Թուրքիան հասավ իր նպատակին. Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը
06.03.2020 | Քաղաքականություն | Lragir.am:

Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցությունները տեւել են մի քանի ժամ, որոնց արդյունքում համաձայնեցվել է փաստաթուղթ հրադադարի վերաբերյալ: Դրա հիմնական կետերն են՝ դադարեցվում են բոլոր տեսակի ռազմական գործողությունները, ստեղծվում է 6 կիլոմետրանոց անվտանգության գոտի Մ-4 մայրուղու շուրջ, որտեղ մարտի 15-ից համատեղ պարեկություն են անելու Ռուսաստանն ու Թուրքիան:
Ինքնին փաստը, որ Թուրքիան ու Ռուսաստանը զինադադար են կնքում Սիրիայում, ուշագրավ է: Խնդիրն այն է, որ այս երկու երկրները պաշտոնապես իրար դեմ չեն կռվում, պատերազմում են Սիրիայի բանակը եւ Թուրքիայի ուժերն ու նրանց աջակցող տարբեր խմբավորումները: Պուտինը Էրդողանի հետ բանակցությունից հետո հայտարարել է, թե պայմանավորվածությունների մասին տեղեկացնելու է Սիրիայի նախագահ Ասադին:
Մոսկովյան հանդիպման նախօրեին ծավալված մարտերի ընթացքում Սիրիայի բանակը ձգտում էր վերականգնել Մ 4 մայրուղու վերահսկողությունը, որը ռազմավարական նշանակություն ունի Հալեպի եւ Իդլիբի վերահսկողության տեսակետից: Մայրուղին կարեւոր էր Ռուսաստանի համար, քանի որ այն Սիրիայում ռուսական բազաները կապում է Հալեպի հետ: Փաստացի, մայրուղին ներկայում անցնում է ռուս-թուրքական վերահսկողության տակ, եւ այդ իմաստով Էրդողանը հասավ իր նպատակին՝ պահպանեց մայրուղու հանդեպ իր վերահսկողությունը եւ Իդլիբում շփման գիծը: Թեեւ, Այս մայրուղու հանգուցային Սարակիբ քաղաքը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ:
Հասկանալի է, որ մի քանի ժամ տեւած բանակցությունները չէին կարող սահմանափակվել միայն ընդունված փաստաթղթի շրջանակներում, եւ քննարկվել է հարցերի ավելի լայն շրջանակ: Սիրիայում այս երկրները լուծում են տարբեր խնդիրներ, որոնք դուրս են զուտ սիրիական սահմաններից: Ռուսաստանը լուծում է իր ռազմական ներկայության խնդիրը, մյուս կողմից՝ ռազմական էսկալացիայի արդյունքում փախստականների հոսքը Եվրոպա, այդպիսով փորձելով Արեւմուտքին հակել երկխոսության՝ պատժամիջոցները հանելու հեռանկարով:
Թուրքիան նույնպես դեմ չէ Եվրոպային փախստականներով շանտաժելու փորձերին, եւ այստեղ ռուս-թուրքական շահերը համընկնում են: Անկարան փորձում է պահպանել իր տարածքային նվաճումները Սիրիայում եւ միջազգայնորեն լեգիտիմացնել: Առայժմ Թուրքիայի գործողությունները «լեգիտիմացվում» են ռուս-թուրքական սեպարատ համաձայնություններով, եւ այս փուլում դա լիովին բավարար է Անկարային:
Ռուս փորձագետները կարծում են, որ Մոսկվայում պայմանավորվածությունները միջանկյալ բնույթ ունեն, եւ շատ բան դեռեւս հստակ չէ: Չի բացառվում, որ Թուրքիան հաջորդ փուլում փորձի իրականացնել Սիրիայի բաժանումն էթնո-կրոնական անկլավների՝ Իդլիբի օրինակով:
www.lragir.am/2020/03/06/524386/