ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է Վրաստանին. Բաթումին թիրախ է
04.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Թուրքիան աստիճանաբար ավելի շատ խնդիրներ է ունենում հարեւանների հետ եւ դա մեզ անհանգստացնում է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում: Նիկոլ Փաշինյանը հիշատակել է Թուրքիայի խնդիրները Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի հետ:
Հարեւանների հետ Թուրքիայի խնդիրների աճի առնչությամբ Հայաստանի անհանգստությունն արտահայտելով, վարչապետ Փաշինյանն անկասկած ակնարկում է, որ նույնքան անհանգստանալու առիթ ունի նաեւ Վրաստանը:
Եվ այդ հանգամանքն իհարկե պայմանավորված չէ լոկ այն իրողությամբ, որ Վրաստանն էլ հարեւան է: Խոսքը Բաթումիի հանդեպ թուրքական հավակնության մասին է: Բաթումին լինելու է Թուրքիայի հաջորդ թիրախը: Ընդ որում, այնպես չէ, որ լինելու է թիրախ այն բանից հետո, երբ Թուրքիան կավարտի իր խնդիրները մյուս հարեւանների հետ, այլ՝ հենց այն պատճառով, որ մյուս ուղղություններով Թուրքիան կարող է խրվել:
Այդ դեպքում Բաթում կարող է լինել «ելք» Անկարայի համար, այլ ուղղություններով խնդիրների պարագայում:
Հանգամանքներն այստեղ բազմազան են, ներառյալ Նախիջեւանի խնդիրը, որը Թուրքիայի առաջ կարող է բարձրանալ Ռուսաստանից եւ Իրանից: Դրանով է պայմանավորված Բաքվի փորձագիտական շրջանակներում առաջ մղվող միտքը, որ Նախիջեւանի հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի քննարկելիքն է՝ չի կարող լինել երրորդ կողմ:
Նախիջեւանի հարցը լուծվել է 1921 թ. ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրով: Աշխարհաքաղաքական իրողություններն ու ժամանակը Մոսկվային ու Անկարային բերում են առերեսման այդ պայմանագրի հարցում: Խուսափել թերեւս չի ստացվի: Այդ պայմանագրով է Բաթումին անցել Վրաստանին, Նախիջեւանի, Արարատ-Սուրմալուի դիմաց:
Հայաստանի վարչապետը գործնականում այդ հարցն է շոշափել Վրաստանում, հայ համայնքի հետ հանդիպմանը: Նշանակու՞մ է, որ հարցը քննարկվել է նաեւ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Համենայն դեպս տարօրինակ կլինի, եթե այն չհայտնվի հայ-վրացական օրակարգում, նկատի առնելով թե քաղաքական, թե կոմունիկացիոն խնդիրները Հայաստանի համար:

www.lragir.am/2020/03/04/523682/