
Թուրքիայում «գորշ գայլերը» Թալեաթի հիշատակման արարողություն են անցկացրել
17 Մարտի 2020 – Տարածաշրջան:
««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

Մարտի 15-ին լրացավ հայ վրիժառու, ՀՅԴ անդամ Սողոմոն Թեհլիրյանի կողմից Օսմանյան կայսրության ներքին գործոց նախարար, Հայոց ցեղասպանության «գլխավոր ճարտարապետներից» մեկի՝ երիտթուրք Թալեաթ փաշայի գնդակահարության 99-ամյակը:
Եթե աշխարհում միջոցառումներ են տեղի ունենում՝ ի հիշատակ Սողոմոն Թեհլիրյանի, ապա Թուրքիայում հակառակ պատկերն է:
Ստամբուլում մարտի 15-ին տեղի է ունեցել «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից Թալեաթի մահվանը նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել են «Գաղափարական օջախներ» կոչվող (Bozkurtlar – ազգայնամոլական գորշ գայլեր խմբավրումը) կազմկարպությունն ու Թուրքիայի երիտասարդական միությունը:
Ազգայնամոլ և հայատյաց երիտասարդները վանկարկում էին Թալեաթի հայտնի խոսքերը՝ «Իմ մահով հայրենքիս ոչինչ չի կորցնի: Մի Թալեաթ կգնա, 1000 Թալեաթ կգա»: ԹԵՄ նախագահ Յըլդըրըմ Գենչերը ընդգծեց, որ Թալեաթը սպանվել է խաբեությամբ՝ հայ կոմիտեականների կողմից (թուրքերը Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին հաճախ անվանում են կոմիտեականներ, քանզի տարբեր վայրերում գտնվող ՀՅԴ գրասենյակները կոչվում են կոմիտեություններ):
Հիշեցնենք, որ Թալեաթի աճյունը 1943 թ. թուրքական իշխանությունների և Հիտլերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում տեղափոխվեց Թուրքիա, իսկ վերջինս էլ առավել ինտենսիվ կերպով սկսեց Թալեաթի հերոսացումը: Ի դեպ, դրանից հետո Ստամուլում հայերին գրգռելու համար հայաբնակ թաղամասերում մի շարք փողոցներ անվանակոչվեցին Թալեաթի անունով:




www.yerkir.am/news/view/194874.html





