
11 դեկտեմբեր 2015
Նախագահ Սերժ Սարգսեան այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամներուն եւ ՀՅԴ 125-ամեակի տօնակատարութեան մասնակիցներուն յղած է շնորհաւորական ուղերձ, ուր, մասնաւորապէս, ըսուած է.
«Յարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
«Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցութեամբ:
«Հիմնադրումից ի վեր` կուսակցութիւնը հանդիսացել է հայոց քաղաքական կեանքի առաջատար ուժերից մէկը` մշտապէս հանդէս գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում եւ իր ուժերի ներածին չափով ձգտելով նպաստել մեր արդար դատին:
«Անուրանալի է կուսակցութեան դերակատարութիւնն անկախ հայոց պետականութեան վերականգնման գործում: Արամ Մանուկեանի եւ նրա զինակիցների անունը նուիրական է ողջ հայ ժողովրդի համար: Նրանց սխրանքը ոսկէ տառերով է գրուել հայոց պատմութեան էջերում:
«1921 թուականին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երթն ընդհատուեց մայր Հայաստանում: Սակայն դա ամենեւին չթուլացրեց այս կազմակերպութեան շրջանակներում համախմբուած ազատատենչ հայորդիների նուիրումը հայրենիքին: Ընդհակառակը, ՀՅԴ-ն ամրապնդուեց սփիւռքում, յամառօրէն լծուեց հայապահպանութեան գործին եւ սերնդեսերունդ փոխանցեց Հայաստանի անկախ պետականութեան տեսլականը:
«Ուրախալի է, որ այսօր եւս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը շարունակում է լրջագոյն ջանքեր գործադրել սփիւռքում հայապահպանութեան ուղղութեամբ` հակազդելով մեր քոյրերի եւ եղբայրների ուծացմանը:
«Հայաստանի երրորդ Հանրապետութեան առաջին իսկ ընձեռած հնարաւորութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերահաստատուեց հայրենիքում: Չնայած որոշ դժուարութիւններին եւ վայր ի վերումներին` այս աւանդական կուսակցութիւնը զբաղեցրեց իր արժանի եւ կայուն տեղը Հայաստանի քաղաքական կեանքում: Դրա վկայութիւնն է ՀՅԴ շարունակական ներկայութիւնը Հայաստանի երրորդ Հանրապետութեան բոլոր գումարումների խորհրդարանում: Այս առումով այն մեր երկրի եզակի քաղաքական ուժերից մէկն է:
«Կուսակցութեան ընդդիմադիր կարգավիճակը բնաւ չխոչընդոտեց Հայաստանի իշխող քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համագործակցութեանը Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան բարեփոխման ընթացքում: Աւելին, բանավիճելով, փոխզիջումներով համաձայնութեան գալով, մենք բոլորին ի ցոյց դրեցինք քաղաքական ուժերի համագործակցութեան մի օրինակ, որը միտուած էր համազգային նշանակութեան հարցերի լուծմանը:
«Կրկին շնորհաւորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեր գործընկերներին այս նշանակալի յոբելեանի առթիւ: Հայաստանը հզօր է եւ ամուր նաեւ ձեր գործունէութեան շնորհիւ: Մաղթում եմ ձեզ նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ` յանուն մեր ազգային իղձերի իրականացման: Համոզուած եմ, որ ձեր ներուժն ու կարողութիւնները մշտապէս պահանջուած են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը>>:
ԵՌԱԳՈՅՆ
http://www.yerakouyn.com





