Այսօր Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցն է – Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցը:
2 ապրիլի, 2020, Ռազմական:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առավել թեժ մարտեր են ընթացել շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում: Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով Մարտունի քաղաքի Զորավանում սպանվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12:00-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։
Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։
Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք:
2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։
Աբաջյանը դարձավ 24-րդը, ով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան):
artsakhpress.am/arm/news/123817/aysor-aprilyan-paterazmi-chorrord-tarelicn-e.html