանքը:

Ներկայում ամբողջ հարցն այն է, որ Սիրիան մնացել է միակը, որ հնարավոր է հանձնել եւ լուծել ինչ որ հարցեր: Մինչդեռ մարտահրավերները դեռ ավելանալու են:

www.lragir.am/2020/03/02/523236/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail