ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նոր հարված Ռուսաստանին. պայմանը մեկն է՝ կամ Պուտինը, կամ Էրդողանը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նոր հարված Ռուսաստանին. պայմանը մեկն է՝ կամ Պուտինը, կամ Էրդողանը

09.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Մարտի 9-ը՝ մարտության տոնը դեռեւս շարունակող Ռուսաստանը դիմավորում է երկու տհաճ տեղեկությամբ, որը խոսում է Ռուսաստանի դաշնության համար միջազգային ոչ միայն ամենեւին ոչ տոնական, այլ բավական մռայլ իրավիճակի մասին: Նավթի շուկայում տեղի է ունեցել ահռելի գնանկում, հասցնելով գինը 31 դոլարի: Որքան կմնա այդ վիճակը, բարդ է ասել, սակայն իրավիճակը միջազգային փորձագետները գնահատում են Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ սկսված «նավթային պատերազմով»:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում էին կանխել ռուս-թուրքական պատերազմը Սիրիայում: Մոսկվայում հայտարարվեց, թե ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն, ինչը սակայն ուներ այնպիսի բնույթ ու անտուրաժ, որ ավելի շատ խոսում էր չպայմանավորվելու մասին:

Արդյոք Պուտինը շտապեց կանգնեցնել Իդլիբի պատերազմը, նավթի պատերազմը վարելու համար, քանի որ չափազանց բարդ էր լինելու վարել երկու հիմնարար պատերազմ՝ ռազմական ու տնտեսական, առավել եւս դրանց փոխկապակցվածության պայմաններում, երբ ռազմական պատերազմի հիքում նավթադոլարներն են:

Մյուս տհաճ նորությունը ՌԴ համար այն է, որ մարտի 9-ին Հաագայի տեղական դատարանում՝ ոչ միջազգային տրիբունալում, մեկնարկում է դեռեւս 2014 թվականին Դոնբասի երկնքում մալայզիական Բոինգի խոցման գործի դատավարությունը: Դա կարող է լինել միջազգային մասշտաբի աղմկոտ դատավարություն: Մարդատար Բոինգի խոցման ողբերգական դեպքը քննող նիդերլանդական դատախազությունը եզրակացրել էր, որ այն խոցվել էր Ռուսաստանից բերված ԲՈՒԿ զենիթային համակարգով: Զոհվել է մի քանի հարյուր մարդ, որոնք Ամստերդամից ուղեւորվում էին Կուալա Լումպուր:

Ռուսաստանի մարտահրավերն այստեղ պարզ է: Սկսվում է գործընթաց, որը կարող է տեւել տարիներ եւ բավական տհաճ հարցեր առաջացնել Մոսկվայի համար:

Ռուսաստանի նախագահ Պուտինը տարեսկզբին Պետդումային հղած ամենամյա ուղերձում փաստացի ազդարարեց իշխանության տարանցման կամ փոխանցման գործընթացի մեկնարկ, թեեւ նրա ներկայացրած մեխանիզմը գնահատվեց տարբեր կերպ, այդ թվում այլ կերպ իշխանությունը պահելու մտադրություն: Պուտինն օրերս հայտարարեց, որ ամենեւին մտադիր չէ զբաղեցնել նոր լիազորություն ստացող Պետխորհրդի ղեկավարի պաշտոնը, քանի որ դա կբերի երկիշխանության, որովհետեւ միաժամանակ սխալ է համարում ուժեղ նախագահական կառավարումից հրաժարվելը: Ունի՞ Պուտինը հեռանալու, իշխանությունն իրապես փոխանցելու մտադրություն: Կամ, կա՞ այդպիսի հարց ռուսական տնտեսա-քաղաքական օրակարգում: Պուտինին դիտարկում են ավելի շատ երաշխավո՞ր՝ փողի եւ իշխանության, թե՞ այլեւս ավելի շատ վտանգ, սպառնալիք՝ հաշվի առնելով միջազգային մռայլ միջավայրը:

ՌԴ նախագահը նույն ուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ է նոր աշխարհակարգի շուրջ քննարկում սկսել՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների առաջնային իրավունքով: Հոլոքոսթի 75-ամյակին նա գաղափարը կրկնեց Իսրայելում: ՌԴ արտգործնախարարն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը համաձայն է գաղափարին: Բայց ի՞նչ պայմանով է ԱՄՆ-ն համաձայն:

Ռուսաստանի դեմ գործընթացները վկայում են, որ Պուտինին համաձայն են ներգրավել աշխարհակարգի շուրջ քննարկումներում, բայց առանց նրա պայմանների: Առավել եւս, երբ դրանց շարքում է կարծես թե նաեւ Էրդողանը, որի հետ Պուտինը լուռ դիմակայության մեջ է, բայց որը երկուսն էլ՝ Էրդողանն ու Պուտինը, փորձում են թանկ գնով վաճառել կամ պայման դարձնել Եվրատլանտյան բեւեռի համար:

Մոսկվայում նրանց պայմանավորվածությունից հետո կարծես թե բավական հստակ հասկացնում են առանցքային պայմանը. նոր աշխարհակարգում կա առավելագույնը մեկ տեղ՝ կամ Պուտինի, կամ Էրդողանի համար: Ավելիին, այն էլ համատեղ հավակնելը ճակատագրական կլինի երկուսի համար էլ:

www.lragir.am/2020/03/09/525146/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail