ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Համանախագահները ճանաչեցին Արցախի ընտրությունը. զգուշացում Բաքվին

Genocide against Armenians committed by the Ottoman Empire between 1894-1922 – Today the Turkish government

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Համանախագահները ճանաչեցին Արցախի ընտրությունը. զգուշացում Բաքվին

20.03.2020 | Մեկնաբանություն |ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում հիշատակելով կորոնավիրուսի համաճարակի առումով համաշխարհային նոր իրադրությունը, այդ թվում միջազգային դիվանագիտության ասպարեզում, արցախյան հակամարտության կողմերին սադրանքի չգնալու եւ հրադադարը խստիվ պահպանելու կոչ են արել:

Նախօրեին Անջեյ Կասպրշիկի գրասենյակը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են առաջնագծի մոնիտորինգը, փաստորեն հակամարտության կողմերի համար արձանագրելով «մեն-մենակ» իրավիճակ: Ահա այդ իրավիճակում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ որեւէ սադրանքից, ընդ որում հատուկ ընդգծելով կորոնավիրուսի պայմաններում բժիշկների անհրաժեշտությունը:

Արդյոք համանախագահների հայտարարությունը պայմանավորված է լուրջ մտահոգությամբ, որ կարող են լինել այնպիսի մասշտաբի սադրանքներ, որոնք մեծ բեռ կառաջացնեն առողջապահական համակարգի համար: Թե՞ համանախագահները բժիշկների հանգամանքը հիշեցնում են այլ տողատակով, որ սադրանքի գնացողի «առողջությանը» կարող է լուրջ վնաս սպառնալ:

Միջազգային հանրությանը հատկապես այժմ որեւէ սադրանք կամ լարում անկասկած պետք չէ: Միաժամանակ, կորոնավիրուսով գերզբաղվածությունը անհրաժեշտ է դարձնում անպատասխանատու արկածախնդիրներին զսպելը: Իսկ Բաքուն իրեն դրսեւորել է այդպիսի անպատասխանատվությամբ: Համենայն դեպս, Ադրբեջանն իր վարքագծով այն պետությունների շարքում է, որոնք մի շարք օրինակներով ցույց են տվել միջազգային անվտանգության հանդեպ իրենց պատասխանատվության խիստ ցածր մակարդակը, կամ ինչպես Պուտինը կասեր, իհարկե բոլորովին այլ թեմայի եւ սուբյեկտների առնչությամբ՝ Ադրբեջանը միջազգային կյանքում «սոցիալական ցածր պատասխանատվությամբ» պետություններից է:

Միեւնույն ժամանակ, համանախագահների հայտարարությունը կարող է ուղղված լինել ոչ միայն Ադրբեջանին: Այդ համատեքստում արժե հիշել, որ համանախագահները վերջին անգամ հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին, երբ ուշադրությունը դեռեւս Իդլիբի ռուս-թուրքական բախումն էր, ոչ թե կորոնավիրուսի համաշխարհային երթը:

Ըստ այդմ, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ըստ ամենայնի ուղղված է նաեւ Անկարային, որը կարող է ունենալ Ալիեւի անպատասխանատվությունը օգտագործելու եւ սեփական խնդիրները նրա «պատասխանատվության տակ» լուծելու գայթակղություն:

Միաժամանակ, համանախագահների հայտարարության մեջ հատկանշական է նաեւ այն, որ չկա անդրադարձ Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրության գործընթացին: Դա հնարավոր է գնահատել որպես համանախագահների մակարդակով գործընթացի լեգիտիմություն, գործընթացի ճանաչում, հատկապես նկատի ունենալով այն, որ նրանք խոսում են սադրիչ քայլերից ձեռնպահ մնալուց: Ի դեպ, միանգամայն հավանական է նաեւ, որ համանախագահները հենց Արցախի ընտրական գործընթացը նկատի ունենալով են նաեւ ակնարկում Ադրբեջանին՝ ձեռնպահ մնալ որեւէ սադրանքից կամ հրադադարի խախտման որեւէ քայլից:

Ընդ որում, դա ուշագրավ է այն տրամադրությունների ֆոնին, որ նշմարվում են Արցախի նախագահի ընտրության որոշ մասնակիցների շրջանում, որոնք ավելի հաճախ են սկսել հղումներ անել արտակարգ իրավիճակի եւ ընտրությունը չեղարկելու անհրաժեշտությանը, ըստ երեւույթին ոչ այնքան բարվոք քաղաքական հեռանկարի պատճառով: Համանախագահների հայտարարությունը գործնականում ակնարկ է Ադրբեջանին, որ չփորձի որեւէ արտակարգ իրավիճակ ստեղծել արցախյան ընտրական գործընթացին զուգահեռ:

www.lragir.am/2020/03/20/528874/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail