ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայ-վրացական օրակարգն անհանգստացրել է Բաքվին
06.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ադրբեջան եւ հանդիպում ունեցել այդ երկրի նախագահի, պաշտպանության նախարարի հետ: Պաշտպանական բնագավառում այդ երկրների գործակցությունը նոր չէ, անգամ առկա է եռակողմ՝ Թուրքիայի ներգրավվածությամբ ձեւաչափը: Իրակլի Ղարիբաշվիլիի ադրբեջանական այցը առանձնահատուկ ուշադրություն է գրավում փետրվարի 27-ին նրա Հայաստան այցի ֆոնին, ու նաեւ մարտի 3-4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի ֆոնին: Դրա ընթացքում օրակարգի առանցքային հարցերից է եղել անվտանգությունը:
Հայաստանն ու Վրաստանն այդ հարցում բնական դաշնակիցներ են, թեեւ Վրաստանն իհարկե չի հրաժարվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունից, միանգամայն հասկանալի եւ տրամաբանական պատճառներով: Խնդիրն այն է սակայն, թե ինչ բնույթի են լինելու դրանք, եւ այդ հարցում Վրաստանի համար էական է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերության բովանդակությունն ու բնույթը: Դա խիստ կարեւոր հանգամանք է ոչ միայն թուրք-ադրբեջանական աքցանին դիմակայելու, այլ նաեւ ռուսական խնդիրը զսպելու եւ կառավարելու տեսանկյունից:
Այդ իմաստով, նախօրեին Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն փորձն ու նախորդող օրերին կրակոցները հասցեագրված են ոչ միայն Հայաստանին, կամ հնարավոր է Մինսկի խմբի համանախագահներին, այլ նաեւ Վրաստանին: Հատկանշական է, որ դրանք տեղի էին ունենում հայ-վրացական բարձր մակարդակի ինտեսիվ բանակցության փուլում, որտեղ Երեւանն ու Թբիլիսին գործնականում առաջին անգամ բավական բաց տեքստով են անդրադարձել անվտանգային խնդիրներին:
Բանն այն է, որ Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանը դե ֆակտո նաեւ Վրաստանին սահմանակից հատված է, ըստ այդմ Թբիլիսիի համար բավական զգայուն հանգամանք, ինչն էլ հնարավոր է օգտագործում է Բաքուն:
Ի դեպ հիշարժան է, որ միջազգային համացանցային ռեսուրսներն ամիսներ առաջ արբանյակային լուսանկարով ուղեկցեցին տեղեկություն, որ Բաքուն ռազմական դիրքեր է հաստատել ընդհուպ Վրաստանի վարչական սահման համարվող տարածքներում: Բաքվի պատմա-քաղաքական եւ գործնականում նաեւ ռազմական հավակնությունները ուղղակի ցերեկվա լույսի ներքո Վրաստանը զգում է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցում:
Այդ ամենն անշուշտ միայն սկիզբն է: Հայաստանի վարչապետը Թբիլիսիում հայտարարել էր, որ Հայաստանի տարածքը որեւէ վտանգ չի ներկայացնի Վրաստանի համար, եւ Վրաստանի տարածքը որեւէ վտանգ չի ներկայացնի Հայաստանի համար: Այլ կերպ ասած, հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը պետք է ենթադրի թիկունքի փոխադարձ զգացում:
Ի վերջո, անկախ Վրաստանում զարգացումներից, Ադրբեջանն ու Թուրքիան այդ երկիրը դիտարկելու են թե Ռուսաստանի «փորոտիք», թե Հայաստանի թիկունք, ըստ այդմ կառուցելով իրենց ագրեսիվ ծրագրերը Վրաստանի նկատմամբ: Ըստ այդմ, Վրաստանում էլ Հայաստանի հետ փոխադարձ թիկունքի զգացումը կարող է միայն բարձրացնել դիմադրունակությունն ու թուրք-ադրբեջանական մտադրությունների կանխարգելման ներուժը:
www.lragir.am/2020/03/06/524529/