ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Էրդողանը կպահանջի՞, որ Պուտինը հեռացնի Մարգարիտա Սիմոնյանին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Էրդողանը կպահանջի՞, որ Պուտինը հեռացնի Մարգարիտա Սիմոնյանին

02.03.2020 | Քաղաքականություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարություն է տարածել, որը գնահատվել է որպես «խաղաղասիրական»: Նա ասել է, որ Ռուսաստանը չի ուզում պատերազմել ոչ ոքի հետ, բայց պայմաններ է ստեղծում, որ ոչ ոք չուզենա իր հետ պատերազմել: Պուտինը պատմել է հիպերձայնային հրթիռներ ստեղծելուց հետո Ռուսաստանի ռազմական գերակայության մասին:

Սոցցանցերում Պուտինի հայտարարությունը տարբեր կերպ են գնահատել: Ասում են, որ «Պուտինի խաղաղասիրությունը պայմանավորված է նրանով, որ թուրքական զորքն այս մի քանի օրվա ընթացքում նշանակալի հարվածներ է հասցրել սիրիական ու ռուսական ռազմական ենթակառուցվածքներին: Երկու սիրիական ինքնաթիռ է խոցվել, նշվում է, որ Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգեր են ոչնչացվել:

Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ չի երաշխավորում Սիրիայի երկնքում անվտանգությունը Թուրքիայի ավիացիայի համար: Այլ խոսքով, Պուտինն ասում է, որ չարժե, որ Էրդողանը օդ բարձրացնի ինքնաթիռները:

Մարտի 5-6-ին կարող է կայանալ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը, եւ Պուտինի հայտարարությունը նման է կարմիր գծեր գծելուն. չենք պատերազմի, եթե վերադառնաք նախկին դիրքերին ու գործի չդնեք ավիացիան:

Բայց Թուրքիան արդեն պտտել է թափանիվը, որը դժվար կլինի կանգնեցնել: Թուրքիան փախստականների առաջ բացել է Եվրոպայի դուռը եւ այսօր խորհրդարանի փակ նիստ է հրավիրել Իդլիբի հարցով, որտեղ Էրդողանը կարող է ռազմական գործողության իրականացման մանդատ ստանալ:

Բացի այդ, Թուրքիան ակնարկներ է անում Ռուսաստանին՝ ձերբակալելով ու ազատ արձակելով Sputnik Թուրքիայի խմբագիր Մահիր Բոզթեփեին ու այլ աշխատակիցների:

Լրագրողներին բաց են թողել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մեւլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցից հետո: Բայց մինչեւ ձերբակալությունը Sputnik Թուրքիայի աշխատակիցների բնակարաններ էին ներխուժել ցուցարարները եւ սպառնալից կոչեր հնչեցրել:

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին ուշադրություն է հրավիրել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «ոչ անտարբեր» դիրքորոշման վրա: «Ինչ-որ բան հուշում է, որ դա ավելի շուտ խթանում է թուրք ուժայիններին առավելագույն կոշտ միջոցառումների դիմելու, քան հակառակը: Այդ թվում՝ հայրենի հեռարձակողի ղեկավարի ազգանվան համար», – գրել է նա:

«Տեղացի ազգայնականների եւ ուժայինների համար ամենօրյա ու ամենժամյա ներարկվող ռազմական փսիխոզի մթնոլորտում ռուսական լրատվամիջոցների համար աշխատող թուրքը դավաճան է: Իսկ հայերի համար աշխատող թուրքը (իսկ դա այդպես է մատուցվելու) առհասարակ քայլող թիրախ է: Երկիրն է այդպիսին: Այդպիսի պատմությամբ ու այդպիսի մենթալիտետով բնակչությամբ», – ընդգծել է նա:

Սատանովսկին նրբորեն չի հիշել Սերգեյ Լավրովի հայկական ծագումը, բայց դա կարելի էր նաեւ չանել:

Թուրքերը երբեք չեն թաքցրել իրենց «հայկական» բարդույթները, ինչպես եւ ռուսները: Երբ Թուրքիայի կառավարությունն իր կայքում հնարավորություն տվեց երկրի քաղաքացիներին ստուգելու իրենց ծագումնաբանությունը, հարյուր հազարավոր մարդիկ հանկած հայտնաբերեցին իրենց հայկական արմատները: Շատերի համար դա ցնցում էր, եւ դա միայն ուժեղացրեց թուրքերի պաշտպանական արձագանքը:

Ռուսաստանում ավանդաբար արտաքին քաղաքականությունում մեծ է եղել հայերի դերը: ՄԳԻՄՕ-ն հայկական Լազարեւյան ինստիտուտի շարունակությունն է, որից սկսվել է Ռուսաստանի դիվանագիտությունը: Մոսկվան կամ ինտուիցիայով, կամ էլ գիտակցաբար իր դիվանագիտությունն ու քարոզչական ալիքները վստահել է հայերին:

Էրդողանը կպահանջի՞, որ Պուտինը հեռացնի Լավրովին ու Մարգարիտա Սիմոնյանին:

Լուսանկարը Սպուտնիկի

www.lragir.am/2020/03/02/523256/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail