Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը
31 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասաց մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն դիտարկումներին, թե ընտրությունը պետք էր հետաձգել` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը։ Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ունենք բոլոր նախադրյալները` Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար։ Այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման դեպք։ Մենք մշտադիտարկում ենք անցկացնում։ Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»,– ասաց Սահակյանը։
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
1* «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2* «Միասնական հայրենիք» կուսակցություն
3* «Անկախության սերունդ» կուսակցություն
4* «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
5* Արցախի հեղափոխական կուսակցություն
6* «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
7* Արցախի «Արդարություն» կուսակցություն
8* Արցախի ժողովրդավարական կուսակցություն
9* «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10* Արցախի պահպանողական կուսակցություն
11* Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
12* «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
armenpress.am/arm/news/1010672.html