Թրքախօս ալեւի գեաւուրը (Մենք այստեղ բոլորի նման ենք, ալեւի ենք, ալեւին էլ մուսուլման է: Ուրեմն ինչո՞ւ են գեաւուր ասում)
30.03.2020 | Հասարակություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:
2011ին Դերսիմի Մազկերտի շրջանի հայկական համարուող նախկին Խոզըքէօյից (Խոզագիւղ, այժմ Ալանեազի) ոչ-հեռու գտնուող Դանաբուրան գիւղում միայն մէկ հայ ընտանիք կար: Միւսները, ինչպէս մեզ ասացին, քրմանջախօս կամ թրքախօս ալեւիներ են:
«Միակ հայ ընտանիք»ի տանտէրը նոյնպէս թրքախօս ալեւի էր, ինչպէս գիւղի այլ բնակիչներ, պարզապէս, մարդիկ գիտէին, որ նա հայ է: Միւսների էթնիկութեան այդպիսի շեշտուած տեղեկութիւն չկար, աւելի յայտնի էր, թէ ով որտեղից է եկել:
Դանաբուրան գիւղը առաջին հայեացքից տարբերւում էր զազախօս ալեւիների գիւղերից: Այստեղ կանանց դէմքն ու գլուխներն աւելի փակ էին, քան Դերսիմի զազախօս ալեւիների գիւղերում առհասարակ լինում է, գիւղն էլ պակաս խնամուած էր:
Պարզուեց, որ այս գիւղի ներկայիս բնակչութիւնը վերջին շրջանում տարբեր տեղերից հաւաքուածներ են, իսկ բնիկները վերջին յիսունամեակում լքել են գիւղը ընկերային պատճառներով:
Գիւղի հողատէրերը պետութեան քաղաքականութեան հետեւանքով իրենց հողերը վաճառել են իրենց նախկին բատրակներին կամ վարձու աշխատողներին եւ իրենք հեռացել են: Այսօրուայ բնակիչները գիւղի հետ կապուած անցեալի յիշողութիւններ չունեն:
Երբ գնացինք «գիւղի միակ հայ» մարդկանց տուն, տանը միայն տարեց ամուսիններն էին: Զաւակներն այժմ գիւղում չեն ապրում: Ասացինք, որ հայեր ենք, Հայաստանից ենք եւ կ’ուզենայինք իրենց հետ զրուցել: Տանտէրն անմիջապէս ասաց, որ իրենք հայ չեն, ալեւի են, եւ ինքն էլ չի հասկանում, թէ ինչու՛ են իրենց հայ համարում:
Առաջարկեցինք զրուցել հենց ա՛յդ մասին՝ ինչու՛ են իրենց հայ համարում: Տանտէրերը մեզ շատ սիրալիր ընդունեցին: Նստած էինք փակ պատշգամբում, թէյ էինք խմում, զրուցում: Նրանք անմիջապէս համաձայնուեցին, որ զրոյցը ձայնագրենք:
Ամուսինը` Մուստաֆա Ասլանփենչսլին («փենչեսլի»` առիւծի թաթ ունեցող, «փանչ»` թաթ) շատ հպարտանում էր «Ասլան» արմատը պարունակող իր ազգանունով` այն կապելով սելջուկ Ալփ Արսլանի հետ: Նա հաճելի զրուցակից էր, բայց` շատ զգուշաւոր: Ինչպէս պարզուեց, մօտ քսան տարի առաջ նրանց որդիներից մէկը պատանի հասակում միացել էր քուրդ ապստամբներին (հայրն ասում էր` «փախցրել են քուրդ գրոհայինները եւ տարել են սարերը»):
Դրա հետեւանքով ընտանիքը շատ դառնութիւններ է կրել, այդ թւում` իրենց հայկական ծագման շահարկման պատճառով: Հաւանաբար այդ պատճառով այժմ Մուստաֆան ամէն կերպ շեշտում էր պաշտօնական իշխանութիւնների հետ իր համաձայնութիւնը:
Վարժուած լինելով, որ բոլոր գիւղերը անուանափոխուել են, հարցրինք գիւղի նախկին անունը:
– Այս գիւղը աղաների, բէյերի գիւղ է եղել, անունը չի փոխուել[i]: Դանաբուրան եղել է, Դանաբուրան էլ մնացել է: Այստեղ շատ անասուններ են կոտորուել, դանա (հորթ – Հ.Խ.) է կոտորուել, այդ պատճառով գիւղի անունը Դանաբուրան է, «դանա» բառից է[ii]:
– Հիմա այլեւս աղաներն ու բէյերն այստեղ չե՞ն ապրում:
– 1995ին աղաներն ու բէյերը իրենց ունեցած-չունեցածը ծախեցին գնացին: Իրենք այստեղ մեծ սեփականութիւններ ունէին: Նրանք չէին աշխատում, նրանց համար այստեղ բատրակներն (եարըքլըք) էին աշխատում: Ամէն տեղից գալիս էին, նրանց համար այստեղ աշխատում էին: Աղքատ մարդիկ էին, դրանք էին աշխատողները:
Յետոյ պետական օրէնքները փոխուեցին, նրանք էլ իրենց հողերը վաճառեցին, թողեցին գնացին: Հարուստ մարդիկ էին, քաղաքներում տներ ունէին: Սա աղքատ գիւղ է, այստեղ մնային ի՞նչ անէին: Այս գիւղի բնակչութիւնը տարբեր տեղերից եկել է այստեղ, աղաների մօտ վարձով աշխատել է: Հիմա նրանք են ապրողները:
– Այստեղի բէյերը, աղաները ալեւի՞ էին:
– Չէ, սուննի մուսուլման էին: Ալեւին էլ է մուսուլման, բայց իրենք սուննի էին: Քրմանջերէն էին խօսում:
– Դուք ինքներդ ո՞ր աշիրէթից եք:
– (Պատասխանում է կինը) Ինքը հայ է:
– (Դիմում ենք կնոջը) Իսկ դու՞ք:
– Ես էլ հայ եմ: Ծնողներս հայեր էին: Մենք հայեր ենք:
– (Ամուսինը) Մեզ իսկապէս հայ են ասում, բայց ինչպէս ասացի մենք հայութեան հետ կապուած ոչինչ չգիտենք: Ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք:
– Իսկ ո՞վ է ձեզ հայ ասում, հայ անուանում:
– Այստեղ բոլորը գիտեն:
– Դուք ձեր պապերին գիտէք, չէ՞:
– Չէ, չէ, ասում եմ, չէ՞, այս տեղը աղաների գիւղ էր: Ասում են, որ այդ աղաները մի հինգհարիւր տարի առաջ են այստեղ եկել, հողերի տէր են դարձել: Իսկ իմ պապը Դիարբեքիրի կողմերից է եկել, Չունգուշ[iii] գիւղից: Ասում են, որ այն ժամանակ հայ են եղել: Բայց մենք այստեղ ազգականներ չունենք, նոյնիսկ երեխաներս այստեղ չեն:
– Ինչու՞: Ինչու՞ երեխաներդ գոնէ չմնացին ձեզ հետ:
– Այստեղ շատ անհանգիստ է: Պետութիւնը դա տեռոր է անուանում: Գալիս են երիտասարդներին տանում են: Իմ տղաներից մէկին էլ տարան, կապուտաչեայ, 16 տարեկան տղայ էր, տարան սարերը: Խաբեցին տարան: 1993ին տարան: Կապոյտ, մաւի` կապտականաչաւուն աչքերով տղայ էր:
– Ո՞վ տարաւ, ասկեարնե՞րը:
– Ասկեարներն էլ էին տանում, բայց իմ տղային ՊԿԿները[iv] տարան: Տարան սարերը: Սարերից գալիս էին, ջահելներին հաւաքում էին, տանում` պետութեան դէմ պայքարելու, կռուելու համար: Դուք չգիտէ՞ք մեր երկրի պատմութիւնը: Դերսիմը միշտ ազատ է եղել, անկախ է եղել: Միշտ պայքարել է իր ազատութեան համար: Բոլորի դէմ է պայքարել: Ֆրանսիացիները եկել էին Աֆիոն Կարահիսարում նստել էին, երեք տարի մնացին, բայց չկարողացան Դերսիմը գրաւել: Ժողովուրդը նրանց քշեց: Բոլոր դպրոցներում սովորեցնում են պատմութիւնը, դուք ինչպէ՞ս է, որ չգիտէք:
– Մենք Հայաստանից ենք եկել, արդէն ասեցինք, որ Հայաստանից ենք, այնտեղ մեզ ձեր պատմութիւնը չեն սովորեցնում:
– Մեծ պատմութիւն է Օսմանեան Կայսրութեան պատմութիւնը, շատ փառաւոր պատմութիւն է (զրուցակիցս հպարտութեամբ պատմում է Օսմանեան Կայսրութեան ձեւաւորման իրեն ծանօթ պատմութիւնը՝ յատկապէս շեշտելով սելջուկեան շրջանը՝ մինչեւ Առաջին Համաշխարհային Պատերազմ): Առաջին Աշխարհամարտից յետոյ եւրոպացիները նստեցին, կտրտեցին Օսմանեան Կայսրութեան սահմանները, Լոզանի Կոնֆերանսով մի փոքր Թուրքիա թողեցին: Աթաթուրքը մի փոքր վերականգնեց, բայց եւրոպացիներն իրենց ուզած ձեւով սահմանները կտրեցին: Եւրոպան ամբողջ Թուրքիան գրաւել է, բայց Թունջելին գրաւում չի տեսել, եւրոպացին Թունջելի չի մտել: Թունջելին միշտ անկախ է մնացել:
– Բայց Թունջելիում էլ թուրքերը հայերին կոտորեցին, դուք այդ մասին որեւէ բան գիտէ՞ք:
– Պատերազմի ժամանակ է եղել: Ես լսել եմ մարդկանցից, ես ոչ մի որոշակի բան չգիտեմ: Հայերն են այդպէս ասում: Աւելի լաւ կը լինի այդ բաները թողնենք պատմաբաններին:
– Ի՞նչ մարդկանցից էք լսել: Հայե՞րն են ձեզ պատմել իրենց հետ կատարուածի մասին:
– Չէ, մենք հայերի հետ չենք շփւում: Բայց ասում են, որ հայերն են պատմում այդ մասին:
– Լաւ, ասում էք, որ դերսիմցիները միշտ պայքարել են անկախութեան համար: Ումի՞ց էին ուզում անկախ լինել:
– Բոլորից: Եւրոպացիներից: Ռուսներից: Երբե՛ք ոչ մէկը Դերսիմը չի գրաւել:
– 38ի դէպքերն ինչպէ՞ս եղան: Լսե՞լ էք այդ դէպքերի մասին: Ումի՞ց էին պաշտպանում Թունջելին, ո՞վ էր սպառնացողը: Ալեւիների կորուստների մասին լսե՞լ եք:
– Չի կարելի այդպէս միակողմանի ասել: Որովհետեւ, ճիշտ է, պետութիւնը արել է, բայց նրանք էլ են պետութեան դէմ բաներ արել: Պայքարել են պետութեան դէմ: Իմ տղային էլ սարերը տարան պետութեան դէմ պայքարելու համար: Պէտք է այս կողմն էլ ասել:
– Այ, ասում էք հայութիւնից ոչինչ չգիտէք, բայց ձեր գիւղում ձեզ հայ են ասում: Բայց ձեր կինը հայ է: Ուրեմն ինչպէ՞ս, որտեղի՞ց գտաք նրան, ինչու՞ անպայման հայ:
– Հաա՜, կինս: Ազգութեան պատճառով չենք ամուսնացել: Մենք ուղղակի իրար հանդիպել ենք, սիրել ենք իրար:
– Ձեր կինը որտեղի՞ց է ծագումով:
– Իր ծնողների ընտանիքը Կըզըլ Քիլիսէյից է:
– (Խօսում է կինը) Մեր ընտանիքն էլ է շատ տուժել հայերի կոտորածների ժամանակ: Իմ մօր պատմելով մենք ջրի վրայով ենք փրկուել: Իմ պապերը Փերթեկից (Բերդակ)[v] են եղել: Թուրքերը եկել են մեր գիւղը թալանել, մարդկանց կոտորել են, ով կարողացել է փախչել` նրանց մի մասը փրկուել է: Իմ մայրն այն ժամանակ շատ փոքր է եղել: Տատս մօրս հետ կարողացել է փախչել, բայց հեռու չի գնացել: Տեսել է իրենց հետեւում են, երեխային, այսինքն իմ մօրը ջուրն է գցել: Երեւի ասել է կա՛մ կ’ապրի, կա՛մ կը մեռնի, իսկ եթէ ջուրը չգցէր` հաստատ կը սպանէին:
Բայց փրկուել է մայրս, փրկել են, ջրից հանել են մարդիկ: Մօրն էլ են փրկել, երեխային էլ: Տարել են Կըզըլ Քիլիսէ: Յետոյ մենք ամուսնացանք, ու ես եկայ այստեղ: Հիմա էլ ծերացել ենք, երեխաներն էլ ցրուած են, մեծ մասը Ստամբուլում է:
Մենք այստեղ հող ենք մշակում, ցանք ենք անում, իրենք աշնանը գալիս են բերքը տանում են: Շատերի երեխաներն են Ստամբուլում: Այնտեղ մեծ քաղաք է, չես իմանում ով որտեղի՞ց է եկել, ո՞վ է, ի՞նչ է: Յետոյ էլ որտեղ աւելի լաւ է, մարդիկ այնտեղ էլ գնում են:
– Հիմա ձեր երեխաները Ստամբուլում ո՞վ են, հա՞յ են, քու՞րդ են, թու՞րք են:
– (Ամուսինը) Չեմ հասկանում ի՞նչ էք ասում: Դէ երեւի ալեւի պիտի լինեն:
– Հիմա ձեզ այստեղ ո՞վ է հայ ասում:
– Սովորաբար ոչինչ էլ չեն ասում, բայց ես գիտեմ, որ մեր մասին հայ են ասում: Յետոյ որ ջղայնանում են` գեաւուր են ասում, գեաւուրի տղայ են ասում: Բայց մենք այստեղ բոլորի նման ենք, ալեւի ենք, ալեւին էլ մուսուլման է: Ուրեմն ինչու՞ են գեաւուր ասում:
– Դուք ինքներդ ի՞նչ էք կարծում, ինչու՞ են ասում:
– Չգիտեմ: Երեւի պապերս հայ են եղել: Բայց հայրս հայ չի, ես հայ չեմ:
– Քանի՞ երեխայ ունէք:
– Չորս որդի, երեք աղջիկ: Ութ երեխայ ենք ունեցել, մնացել են եօթը: Աղջիկներից մէկը Գերմանիայում է, միւսը` Իզմիրում: Մէկ աղջիկն ու տղաները Ստամբուլում են:
– Գալի՞ս են երեխաները, օգնու՞մ են:
– Տղաներս գալիս գնում են: Բայց օգնող չունենք: 78 տարեկան ենք` դեռ աշխատում ենք: Գալիս են մեր ստեղծած բերքն են տանում:
– Այս կողքի գիւղերում որտե՞ղ են հայերը:
– Այստեղից առաջին գիւղը Աղաջանն է, յետոյ Խոզըքէօյն է: Դրանք հայերի գիւղեր են: Բուրջուլար գիւղը կայ, այնտեղ բուլղարներ են ապրում: Բայց բոլորը ալեւի են, մուսուլման են:
– Զազայերէն գիտէ՞ք:
– Մենք այստեղ քրմանջերէն ենք խօսում: Մազկերտ գնանք` քրմանջերէն են խօսում: Հարչիկ գետից այս կողմ բոլորը քրմանջերէն են խօսում, Հարչիկից այն կողմ` դերսիմերէն, այսինքն` զազայերէն: Նազիմիէյում (Կըզըլ Քիլիսէ), Օւաճիկում, Խոզաթում, Փուլումերիկում[vi] (Բոլոմերիկ) դերսիմերէն են խօսում, Մազգերտում՝ քրդերէն, քրմանջերէն: Բայց դերսիմերէն նոյնպէս գիտեն, երբ գնում են այն կողմ` դերսիմերէն են խօսում: Չմշկեզիկում (Չմշկածագ) թուրքերէն են խօսում: Ես դերսիմերէն չգիտեմ: Բայց թուրքերէն բոլորս էլ խօսում ենք:
(Կինը) -Ինքը (նկատի ունի ամուսնուն – Հ.Խ.) միայն թուրքերէն գիտի: Ո՛չ քրդերէն գիտի, ո՛չ դերսիմերէն:
– (Ամուսինը) Աթաթուրքի ժամանակ դպրոցներ բացուեցին: Ես դպրոց եմ գնացել: Մենք թուրքերէն ենք սովորել: Հենց մեր այս գիւղում: Սա աղաների, բէյերի գիւղ էր, դպրոցը շուտ բացուեց: Երեք տարի դպրոց եմ գնացել: Բայց կինս դպրոց չի գնացել, գրել կարդալ չգիտի:
– Ձեր երեխաների անունները չէ՞ք ասի:
– Թայլան, քրդական անուն է, յետոյ` Այսէլ, Շուքրա, Իմրա, Արսլան, սելջուկ Արսլան սուլթանի անունով:
Հրաժեշտ ենք տալիս մեր տանտէրերին: Կինը մեզ ուղեկցում է: Դուրս գալիս դռան մօտ մի պահ յապաղում է, ապա կամաց, որպէսզի ամուսինը չլսի, ասում է.
– Բիզ այնը ընք (մենք նոյնն ենք):
————————————————————–
[i] Դանաբուրան – Ըստ դերսիմցի Հալաջեանի, Մեծկերտի շրջանի՝ Խութաց Ձորի կիրճի ելքին շատ մօտիկ գտնուող այս գիւղը քսաներորդ դարասկզբին կոչւում էր Տանապերան եւ ունէր 25 տուն (200 հոգի) հայ, 30 տուն (150 հոգի) քուրդ բնակչութիւն (Հալաջեան, էջ 95, ծանթ.2):
[ii] Հալաջեանը գիւղի անուան հետ կապուած յիշատակում է մի աւանդութիւն՝ իբրեւ թէ Դերսիմում շատ տարածուած էին Անահիտ աստուածուհու տաճարին նուիրաբերուող մատաղացու հորթերի գոմերը: Դրանցից մէկն էլ գտնուելիս է եղել ներկայ գիւղի ստորոտում, ծաղիկներով եւ կանաչներով ծածկուած գեղատեսիլ արօտավայրերում: Գիւղի Տանապերան անունը նա կապում է հորթերի մակաղատեղի իմաստի հետ (Հալաջեան, էջ 98): Ինչպէս տեսնում ենք, այսօր էլ մնում է գիւղի անուան՝ սպանուող հորթերի հետ կապի բացատրութիւնը:
[iii] Չունգուշ՝ գիւղ Դիարբեքիրի կողմերից:
[iv] ՊԿԿ- Քրդական (կամ Քրդստանի) Աշխատաւորական Կուսակցութիւն – Partiya Karkerên Kurdistan – PKK, թուրքերէն՝ Kürdistan İşçi Partisi: Հիմնադրուել է 1978ին, 2000ին վերանուանուել է «Դեմոկրատական ժողովրդական Միութիւն», 2002ին՝ «Քրդստանի Ազատութեան Եւ Դեմոկրատիայի Կոնգրէս», 2005ին` կրկին «Քրդստանի Աշխատաւորական Կուսակցութիւն»:
Քրդական քաղաքական միաւորում է, որը պայքարում է Թուրքիայի քրդերի իրաւունքների համար, այդ թւում` ռազմական միջոցներով (Ինքնապաշտպանութեան ժողովրդական ուժեր): Թուրքական իշխանութիւններն իրենց հերթին այն ճնշելու նպատակով ոչ միայն ռազմական միջոցներ են կիրառում, այլեւ` այլընտրանքային կառոյցներ ձեւաւորում, ինչպէս, օրինակ, «Քրդական Հզբոլա»ն:
[v] Փերթէկ, Բերդակ – 20րդ Դարասկզբին Դերսիմի գաւառի Չարսանճագի գաւառակի գիւղ էր, որը մասին տեղեկութիւններն սկսում են ուրարտական շրջանից: Բերդակի հայերին բնակավայրից հանել և կոտորելով՝ դիակները Եփրատ են նետել 1915 ի ապրիլին, որից յետոյ Բերդակը, որպէս Դերսիմից տեղահանուող հայերի ճանապահին ընկած գետափնեայ բնակավայր, դարձել է հայերի սպանդանոցներից մէկը՝ ջարդերից յետոյ դիակները գետն էին նետում (ՀԱԱ, Ֆ.227, Ց.1, Գ.478, Թ. 31-35: Տես «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում», Վերապրածների վկայութիւններ, Փաստաղթերի ժողովածու, Հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, «Հայաստանի ազգային արխիւ», Երեւան, 1912, էջ 257): Բերդակ նախկին գիւղն այժմ ամբողջովին, մի շարք եկեղեցիների հետ միասին, ընկել է 20րդ դարի 60ականներին թուրքական իշխանությունների ծրագրով կառուցուած Քեբան արհեստական լճի տակ:
[vi] Փուլումերին, Նազիմիէն (Կըզըլ Քիլիսէ), Օւաճիկը, Խոզաթը նախկին Դերսիմի՝ ներկայիս Թունջելի նահանգի՝ իլ-ի գաւառներն են:
www.lragir.am/2020/03/30/532322/