
ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ – Տէրսիմն Ու Տէրսիմահայերն Այսօր – Պատմական Հայաստանի Փոքր Ծոփք նահանգը
18 ՄԱՐՏ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Պատմական Հայաստանի Փոքր Ծոփք նահանգը, գտնուելով Մեծ Հայքի արեւմտեան ծայրամասում, պատմութեան ընթացքում նուաճուել է տարբեր պետութիւնների կողմից: Սեֆեան Իրանի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ 1555 եւ 1639 թուականներին կնքուած երկու պայմանագրերի համաձայն, այդ տարածքն անցել է օսմանեան տիրապետութեան տակ: Հետագայում այն կոչուել է Տէրսիմ: 1936 թ. անուանափոխուել է եւ կոչուել Թունճելի:
Գոյութիւն ունեն այս անուան ստուգաբանութեան տարբեր վարկածներ: Ակնյայտ է, որ տեղանունը բաղկացած է տէր եւ սիմ բառերից, որոնք պարսկական ծագում ունեն. տէր նշանակում է դուռ, իսկ սիմ` արծաթ: Ըստ այս վարկածի` անունն առաջացել է տարածաշրջանի` ազնիւ մետաղներով հարուստ լինելու պատճառով: Մի շարք աղբիւրների համաձայն էլ Տէրսիմ անուանումն առաջացել է տեղի հայերի հոգեւոր առաջնորդ Տէր Սիմոնի անունից. այս մասին գոյութիւն ունեն աւանդազրոյցներ: Թուրքական աղբիւրներում կարելի է հանդիպել նաեւ այլ վարկածների, որոնք տրամաբանական չեն: Առաւել համոզիչ է թւում առաջին տարբերակը:
Տէրսիմի տարածաշրջանը թէ՛ օսմանեան եւ թէ՛ թուրքական տիրապետութեան ժամանակ միշտ եղել է գլխացաւանք պետութեան համար: Այս տարածաշրջանի ժողովուրդները (հիմնականում` հայեր եւ զազաներ) միշտ էլ եղել են ազատատենչ, չեն ընդունել որեւէ օտար իշխանութիւն իրենց նկատմամբ եւ բազմիցս ապստամբել են իրենց զսպելու փորձերի դէմ: Այս փորձերից վերջինը ղեկավարում էր Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Հանրապետութեան հռչակումից յետոյ նորաստեղծ պետութեան ղեկավարութիւնը, ճնշելով քրդական ապստամբութիւնները, յաճախ` պետութեան կողմից հրահրուած, 30-ականներին որոշեց մէկընդմիշտ լուծել անհնազանդ Տէրսիմի հարցը:
Թուրքական պաշտօնական պատմագրութեան մէջ իշխող է այն տեսակէտը, որի համաձայն, Տէրսիմի դէմ պետութեան ձեռնարկած դաժան ռազմական միջոցառումները հետեւանք էին «Տէրսիմի ապստամբութեան»: Սակայն այսօր ի յայտ են եկել բազմաթիւ փաստեր, որոնք վկայում են, որ դեռեւս 1935 թ. թուրքական իշխանութիւնները գաղտնի կերպով կատարում էին հետազօտական աշխատանքներ, որոնց հիմքի վրայ կազմուեց Տէրսիմի կիսանկախ վիճակը վերացնելու ռազմական ծրագիրը: Դեռեւս այդ փուլում նախատեսուել էր Տէրսիմ անունը փոխարինել Թունճելիով: Թունճելի բառը կազմուած է թունճ (պողպատ) եւ էլ բառերից (ձեռք), ինչը ակնարկ էր ապագայ ռազմական գործողութիւնների բնոյթի մասին` Տէրսիմի հարցը լուծել պողպատէ ձեռքով:
Այդպէս էլ եղաւ. տէրսիմցիների ապստամբութեան կեղծ պատճառաբանութեամբ (այսօր արդէն ճշդուած) 1937 թ. բանակը ներխուժում է Տէրսիմի տարածք եւ երկու տարի շարունակ իրականացնում բացայայտ ցեղասպանութիւն, որին զոհ գնաց շուրջ 14 հազար մարդ (որոշ տուեալներով` մինչեւ 70 հազար), 12 հազար մարդ աքսորուեց. նրանք իրաւունք ստացան իրենց բնակավայրերը վերադառնալ միայն 9 տարի անց, սակայն նա, որ վերադարձաւ, տեսաւ, որ իր հողն ու տունը արդէն մէկ ուրիշին էր պատկանում:
Աքսորուածների երեխաները խնամքի եւ դաստիարակութեան համար յանձնուեցին թուրքական ընտանիքների. սա թուրքացման դասական ձեւերից մէկն է, որը Հայոց ցեղասպանութեան շրջանում զանգուածաբար կիրառուել է հայ երեխաների նկատմամբ:
Այս գործողութեան գլխաւոր պատճառներից մէկն էլ շրջանի հայերին ոչնչացնելն էր: Այստեղ հայերն ապրում էին անյիշելի ժամանակներից, նրանց զգալի մասն ընդունել էր ալեւի կրօնը: Հայութեան թիւն աւելացաւ 1915 թ. կոտորածներից մի կերպ ազատուած եւ այստեղ ապաստանածների հաշուին: Հայերի նկատմամբ բարեացակամ վերաբերմունքի եւ նրանց իշխանութիւններին չյանձնելու պատճառով իշխանութիւնները որոշել էին պատժել տեղի բնակչութեանը` նրանց անխնայ կոտորելով եւ բնակավայրերից աքսորելով:
Մինչեւ այսօր Տէրսիմում յիշում են հայերի նկատմամբ իշխանութիւնների վայրագութիւնները. հազարաւոր հայերի` ներառեալ երեխաներին, ձեռքերը կապել ու նետել են Քայըշօղլու Եարմասը կոչուող ահասարսուռ անդունդը: Այս կոտորածներից մի կերպ փրկուածների հիմնական մասն ընդունեց ալեւի կրօնը եւ ձուլուեց զազաներին: Աքսորից յետոյ Պոլիս տեղափոխուած հայերի մի մասը վերադարձաւ նախնեաց հաւատին` դառնալով հայկական համայնքի անդամ:

Տէրսիմում, մասամբ էլ Կ. Պոլսում եւ այլ վայրերում բնակուող հազարաւոր ալեւիացած հայեր թէեւ էականօրէն հեռացել են հայ ինքնութիւնից եւ մշակոյթից, սակայն վերջին տասնամեակներին Թուրքիայում նկատուող ազգային զարթօնքի ազդեցութեամբ փորձում են վերագտնել իրենց արմատները: Նրանք հիմնել են նաեւ իրենց կազմակերպութիւնը` Տէրսիմի հայերի Եկեղեցի ժայռի մէջ Տէրսիմում Հայրենի եզերք միութիւնը, որի հիմնադիրն ու առ այսօր գործող նախագահը Միհրան Փրկիչն է (ի դէպ, սա մկրտութեան անունն է, նա մկրտուել է 2010թ., ապա հիմնել միութիւնը):
Վերջին տարիներին մկրտութեան ճանապարհով իրենց ինքնութեանը վերադառնալու դէպքերը բաւականին շատ են ու խօսուն: Յատկապէս Կ. Պոլսում հաստատուած տէրսիմահայ ընտանիքների մի մասը ջանում է երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ, որը Թուրքիայում գործող օրէնքների պատճառով այնքան էլ հեշտ գործ չէ:
Այս ամէնով հանդերձ, տէրսիմահայերի հիմնական մասը դեռեւս հեռու է արմատներին վերադառնալու մտքից: Սա ունի տարբեր պատճառներ:
Նախ` ի ծնէ որպէս ալեւի ապրած եւ ալեւիական մշակոյթի մէջ ձեւաւորուած մարդու համար խիստ դժուար է հրաժարուել ինքնութիւնից` յանուն իրեն անծանօթ մի այլ ինքնութեան:
Երկրորդ` Տէրսիմի տարածաշրջանում տասնեակ տարիներ իշխող են ձախակողմեան (մարքսիստական, մաոիստական, համայնավար եւ այլն) հոսանքները, որոնք, ըստ էութեան, աթէիստական եւ ապազգային ուսմունքներ են: Տարբեր ազգերի եւ ցեղերի խառնարանում այս հոսանքները հնարաւորութիւն են ընձեռում խուսափել ազգային բազմաբարդ խնդրի արծարծումից, ուստի իշխանութիւնների կողմից արժանանում են հանդուրժողական վերաբերմունքի:
Երրորդ` իշխող է այն տեսակէտը, որի համաձայն, հայը կարող է լինել միայն քրիստոնեայ: Ըստ այդմ, շատերը (թէ՛ ալեւի, թէ՛ մահմետական), եթէ անգամ գիտեն իրենց հայկական ծագման մասին, հեռու են մնում հայ իրականութիւնից:
Չորրորդ` շատերն էլ այդ քայլին չեն դիմում այն պարզ պատճառով, որպէսզի «չնեղացնեն» այլ կերպ մտածող իրենց հարազատներին, ազգականներին, ընկեր-բարեկամներին կամ հարեւաններին:
Հինգերորդ` գլխաւոր պատճառներից մէկն էլ վախն է: Օսմանեան կայսրութեան եւ արդի Թուրքիայի պատմութեան մէջ այդ երկրի փոքրամասնութիւնների նկատմամբ գործուած բոլոր զանգուածային ոճրագործութիւնները կատարուել են կրօնական կամ ազգային հողի վրայ: Այսօր էլ ազգային-կրօնական խնդիրը սուր է դրուած, ուստի պատմութիւնը լաւ յիշող բազմաթիւ տէրսիմահայեր նախընտրում են ապրել` թաքցնելով իրենց ազգային պատկանելիութիւնը կամ էլ ընդհանրապէս չյիշել դրա մասին: Աթաթուրքն ի զուր չի ասել` «Երանի թուրք եմ ասողին»:
Վեցերորդ` կարեւորագոյն պատճառներից մէկն էլ Պոլսոյ հայոց պատրիարքարանի որդեգրած քաղաքականութիւնն է: Ժամանակին Պոլսոյ հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշեանը յայտարարեց, որ չի ճանաչում տէրսիմահայերին, քանի որ նրանք միութիւն են ստեղծել առանց իր հետ խորհրդակցելու: Մկրտուել ցանկացող տէրսիմահայերից պահանջւում է, որ «ապացուցեն» իրենց հայ լինելը` լաւ գիտենալով, որ ըստ Թուրքիայում գործող պետական ներքին հրահանգների, ոեւէ մէկը կարող է համանման տեղեկութիւն ստանալ միայն հօր եւ պապի վերաբերեալ, աւելի վաղ շրջանի տեղեկութիւն չի տրւում, իսկ Տէրսիմի հայերից շատերը մի քանի սերունդ առաջ են ալեւիացել եւ վաղուց կրում են թուրքական անուններ:
Եօթներորդ` միւս «անյաղթահարելի» դժուարութիւնն այն է, որ այս մարդկանց առաջ պայման է դրւում մկրտուելուց առաջ մասնակցել վեցամսեայ դասընթացի, ինչն, ի հարկէ, ունի ընդունելի բացատրութիւն, սակայն կարելի է նաեւ ելքեր գտնել, օրինակ` այդ դասընթացները կազմակերպել ոչ թէ Կ. Պոլսոյ եկեղեցիներում, այլ համացանցով:
Ութերորդ` պէտք է յատկապէս ընդգծել այն հոգեվիճակը, որ իշխում է ցեղասպանութիւն տեսած պոլսահայ համայնքում. շատերը փորձում են համակերպուել եւ ապրել «հանգիստ» լճացման պայմաններում, քան թէ` ձեռնարկել մի բան, որի հետեւանքները կարող են վտանգաւոր լինել: Թերեւս այդ պատճառով է, որ Տէրսիմի հայերը աջակցութիւն չստացան ոչ միայն վերջին յիսուն տարում հիմնականում գաւառահայերից ձեւաւորուած Կ. Պոլսոյ համայնքից, այլ նաեւ` այստեղ բնակուող քրիստոնեայ տէրսիմահայերից:
Իններորդ` վիճակը տարբեր չէ նաեւ արտասահմանում ապրող տէրսիմահայերի շրջանակում, նրանց մի մասը շարունակում է ապրել որպէս ալեւի, իսկ միւսներն էլ առանձնապէս չեն ոգեւորւում իրենց հայրենակիցների վերադարձով:
Տասներորդ` այս կարեւորագոյն պատճառի արմատները Տէրսիմում կամ Պոլսում չեն. դա Տէրսիմի եւ, ընդհանրապէս, բոլոր կրօնափոխ հայերի ճակատագրի նկատմամբ համայն հայութեան վերաբերմունքն է: Խօսքը վերաբերում է յատկապէս ազգային կառոյցներին` Հայաստանում եւ ի սփիւռս: Երբ Միհրան Փրկիչը մկրտուեց եւ իր գաղափարակիցների հետ հիմնեց Տէրսիմի հայերի միութիւնը, շատերը հիացան, խօսեցին այդ մասին, գրեցին, նկարահանումներ կազմակերպեցին… Բայց նաեւ ոչ այնքան բացայայտ խօսւում էր այն մասին, որ նման յանդգնութեամբ նա երկու տարուց աւելի չի ապրի: Եւ սպասում էին իրադարձութիւնների զարգացումներին: Անցել է 10 տարի. ազգային ինքնութեանն ու քրիստոնէութեանը վերադառնալու ճանապարհին Տէրսիմի հայերի դիմագրաւած դժուարութիւնները չեն վերանում բոլորիս, յատկապէս «քրիստոնեայ» հայերիս անտարբեր հայեացքի ներքոյ: Տէրսիմի հայերի միութեան բազում կոչերն ու դիմումները Կ. Պոլսի, սփիւռքի եւ Հայաստանի ազգային-պետական կառոյցներին կարելի է բնութագրել աւետարանական յայտնի խօսքով` «Ձայն բարբառոյ յանապատի»:
Չունենալով Հայաստանի պետութեան (հասկանալի պատճառներով), Կ. Պոլսոյ հայոց պատրիարքութեան, սփիւռքեան կառոյցների եւ, առհասարակ հայութեան կողմից աջակցութեան որեւէ դրսեւորում` տէրսիմահայերը, փաստօրէն, մնացել են Աստծոյ յոյսին:
Որոշ անհատների կամ կազմակերպութիւնների ցուցաբերած համեստ աջակցութիւնը պէտք է ընդգծել ընդամէնը որպէս ցանկալի վարքագծի դրսեւորում` առ ի ընդօրինակումն:

www.aztagdaily.com/archives/468913





