ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Նոր իրավիճակ. Էրդողանը պետք է պատասխան տա Հայաստանին եւ Արցախի ուղղությամբ իր կրտսեր եղբոր կրակոցների համար
11.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
««Թուրքիան թաքցնում է Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության փաստերը. Պատմաբան Թանար Աքչամ»»
Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը Հայաստանում արժանացավ զգալի ուշադրության: Պաշտոնական մակարդակում Երեւանը հայտարարեց, որ օրակարգում չկա Թուրքիայի օգնության հարց: Սակայն ներհայաստանյան մեդիա-փորձագիտական օրակարգում դեռեւս շարունակվում է քննարկումը, թե Երեւանն ինչ ու ինչպես պետք է արձագանքեր Էրդողանին:
Բայց, ինչու՞ պետք է արձագանքեր Երեւանը, եթե Էրդողանը չի դիմել Երեւանին: Էրդողանը, ըստ տեղեկատվության, Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին խոսել է Կոնստանդնուպոլսի Պատրիարքի հետ զրույցում, որի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի թեման: Ըստ տեղեկության, Էրդողանը հայտնել է նաեւ Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների Երեւան վերադարձը կազմակերպելու պատրաստակամություն:
Այդ հարցում պաշտոնական Երեւանն ու Անկարան բնականաբար կունենան հաղորդակցություն ըստ անհրաժեշտության: Բայց Հայաստանին օգնելու պատրաստակամության վերաբերյալ Էրդողանի խոսքը չունի պաշտոնական Երեւանի արձագանքի կարիք, առնվազն քանի դեռ այդ խոսքը նույնքան պաշտոնապես հասցեագրված չէ Երեւանին, այլ հնչել է ընդամենը Կոնստանդնուպոլսի հայ հոգեւոր առաջնորդի հետ զրույցում: Ի դեպ, նաեւ այն օգնության մասին համատեքստում, որ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարին բերում է այդ երկրում ապրող հայությունն ու թեմը:
Ի՞նչ պետք է արձագանքի Երեւանը: Կա արձագանքի շեշտադրման կամ տոնայնության սահմանափակ ընտրություն: Կամ պետք է քաղաքավարի շնորհակալություն հայտնել Էրդողանին եւ փաստորեն աշխատեցնել նրա քարոզչական քայլը, կամ շնորհակալությանը զուգահեռ պետք է նրա հետ մտնել որեւէ «ռազբորկայի» մեջ, փաստորեն դարձյալ աշխատեցնելով նրա քայլը: Որովհետեւ Թուրքիայի նախագահը կհայտարարի, որ ինքը այս բարդ վիճակում օգնություն է առաջարկում, մարդասիրությունից է խոսում, իսկ Հայաստանը ներկայացնում է ինչ որ քաղաքական հաշիվներ:
Ըստ այդմ, պաշտոնական Երեւանի արձագանքը թերեւս ամենաօպտիմալն էր առկա իրավիճակում՝ Հայաստանի օրակարգում չկա այդպիսի հարց: Որովհետեւ Հայաստանի պաշտոնական օրակարգը ձեւավորվում է առկա խնդիրներով ու իրողություններով, ոչ թե Թուրքիայի նախագահի հայտարարությունների վերաբերյալ լրահոսում հայտնվող տեղեկություններով:
Եթե Անկարան ունի որեւէ խոսելիք, թեկուզ մարդասիրության առիթով, ապա դրա համար կա պաշտոնական պատշաճ խողովակը, որպեսզի նաեւ առաջանա Անկարայի համարժեք պատասխանատվությունը դրա համար: Չի կարելի թույլ տալ Անկարային մարդասիրության քողի տակ, օգտագործելով համաշխարհային ճգնաժամը, փորձել միավոր հավաքել Հայաստանի վրա, հետո այդ միավորները այս կամ այն ուժային կենտրոնի հետ հարաբերության մանրադրամ դարձելու համար:
«Նոր փաստաթուղթը պետք է բանակցվի արդեն նոր իրողությունների հիման վրա», դեռեւս 2018-ի մարտին դեռ նախագահի կարգավիճակում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը նախագահության վերջին օրերին չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որ իր նախագահությամբ էլ սկզբնավորվել էին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի այդ քայլն իսկապես ուշագրավ էր, հաշվի առնելով այն, որ նա պատրաստվում էր շարունակել գլխավորել Հայաստանը վարչապետի կարգավիճակում:
Ինչու՞ նա շտապեց հենց նախագահի կարգավիճակում չեղարկել արձանագրությունները: Դա հետաքրքիր հարց է անշուշտ, խոսակցության այլ նյութ, բայց Անկարան Երեւանի հետ պետք է ակնկալի այլեւս բոլորովին նոր բնույթի խոսակցություն, զերծ ավանդական թուրքական դիվանագիտական հմտությունից:
Պատասխանողը չպետք է լինի Հայաստանը, այլ հենց Թուրքիան: Եվ Թորքիան կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում մարդասիրական հնարքների փոխարեն պետք է պատասխանի Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ իր կրտսեր եղբոր կրակոցների համար:
lragir.am/2020/04/11/536270/