Մովսէս Նաճարեան – Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան – Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ – արեւի-սկաւառակ

Մովսէս Նաճարեան – Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ

18.Տեշուբ կամ Տեյշեբա – Ուրարտական S’UBA, եւ անգլ. God

Մենք համաձայն ենք Արմէն Դաւթեանի հետ՝ որ «Խուռիների գլխաւոր աստուած ՛Տեշուբ՛»-ը «տեսանող» աստուածն է[488]:

Ամբողջացնելու համար բառի ստուգաբանութիւնը՝ ասենք որ «Տեշուբ-Տեյշեբա»-ն կառուցուած է իրար լրացնող երկու բաղադրիչ «տեշ» եւ «շուբ» արմատներից, բայց ըստ մեզ բառի ուղղագրութիւնը կարող է լինել «Տեշուփ», «Տեշեփ» կամ «Տեշափ»:
Ինչո՞ւ:

«Տեշ»-ը՝ ինչպէս նկատել է Դաւթեանը, անժխտելիօրէն հայ. «տես»-ն է:

«Շուֆ»-ը եւ «շեֆ»-«շաֆ»-ը հանդիպում են արաբերէնում՝ «տես», «տեսաւ» իմաստով, իսկ անգլերէնում՝ «shape»=ձեւ» բառով:

Քանի որ հայերէնը «ֆ» չի ուենցել առաջ՝ ուստի այն պէտք է տառադարձել «պ» կամ «փ»: Իսկ «շ»-ն ունի տառադարձութեան երկու հնարաւորութիւն՝ «ս» կամ «չ»:

Ներկայացնենք «Տեշ-շուփ»-ի «շուփ» հատուածի հայերէն հնարաւոր տառադարձութիւնները:

Շուֆ > սուպ >սուփ >չուպ > չուփ:
Շաֆ > սապ >սափ >չապ > չափ:
Շեֆ > սեպ >սեփ > չեպ > չեփ:

Այս արմատներից «չափ»-ը լաւագոյն բացայայտիչն է «Տեշուփ»-ի իմաստաբանութեան: Քանզի «տեսնել»-ը անմիջապէս առնչւում է «չափել»-ուն: Այսինքն «մի բան տեսնել»-ը բովանդակում է այդ տեսանելին իր չափերով, ծաւալային խորութիւններով ընկալելու գործողութիւնը:

Տուեալ «շաֆ»-ը կամ «չափ»-ը անգլերէնում ներկայանում է «շէյփ» հնչող «shape=ձեւ» բառով, ինչը պահպանուել է հայերէնի «սափ» արմատում, որից էլ «սափոր»-ը («սափ+փոր», «փորի shape»-ով), «սափրիչ»-ը (սափ+արիչ)՝ որ ո՛չ թէ պարզապէս «վարսավիր» է՝ այլ «ձեւաւորող» է ընդհանրապէս, «shape»-ի մասնագէտը, այլապէս «image» ստեղծողը:

Հետեւաբար «տեսնել»-ը ոչ միայն տեսանելին կամ իրը ծաւալային չափերով ընկալելն է՝ այլեւ նրա ձեւը, ուրուագիծը ընկալելու գործողութիւնն է:

«Շուփ»-ը «շփել» բայի արմատն է: Եթէ այն տեղադրենք «Տեշուփ»-ի մէջ՝ ապա կ՛ունենանք «տեսանող ու շփող» կամ շօշափող:
Դաւթեանը իրաւացիօրէն «Տեշուփ»-ին զուգահեռ դրել է յունական «Թեսեւս»-ը: Քանզի յուն. «Թես»-ը հայ. «տես»-ն է, իսկ «եւս»-ը ֆր. «yeux»-ն է, անգլ. «eyes»-ը (աչքեր), այսինքն «Թեսեւս»-ը «տեսանող աչք»-ն է՝ որն այսօր էլ պատկերւում է հայոց եկեղեցիներից ոմանց գլխաւոր խորանի ճակտին, իսկ զոյգ աչքերով պատկերը հանդիպում է Տիբեթեան տաճարների ճակատներին:

Ի տարբերութիւն Դաւթեանի՝ մենք Խուռիական «Տեշուփ»-ին զուգահեռ դրել ենք Ուրարտական «Շուբա»-ն՝ որ ըստ մեզ, պէտք է ընթերցուի «Շուպա», ու համեմատուի հայ. «սպայ»-ի հետ:

Բառարմատի միւս ձեւերը պահպանուել են հայերէնի բարդ բառերում՝ երբեմն առանց ձայնաւորի, ինչպէս «սպ-այ», «սպ-անանել», «սեպուհ», «սեփ-ական», «ա(ս)-սուպ», նաեւ «շեփ-(փ)որ», «շփ-ել», որոնք անմիջականօրէն առնչւում են «տեսնել»-ու, «չափել»-ու, «գնահատել»-ու հետ (իսկ չափելը նաեւ սահմանել է, իսկ մէկի կեանքը չափել-սահմանելը՝ նաեւ սպաննել է):

Ֆրանսերէնի «Շեֆ»-ը, անգլերէնի «chief»-ը «գլխաւոր» իմաստով՝ համապատասխանում են հայ. «սեպ» արմատին, ու առնչւում են «սեպ-ուհ»-ին ու «սպ-ային»:

Ըստ երեւոյթին, երկրի պետական համակարգում՝

1.«Սեպուհ»-ը[489] վարել է եկամուտները տեսնել-չափել-ստուգելով հարկեր հաւաքելու պաշտօնը: Սեպուհները թագաւորական տօհմի շառաւիղ ազնուականներ են եղել, որոնց էլ վստահուել է այդպիսի պաշտօնը:

2.«Սեպհական»-ը «սեպուհներին վերաբերուող»-ն է, նրանց սեփականութիւնն է, որն յատկացրել է թագաւորը:

3.«Սեփական»-ը՝ «գնահատանքով» (չափելով) առնուած ունեցուածքն է, այսինքն գնուածն է:

4.«Սպա»-ները եղել են ու կան ռազմական իրավիճակը գնահատող (չափող-ձեւող) ու որոշում կայացնող զինուորականները:

«Սպայ» բառը անգլերէնում կորցնելով իր բովանդակութեան մի մասը՝ դարձել է «spy=լրտես», թրքերէնում «սպայ»-ն դարձեր է «soupay»: Իսկ «սպայն» ձեւով վերածուել է երկրի անուան՝ «Spain»:

Նշեալ լեզուներում «սպայ» բառը չի ենթարկուել տառադարձութեան օրէնքներին՝ ինչը ցոյց է տալիս որ նրանց բառապաշարում մուտք է գործել ուշ ժամանկներում, եւ ուղղակիօրէն մայր բառը կրողների միջոցով:

5.«Տեշուփ»-ի մի տարբերակն է հին հրեական «շոֆետիմ=դատաւոր» բառը,

6.Փիւնիկեան «սուֆետես= գաղութի կուսակալ» բառը, եւ 5-6-րդ օրինակներում «տե(շ)» եւ «շուփ» բառարմատները իրարու տեղն են գրաւել:

7.Քրիստոնէական համակարգում Տեշուփին փոխարինելու է եկել «Տնտես»-ը:

«Տնտեսի օրուայ շարականը նկարագրում է, թէ ինչպէս իմանալի վերին աշխարհը ստեղծուեց եւ այնտեղ հրեղէնների պետը տնտես նշանակուեց, յետոյ տիրապէս ստեղծուեց զգալի երկրորդ աշխարհը եւ դրախտը, ուր տնտես դրուեց առաջին մարդը: Շինուեց նաեւ բարձրագոյն եկեղեցին՝ եւ այնտեղ տնտես կարգուեց ճշմարիտ խօսքի քարոզը»[490]:

Քրիստոնէական տուեալ շարականով յստականում է Տեշուբի դիրքը՝ որպէս «հրեղէնների պետ», ինչը արեգակնային համակարգում արեւն է՝ համակարգի կենտրոնն ու սիրտը[491]:

«Տնտես» բառը կարելի է ստուգաբանել երկու ձեւով. 1.Տան-տես (կամ «տուն-տես), 2.«Տին-տես»:

Առաջին պարագան հասկանալի է՝ որպէս «տունը կարգաւորող», իսկ երկրորդով ունենք՝ «Տին (մեծը) տեսնողը», Աստծուն տեսնողը, կամ էլ՝ «Մեծ Տեսանողը», ինչը առաւել հարազատ է Տեշուբին:

«Տնտես»-ի այս իմաստը կրող այլ տարբերակներ են՝

1.«Մահտեսի»՝ որպէս «Ահ-ը կամ Աստուծոյ հուրը տեսնող մարդ», կամ էլ «Աստուծոյ հուրը տեսած – մաքրուած – մարդ»:

2.«Մագ-տես», որպէս «Մեծը տեսնող», այլապէս՝ «Աստծուն տեսնող» մարդ:

Արաբերէնում «Տնտես»-ի զուգահեռն է (ﺱﻳﱢﺪﻗ)-«Գադտիս=սուրբ»-ը, այլապէս՝ «Գադը տեսնող»-ը, ինչից էլ իմանում ենք, թէ «գադ»-ը անգլերէնի նոյն «God»-ն է (Աստուած) եւ «Գադտիս»-«սուրբ»-ը «Աստծուն տեսնող»-ն է[492]: Նոյն արմատից «Գադի= դատաւոր»-ը (թուրքերէն՝ «ղադի) «Աստուծոյ փոխանորդ»-ն է երկրի վրայ (նաեւ Աստուծմով դատողը): «Աքքատ»-«Ակգադ»-ները թերեւս եղել են «Մէկ God» դաւանողները, կամ էլ «Արեւի ակ»-ը աստուածացնողները:

«God»-«Գադ»-ից[493] են կազմուել արաբերէնի «գադդամա=ներկայացրեց, տուեց», «գադիմ=հին, նախկին», «գուդամա՛=հիներ, նախնիներ», «տագադդամա =դէպի առաջ եկաւ» բառերը, որոնք բացայայտում են բառարմատի կապը հայերէնի «գալ» բայի հետ:

Մօտաւորապէս նոյն գաղափարներն ունեն հայերէնի «նախարար», «նախնի» եւ «նախ»-ով կազմուած «նախնական», «նախընթաց», «նախադէպ», «նախակարապետ» եւ այլ բառերը, երբ «նախարար» կոչումը տրուել է ո՛չ թէ ոեւէ պաշտօնատար մի անձի՝ այլ երկիր մոլորակի վրայ առաջին ոտք դնող հրեշտակներին եւ նրանց սերունդներին:

«God»-«Գադ»-ը համադրուելով «Գալ» բայի հետ՝ նոյնանում է տիեզերքից երկիր եկող ու գնացող հրեշտակների հետ, որոնց առաքելութիւնն է եղել մարդկանց որդիներին գիտելիքներ տալը, որից էլ արաբերէում «առաջացաւ», «եկաւ», «տուեց» նոյնարմատ բայերը, անգլերէնի «go=երթալ», «get, got= ստանալ, մի բան լինել», հայերէնի «գոյանալ, գալ, գնալ, գտնել, գիտնալ» բայերն ու «գիտութիւն»-ը:

Մովսէս Նաճարեան – Ուրարտական Տեսանող աստուածը՝ Տեսուչ – արեւի-սկաւառակ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[488] Արմէն Դաւթեան, «Հայոց Աստղային Դիցաբանութիւն», Երեւան, 2004, էջ 33:

[489]«Սեպուհ>սեպոյ+հուր>սեպի որդի, իսկ «սեպ»-ը «շէֆ»-ը կամ գլուխն է, իշխանաւորը, արքան, ուստի «սեպուհ»-ը «արքայազուն» է:

[490]«Հայ Եկեղեցու Տօները», Արտակ Արքպս. Մանուկեան, Թեհրան, տպ. «Նայիրի», 1994, 5-րդ տպ.:

[491]Համեմատել Յօդուած «13»-ի «1» ենթամասում գտնուող Ուրարտական դիւցաբանութեան «Թեյշեբա»-ի հետ:
[492]Այս լոյսի տակ եթէ կարող էք՝ խնդրում եմ ինձ բացատրէք, թէ այս բառերից ո՞րն է «սէմական», եւ ո՛րը՝ «հնդեւրոպական»…:

[493]«ﺪﻗ»-«Գադ» բառն առաջացել է այբուբենի «գ» եւ «դ» տառերից, երբ «Ա»-ն «Աստուած»- ն է, որի «Բ»-«Բան»-«Բանականութիւն»-ը բխում է Աստուածային Երրորդութեան «Գ»-«գլխից» ու «Դ»-«սրտից», հետեւաբար «Գադ»-ը հաւասար է համարուել Աստծուն եւ Իր Բան-ին:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail