ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պուտինը կոտրե՞ց Էրդողանին. Ալիեւի նյարդային կրակոցը
02.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը տեղեկություն է տարածել, որ մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ՝ Իդլիբում ստեղծված վիճակը եւ գրեթե պատերազմական բախումը քնննարկելու համար: Էրդողանի աշխատակազմի տեղեկությունը հետաքրքիր է, հաշվի առնելով մի քանի հանգամանք:
Նախ, Թուրքիայի նախագահը օրեր շարունակ խոսում էր Պուտինին «իր դաշտում»՝ Անկարայում սպասելու մասին: Նա հայտարարում էր, որ սպասվում է Իդլիբի հարցի քառակողմ քննարկում՝ իր, Պուտինի, Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ: Ռուսաստանի նախագահի խոսնակը սակայն հայտարարեց, որ Պուտինը մարտի 5-ին ունի բոլորովին այլ պլաններ եւ Անկարա մեկնելը դրանցում չկա, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը չի տեսնում Իդլիբի շուրջ քննարկումներում երրորդ կողմերի ներգրավման անհրաժեշտություն եւ նպատակահարմարություն:
Պուտինը փաստորեն մերժեց Էրդողանի առաջարկը թե ձեւաչափի, թե հանդիպման վայրի իմաստով: Այժմ մարտի 5-ին Էրդողանն է մեկնում Մոսկվա եւ հանդիպելու է Պուտինի հետ նրա «դաշտում», առանց երրորդ կողմերի: Չի բացառվում սակայն, որ երրորդ կողմն այդուհանդերձ դեր ունի այդ հարցում եւ այդ կողմը ԱՄՆ նախագահ Թրամփն է: Էրդողանը Պուտինի մերժումից հետո հեռախոսազրույց ունեցավ նրա հետ, իսկ հետո՝ Թրամփի հետ: Մինչ այդ, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն ըստ էության մերժեցին Թուրքիային ռազմական գործուն աջակցություն ցույց տալու ակնկալիքը, բավարարվելով միայն քաղաքական աջակցության հայտարարություններով:
Ավելին, դրանք խորքային առումով թերեւս ունեին հակառակ նպատակ՝ էլ ավելի կարծրացնել Մոսկվայի դիրքորոշումը: Համենայն դեպս, պուտինյան պրոպագանդայի եւ «գաղափարախոսության» ներկայիս վիճակն այնպիսին է, որ նա չի կարող իրեն թույլ տալ հետ քաշվել, երբ դա հրապարակավ պահանջում է ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն:
Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրույցում Էրդողանին ըստ երեւույթին չի թողել Մոսկվա չմեկնելու այլընտրանք: Այդ ընթացքում Անկարան հայտարարում է Իդլիբում իր ռազմական որոշ հաջող հարվածների մասին, իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը զգուշացնում, որ հարվածելու է թուրքական օդանավերին, եթե դրանք հայտնվեն Իդլիբի երկնքում:
Այդ ֆոնին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն թվիթերյան գրառումով հայտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին, նշելով, թե Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի եւ «կարգավորումը լինի Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հարգանքի վրա»:
Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ըստ այդմ հանդիպումը ունի ֆորմալ հիմք եւ տրամաբանություն, թեեւ հազվադեպ երեւույթ է կարգավորման գործընթացի համար:
Այդուհանդերձ, Չավուշօղլուի թվիթերյան գրառումից տպավորություն է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հարգանքի» եւ Մինսկի խմբի արդյունավետ աշխատելու մասին խոսքերը ավելի շուտ ուղղված են Ալիեւին հանգստացնելուն, քան կազմել են հանդիպման բուն օրակարգն ու բովանդակությունը: Համենայն դեպս դժվար է պատկերացնել, որ Չավուշօղլուն եւ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները հավաքվել էին այդ հանգամանքից խոսելու համար, երբ դրա մասին առանց այդ էլ Թուրքիան խոսում է տարբեր առիթներով, այդ թվում փետրվարի 25-ին Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում:
Այդ դեպքում ինչու՞ հավաքել համանախագահներին, նույն բանը կրկնելու համար: Ավելի հավանական է հավաքը Հայաստանի հայտարարած «մյունխենյան սկզբունքները» քննարկելու համար, որոնց համատեքստը անկասկած անվտանգային լայն շրջանակն է, ոչ միայն զուտ արցախյան հարցը:
Հետեւաբար, մեծ հավանականությամբ հանդիպման օրակարգը Ադրբեջանի «տարածքային ամբողջությունը չէ», Թուրքիան Մինսկի խմբի ձեւաչափով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք երկրների հետ քննարկել է այլ հարցեր եւ ընդամենը թվիթերյան «ռեվերանս» արել Ալիեւին, նրա մոտ լքվածության զգացողություն չառաջացնելու համար:
Բայց նման զգացողություն Ալիեւը թերեւս ունի, ինչն էլ առաջ է բերում վերջին օրերին նրա կրակոցները Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:
www.lragir.am/2020/03/02/523096/