ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինքնիշխանության վերջին թելը, բանակը կանխեց աղետը, ռեգիոնալ ռազմա-քաղաքական միջավայրը վերադարձրին հայկական հաղթանակի դիրքեր
02.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, որոնք կյանքի գնով կանգնեցրին ադրբեջանական ագրեսիան եւ ռեգիոնալ ռազմա-քաղաքական միջավայրը վերադարձրին հայկական հաղթանակի դիրքեր, որից այն շեղվել էր առաջին հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում՝ Հայաստանի անարդյունավետ կառավարման եւ ինքնիշխանության գրեթե չեզոքացման հետեւանքով:
Այդ իմաստով, ապրիլյան քառօրյան դարձավ Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պատերազմ, եւ Հայաստանի հակառակորդներին չհաջողվեց կտրել ինքնիշխանության վերջին թելը: Բանակը եւ հանրությունը պահեցին այն:
Ապրիլյան ագրեսիան Հայաստանի պետական քաղաքականության տարիների անարդյունավետության, քաղաքական համակարգի դեգրադացման, պետական մտածողության նենգափոխման հետեւանք էր: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում առաջին հաղթանակին հաջորդած քառորդդարյա շրջանում տեղի ունեցած զարգացումներն են հաջորդաբար բերել տարաբնույթ մեծ ու փոքր քաղաքական կամ ռազմա-քաղաքական կատակլիզմների, այդ թվում ողբերգությունների, ի վերջո հանգեցնելով ներքին քաղաքական այնպիսի միջավայրի ձեւավորման, որը թույլ է տվել արտաքին շահագրգիռ ուժերի Հայաստանի շուրջ ձեւավորել ադրբեջանական ագրեսիայի ջերմոցային միջավայր:
Դա իրականացվել է ռուս-թուրքական գործակցությամբ: Ռուսաստանն ու Թուրքիան եղել են ադրբեջանական ագրեսիայի սնուցման հիմնական գեներատորները: Այդ ագրեսիայի միջոցով նրանք հետապնդում էին հայկական առաջին հաղթանակի արդյունքը շրջելու եւ 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տառն ու ոգին վերականգնելու նպատակ:
Հայաստանում չկար քաղաքական իշխանություն եւ քաղաքական համակարգ, որն ունակ կլիներ դիմակայել այդ գործընթացին: Ոչ լեգիտիմ քաղաքական իշխանությունը եւ քաղաքական համակարգը տարիների ընթացքում ձեւավորել, իսկ ապրիլյան քառօրյային անմիջապես նախորդած մի քանի տարիների ընթացքում բյուրեղացրել էին մի քաղաքական իրականություն, որը պարարտ հող էր ռազմա-քաղաքական բալանսը խախտելու եւ Հայաստանի դեմ ագրեսիան հասունացնելու համար:
Ապրիլյան պատերազմին նախորդող երկու-երեք տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքը անցնում էր իշխանության եւ այսպես կոչված ոչիշխանական բեւեռի պայքարով, որտեղ այդ բեւեռը նպաստում էր Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերի լեգիտիմացմանը, ռազմա-քաղաքական բալանսը պահելու Հայաստանի թեկուզ թույլ ջանքի չեզոքացմանը:
Ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանում շատ է խոսվել դրա դասերի մասին: Այդ խոսակցությունը հիմնականում կենտրոնանում է կառավարման էֆեկտիվության, կոռուպցիայի բացառման վրա:
Դրանք անշուշտ կարեւոր եւ հիմնարար նշանակության գործոններ են: Սակայն, ապրիլյան քառօրյայի դասը չի կարող լինել լիարժեք եւ ամբողջական, եթե այն չի ընդգրկում տեղի ունեցածի աշխարհքաղաքական համատեքստն ու դրան Հայաստանի քաղաքական համակարգի համարժեքության խնդիրը:
www.lragir.am/2020/04/02/533293/