Մյունխենի ռուսական գաղտնազերծումը – Ալիեւը մերժում է հայկական բոլոր թեզերը

Մյունխենի ռուսական գաղտնազերծումը – Ալիեւը մերժում է հայկական բոլոր թեզերը

Փետրվար 19,2020 – «Առավոտ» – Սկիզբը՝ այստեղ:

Ալիեւը մերժում է հայկական բոլոր թեզերը

Մյունխենյան քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանի նախագահի որոշ մեղադրանքներին: «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիեւն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որեւէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան:

Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետեւ ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն եւ սկսել օրինակ մ.թ.ա. 405թ., բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է»: Փաշինյանը փորձեց Ալիեւին բերել կառուցողական դաշտ, ստիպված լինելով պատասխանել նրա պատմական էքսկուրսներին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին որպես պետության, գիտեք ես պետք է ասեմ, որ չեմ համաձայնի նախագահ Ալիեւի հետ: Քանի որ Կովկասյան Բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, եւ այդ որոշումից հետո, որը ամբողջովին օրինական որոշում էր, Իոսիվ Ստալինի անձնական նախաձեռնությամբ, այդ որոշումը Մոսկվայում փոխվեց:

Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի եւ Աթաթուրքի միջեւ: Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձեւավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում: Իմ հարցն այն է, թե եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը` դառնալով անկախ պետություն, ինչպե՞ս էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից:

Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն` Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը, նույնպես գոյություն չունի: Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, եւ դա ճշմարտություն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն եւ Խորհրդային Միությունից, եւ Խորհրդային Ադրբեջանից»:

Գալով ՄԱԿ-ի ԱԽ փաստաթղթերին, նա հիշեցրեց, որ դրանց ընդհանուր իմաստն է, որ անհապաղ պետք է հաստատել հրադադար, դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները, եւ որ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել ԱԽ փաստաթղթի պայմանները, եւ շատ կարեւոր է նշել դա:

Հիշեցնենք, որ 1993 թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունեց չորս բանաձեւ՝ 822 (1993 թ., ապրիլի 30), 853 (1993 թ., հունիսի 29), 874 (1993 թ., հոկտեմբերի 14), 884 (1993թ., նոյեմբերի 12)։ Դրանց առաջնահերթ եւ կարեւորագույն պահանջն էր՝ կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Մեջբերենք հատված ՄԱԿ-ի ԱԽ 884 բանաձեւից. «Կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործադրել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայության կողմից 822 (1993թ.), 853 (1993թ.) եւ 874 (1993թ.) բանաձեւերի պահանջները կատարելու նպատակով, եւ ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն իրենց զինված արշավը շարունակելու համար»:

Ադրբեջանի կողմից արդեն 27 տարի շահարկվող բանաձեւերում Հայաստանը ագրեսոր ու օկուպանտ չի ճանաչվել, հետեւաբար այստեղ եւս հստակ Ալիեւին պետք էր՝ ներկաների համար ավելի ընկալելի ձեւով, ինչպես ասում են՝ տեղը դնել:

Փաշինյանը նկատելիորեն փորձում էր հայկական կողմի կառուցողական լինելու, բանակցային գործընթացին հավատարիմ մնալու վրա շեշտը դնել՝ կարեւորելով «միկրո հեղափոխությունների» նշանակությունը բանակցային գործընթացում: Նա մի քանի անգամ ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, միջազգային հանրությունը պետք է հստակ եւ միանշանակ կերպով դա շեշտի եւ ասի, եւ «եթե որեւէ մեկն այլ կերպ է մտածում եւ ասում է, թե կա ԼՂ-ի հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ` ԼՂ-ի ժողովուրդը կպատասխաներ, որ այդ պարագայում ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է: Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տեւական, հարատեւելի խաղաղություն»:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ԼՂ-ն չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ՀՀ-ն եւ ԼՂ-ն պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատեւելի խաղաղություն ստեղծելու համար: Նա կոչ արեց Ալիեւին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը. «Այն է՝ ձեւավորել հարատեւելի խաղաղություն եւ կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաեւ որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր: Եվ մեր պարտականությունը, մեր պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումն ունենալ գլոբալ, համաշխարհային անվտանգության մեջ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն եւ ԼՂ-ն պատրաստ են դրան»:

Բանակցային գործընթացին, խաղաղության գործընթացին հավատարիմ մնալը, ինչպես նաեւ բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կարեւորելը հրապարակային հարթակում կարեւոր էր: Սակայն նույնքան կարեւոր էր ներկայացնել Ալիեւի՝ շուտով արդեն 2 տասնամյակի ընթացքում վարած հայատյացության, ռազմատենչ քաղաքականությունը եւ դրանց հետեւանքները:

Ալիեւն օգտվում է Փաշինյանի մինի հեղափոխություն իրականացվելու պատրաստակամությունից՝ պաշտոնական Բաքվի պահանջներն էլ ավելի կարծրացնելով, ընդ որում՝ պատասխանատվության զգացում չունենալով ոչ 90-ականների պատերազմ սկսելու, ոչ էլ 2016թ. ապրիլյան պատերազմը սանձազերծելու համար: Ավելին՝ Ալիեւը Մյունխենում հրապարակային ներկայացրեց պայմաններ, թե երբ կխոսի Արցախի ղեկավարության հետ, հստակ հասկացնել տալով, որ երբեք չի համաձայնելու բանակցություններին Արցախի իշխանությունների վերադարձին: Այստեղ կարեւոր է, որ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ եւ բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից, եւ դա երկու անգամ է տեղի ունեցել. 1992թ. մարտի 24-ին եւ 1994թ. Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովում:

Հաջորդ կարեւոր հանգամանքը, արդեն վաղուց պարզ է, որ Ալիեւին չի հետաքրքրում Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, թեզը: Այդ միկրո հեղափոխությունն Ալիեւը չի իրականացնելու: Ո՞րն է այս դեպքում պաշտոնական Երեւանի պատասխանը: Ինչո՞ւ ոչ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը եւ միջազգային ճանաչման գործընթացին զարկ տալը՝ բանակցային գործընթացին զուգահեռ:

Ալիեւը կողմ է ռուսական պլանին: Իսկ Փաշինյա՞նը

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում «Կոմերսանտ» ռուսական պարբերականի լրագրողը հարց ուղղեց կողմերին հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ: Սա այդ քննարկման, թերեւս, ամենակարեւոր նրբերանգն էր: Ադրբեջանի ղեկավարը ճարպկորեն իրեն դրսեւորեց:

Հարց հնչեց, թե՝ ՌԴ-ն այն պետություններից է, որը փորձում է լուծում բերել: «Առաջարկներից մեկն այն էր, որ միգուցե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետոյին եւ փորձել անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն: Օրինակ՝ ԼՂ-ի շուրջ առկա շրջանների հետ կապված, միջանցք ստեղծելու հետ կապված եւ այլ քայլեր: Տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն միջանկյալ մի լուծման, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյի եւ այլ հարցեր հիմա այս փուլում կլուծի»:

Նշյալ հարցին նախ պատասխանեց Իլհամ Ալիեւը՝ նշելով. «Դա հնարավոր է։ Այդ առաջարկը լրջորեն դիտարկվեց մեր կողմից։ Ընդհանուր առմամբ տվեցինք մեր համաձայնությունը։ Պարզ է, որ պետք է այս հակամարտությունը փուլերով լուծենք։ Առաջին փուլը պետք է լինի օկուպացված տարածքների մի մասի ազատագրումը, եւ դա կա ռուսական առաջարկի մեջ։ Այնուհետեւ ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձ այդ տարածքներ, այդ տարածքների վերաբնակեցում, այդ նույն ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացում եւ ԼՂ կարգավիճակը քննարկվի հետագայում, երբ երկու կողմերը պատրաստ լինեն։ Առանց տարածքների ազատագրման սկսելը հնարավոր չէ համաձայնեցնել կարգավիճակը։ Կարգավիճակը չպետք է խանգարի կամ խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Ալիեւի վերոնշյալ մտքերին Փաշինյանն այսպես արձագանքեց. «Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Դուշանբեում՝ Տաջիկստանի մայրաքաղաքում, դրանից հետո նախագահ Ալիեւի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք, այդ հանդիպումից հետո լարվածությունը, ընդհանուր առմամբ, աննախադեպ անկում ապրեց եւ մենք կարողացանք ուղիղ գիծ ստեղծել, կոնտակտի, շփման եւ տեղեկատվության փոխանակման համար: Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիեւն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է:

Նախագահ Ալիեւը խոսում է տարածքների մասին եւ Ադրբեջանի տեսակետից, իր կարծիքով, դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է: Պետք է հասկանալ, թե ինչու է ձեւավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետեւ երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել` ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել: Նախագահ Ալիեւը Շուշիի մասին խոսեց, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր եւ խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, եւ դա է ճշմարտությունը:

Հնարավոր չէ, որ անվտանգությունը որեւէ մեկը զիջի, ԼՂ-ի պարագայում էլ դա անհնար է»: Ապա` հիշեցրեց, որ որդին իր զինծառայությունն անցնում է ԼՂ-ում, նա գնացել է այնտեղ կամավոր: «Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, հիմա մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաեւ Նախիջեւանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջեւանն էլ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն է, եւ հիմա մեկ հայ այնտեղ չկա»:

Մնաց օդում հետեւյալ հարցը՝ պաշտոնական Երեւանը եւս արձանագրո՞ւմ է, որ այժմ քննարկվում է ռուսական պլանը: Պաշտոնական Երեւանը կո՞ղմ է ռուսական այդ պլանին: Ալիեւը շտապեց հրապարակային համաձայնություն տալ դրան, Փաշինյանը խուսափեց խոսել դրա մասին: Եթե պաշտոնական Երեւանի համար ռուսական պլանն ընդունելի է, ապա՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն իրավունք ունեն իմանալ, թե որն է դրանց էությունը. մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքներից ի՞նչ է մնացել, ի՞նչ է հանվել եւ ի՞նչ է ավելացել փոխարենը:

Մյունխենյան սկզբունքների արձանագրում

Մյունխենյան դեբատներից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց հնչեցված սկզբունքները՝ «1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

Այսպես, Փաշինյանը հարկ համարեց արձանագրել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ ապագա բանակցություններում հայկական կողմից ավելին չակնկալելու ուղերձ հղելով միջազգային հանրությանը: Բայց բանակցային ներկա գործընթացում հայկական կողմի դիրքերն ամրացնելու առումով Մյունխենում ադրբեջանական քարոզչությանը պատասխանելու, կեղծիքները հրապարակային ուղղելու, Ալիեւից պատասխաններ կորզելու առումով հրապարակային այդ քննարկումն այնքան էլ հաջողված չէր: Ապագայում նման հնարավորություններին պետք է ավելի լավ պատրաստվել:

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.02.2020

Facebooktwitterredditpinterestlinkedinmail