Բաց նամակ – դիմում ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետություններին, ՄԱԿ-ի անդամ պետություններին
25 մարտ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամյա հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ իրականացվեց ցեղասպանության հանցագործություն: Հազարավոր խաղաղ հայեր գազանաբար սպանվեցին, ողջ մնացած հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր տներն ու տնտեսությունը. հայկական քաղաքում տասնյակ հազարավոր հայերից ոչ մեկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացվել է հինավուրց քաղաք, կատարվել է կուլտուրցիդ: Ադրբեջանի, Թուրքիայի, ISIS-ի հետագա ոճրագործությունները այդ հանցագործությունների ուղղակի շարունակությունն են, անպատժելիության հետեւանք, լռության հետեւանք համաշխարհային հանրության կողմից:
Համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ․) եւ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի (26 նոյեմբեր 1968 թ.), պահանջում ենք դատապարտել՝ Շուշիում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրականացված, սակայն վաղեմության ժամկետ չունեցող Հայերի Ցեղասպանության հանցագործությունը եւ ի դեմս այդ ոճրագործության՝ դատապարտել այդ ցեղասպանական տանդեմի բոլոր հանցագործությունները:
Ցեղասպանության հանցագործությունների կազմակերպիչների, շարունակողների, գաղափարախոսների, կեղծարարների, աջակիցների եւ նրանց նկատմամբ, ովքեր լռության են մատնում դա, ատյանն անխուսափելի է։
Դա միայն ժամանակի հարց է։
Միջազգային հանրային ատյան Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների
25 մարտ 2020 թ.