ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Ալիեւը Ադրբեջանը չգտավ քարտեզին. Ինչ կլինի, եթե Թուրքիան ու Ռուսաստանը չկարողանան նորից պայմանավորվել
08.03.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թովուզի շրջանում մասնակցել է պատմաերկրագիտական թանգարանի բացմանը:
Ալիևը ծանոթացել է ցուցանմուշներին ու նախատել Թովուզի շրջանի ղեկավար Մամեդ Մամեդովին: «Սա ո՞ր դարի քարտեզ է: Պետք է գրել: Ամեն քարտեզի տակ պետք է գրվի, թե որ դարի է, որովհետև պետություններ ու սահմաններ են փոխվել: Որտեղի՞ց եք վերցրել այս քարտեզը: Մշակույթի նախարարությունի՞ց: Գրված են հնագույն անվանումներ, օրինակ, Սիսիան:
Այն ժամանակ Սիսիան անվանում չկար, հետո են հորինել: Քարտեզի վրա Ադրբեջանի ներկայիս տարածքի վրա ոչ մի պատմական անվանում չկա բացի Մինգեչաուրից, չնայած Բարդան, Գաբալան, Նախիջևանը մեր հնագույն քաղաքներն են… այստեղ նշված չի Կովկասյան Ալբանիա պետությունը, բայց տեսեք ինչ տառերով է գրված Ուրարտու», – ասել է Ալիևը:
«Իսկ եթե երեխան հարցնի՝ ու՞ր է իմ հայրենիքը, ու՞ր են մեր հնագույն քաղաքները: Դրա փոխարեն Ուրարտու է տեսնում», – ասել է Ալիեւը:
Սա հումորային հաղորդում չէ, այլ պաշտոնական տեղեկություն: Ադրբեջանում իրոք չգիտեն ինչպես հիմնավորել այդ անունով պետության գոյությունը: Չգիտեն, թե Բաքուն ինչ փաստարկներ է առաջ քաշելու, երբ նավթն ավարտվի, իսկ Ադրբեջանը որպես նավթային տակառ կորցնի իր նշանակությունը: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ու Ռուսաստանը չկարողանան նորից պայմանավորվել: Մի՞թե ստիպված են լինելու հողերը վերադարձնել օրինական տերերին:
Թուրքիան նույնպես անհանգիստ է: Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու միջպետական հարաբերությունների հաստատման 100-ամյակին: Այդ հարաբերությունների հիմքը Հայաստանի բաժանման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունն է:
Հայաստանն էլ պատրաստվում է Սեւրի պայմանագրի 100-ամյակին: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ու նրա հետ քննարկել Հայոց ցեղասպանության 105-ամյակի ու Սեւրի պայմանագրի 100-ամյակի միջոցառումները:
Աթաթյուրքի մահվան 79-ամյակի միջոցառմանն Էրդողանը հայտարարել էր. «Ուժերը, որոնք Թուրքիային ստիպել էին նահանջել ազատագրական պայքարի սահմաններից, այսօր փորձում են ստիպել Անկարային վերադառնալ Սեւրի պայմանագրի պայմաններին»:
2016 թվականի աշնանը նա կոչ է արել վերանայել 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որով ձեւակերպվեց Օսմանյան կայսրության փլուզումը, երբ Թուրքիան կորցրել էր Օսմանյան կայսրության երբեմնի տարածքների, այդ թվում՝ Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Տրիպոլիտանիայի, Անդրհորդանանի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Էգեյան ծովի կղզիների ու Միջագետքի վրա վերահսկողությունը: Միայն Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ Թուրքիան իրեն պահեց հայկական տարածքները:




www.lragir.am/2020/03/08/524931/