ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ – Հայաստանի նշանակությունն աճում է. Նախիջևանի հարցում պետք է հավակնություններ ներկայացնել
02.03.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
-Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունները Իբլիդում վերջին զարգացումների ֆոնին։ Ի՞նչ է սպասվում այնտեղ, կվերաճե՞ն զարգացումները ռուս-թուրքական պատերազմի։
*Պատերազմ չի լինի, որովհետև Թուրքիան եթե պատերազմի փորձ անի, կստանա միջուկային հարված, դա միանշանակ է։ Այսինքն նրանք հավասար պարտնյորներ չեն նախկինի նման։ Բայց որ լարվածությունն աճում է, դա ակնհայտ է։ Այստեղ մրցակցություն է Միջերկրական ծովի արևելյան հատվածի տարածքում, որովհետև Իդլիբը Ալեքսանդրետի նախկին սանջակի կողքն է, դա Թուրքիայի այն հատվածն է, որտեղից ուզում են հարձակվել, բայց հանդիպել են ռուսական դիմադրությանը։
Դրա համար էլ Թուրքիան անզորությունից պատեպատ է խփվում, օգտագործում է փախստականների գործոնը՝ շանտաժի ենթարկելով Եվրոպային, փախստականներին օգտագործում է որպես թնդանոթի միս։ Դա Թուրքիայի բնավորության տիպիկ դրսևորում է՝ շանտաժ և պետական ահաբեկչություն։
Այսօր Թուրքիան պետական ահաբեկչություն է իրականացնում Հունաստանի հանդեպ։ Հիմա էլ Իսրայելի հարցն են մեջտեղ բերում: Ես ասել եմ ու կրկնում եմ, որ եթե Էրդողանի տրամադրությունները մնան նույնը և ենթադրենք՝ Թուրքիան ավելի հզորանա, ինչը գրեթե անհնար է, Իսրայելին ծովն է շպրտելու։ Դրա համար Իսրայելին շատ արագ դաշինք է պետք Հայաստանի հետ, և պետք է Իսրայելը թքի Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Ուրիշ ճանապարհ չունեն մեծ հաշվով։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին. թուրքական շանտաժն այսօր Սիրիայի տարածքում է, վաղը նույնը Ադրբեջանն է անելու։ Եթե այդ պետությունները խորը մտածեն, պետք է Հայաստանի հետ գան դաշինքի։
Այդ առումով Հայաստանի նշանակությունն անչափ աճում է։ Վերջերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը՝ Արցախը ներառյալ, պատասխանատվություն ունի իր անվտանգության, տարածաշրջանի և նաև համաշխարհային քաղաքականության մեջ, ու դա շատ ողջունելի է։ Դա մտքի թռիչք է ճիշտ ուղղությամբ։ Սա մեծացնում է հայկական գործոնի դերը փոփոխվող աշխարհակարգում։ Հիմա երկու ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների մրցակցություն է, որը դարերով ընթանում է։
Չզարմանաք, բայց ռուսն ու թուրքը իրար շատ լավ են հասկանում։ Այս անգամ կարծես թե ռուսները տրամադրված են ավելի արմատական, որովհետև Թուրքիայի նկրտումները վտանգավոր են, դրա համար էլ ռուսները Սիրիայում դուրս են շպրտում թուրքերին։
-Վերջերս Էրդողանը Բաքվում խոսեց Նախիջևանի, Արցախի խնդրի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները։
*Թուրքիան դրանով հերթական շանտաժն է անում։ Չվախենաք, այսօր Հայաստանի դիրքն այնպիսին է, որ Հայաստանն է, որ Նախիջևանի հարցում պետք է հավակնություններ ներկայացնի՝ լայնորեն համագործակցելով ռուսների հետ։ Իսկ թուրքերն ամեն ինչ էլ կասեն, իրենց պատեպատ են տալիս։ Մի քիչ իրենց վիճակը լավացել է, ուզում են անպայման հզորություն ունենալ, արդեն Տրիպոլի են հասել։ Բայց Թուրքիայի տնտեսությունն այդ ծանրությանը չի դիմանա։ Թուրքիան այս խառնակչություններով ուրիշի տարածքում իր անվտանգությունն է ապահովում, ընդ որում, ինքն էլ ապրում է ուրիշի տարածքներում։
Երկրորդ, մենք տեսնում ենք «փառաբանված» թուրքական բանակի վիճակը, թե ոնց են սիրիական բանակի հարվածների տակ զոհեր տալիս ու ճողոպրում։ Դրա համար է Թուրքիան Եվրոպա քշում փախստականներին։ Ջախջախվում է ճակատում, դրա համար շանտաժ է անում խեղճ ու կրակ փախստականներով, որոնք պատանդ են դարձել թուրքերի ձեռքին։ Այսինքն Թուրքիային կարելի է մեղադրել համաշխարհային քաղաքականության մեջ ահաբեկչությամբ և շանտաժով զբաղվելու մեջ։ Հայաստանը, Հունաստանը և մի շարք այլ երկրներ ճիշտ կանեն, եթե իրենց միջոցներով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բարձրացնեն Թուրքիայի՝ որպես ահաբեկիչ պետություն ճանաչելու հարցը։
Սա նաև ցույց տվեց Թուրքիայի «փառաբանված» բանակի իրական վիճակը։ Ես դեռ վաղուց եմ ասել, որ թուրքական բանակը նույնիսկ քրդական Փեշմերգայի հարցերը չի կարողանում լուծել իր տարածքում։ Թուրքիան հին տեխնիկայով է կռվում, նոր տեխնիկա չունի։ Թուրքական բանակը շատ է զինված, բայց անորակ ու հին տեխնիկայով։ Հիմա էլ մուննաթ է գալիս Արևմուտքի վրա։ Ինձ թվում է, որ վախենալու բան չունեն ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ամերիկան։ Նրանք թուրքական լեշը ոչ փրկելու հավես ունեն, ոչ էլ տրամադրություն, քանի որ Թուրքիան 3 օր առաջ իրենց էր «քցում» ռուսների հետ միասին։
Սա նաև ցույց է տալիս Թուրքիայի այսպես կոչված «փառաբանված» քաղաքականության սնանկությունը։ Ոչ ՆԱՏՕ-ն, որ Ամերիկան ու Եվրոպան այս անգամ չեն մասնակցի այս գործընթացին, որովհետև նրանցից որևէ մեկը զահլա չունի ռուսական բանակի միջուկային հատվածի հետ հանդիպելու։ Մենք նաև պետք է նկատի ունենանք, որ գուցե մի պահ կգա, որ մենք էլ մեր հավակնությունները ներկայացնենք։ Ամենատխմար տեսակետն է, որ Հայաստանը պետք է մի անկյունում թաքնվի, որ մարդ չտեսնի։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ որքան շատ ենք թաքնվում, այնքան ավելի շատ են անօդաչու սարքեր հայտնաբերվում։
-Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դերակատարումն այս պայմաններում:
*Մեր պետությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ շահ ունենալու համար։ Դրա համար Հայաստանում գողապետության մնացորդները շատ արագ պետք է ոչնչանան։ Հայաստանը մաֆիա չպետք է ունենա, ժողովրդավարությունը շատ արագ պետք է հաղթանակի, թարախապալարը պետք է ոչնչացվի։ Երկու նախկին նախագահների և նրանց շրջապատի ունեցվածքը պետք է ազգայնացվի և այդ կարողություններով նորագույն զենք ու սպառազինություն պետք է գնվի։ Իսկ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներում մեր միակ դաշնակիցը, հարազատը եղել և մնում է հայկական բանակը։


www.lragir.am/2020/03/02/523250/