ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Հարսանիքը Ջիւրիգիում և Սոցիալիստը. Այստեղ կ’ասեն հայ եմ, ալեւի եմ, քուրդ եմ, կըզըլբաշ եմ, բայց ես սոցիալիստ եմ
10.04.2020 | Հասարակություն – ԻՆՔՆՈՒԹԻՒՆ | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:
/US Senate recognizes the Armenian Genocide/
2011-ի հուլիսի 23-ի երեկոյան ինքնությամբ սոցիալիստ, ծագումով հայ-ալեվի Քեմալ Թոլգանը և խոզաթցի Էրդողան Էվրենը մեզ հրավիրեցին Ջիվրիգի գյուղ: Ջիվրիգին խիստ բարձր լեռնային ալեւիական փոքր գիւղ է, որի բնակիչներից 70 մարդ զոհ է գնացել 1938ի ջարդերին: Հիմա, այն Դերսիմի դատարկուած գիւղերից է, որտեղ երբեմն-երբեմն, ոստիկանների թոյլտւութեամբ, նախկին բնակիչները եւ նրանց ժառանգները կարող են այցելել ծիսական պահանջների դէպքում:
Հարսանիքը այդ պահանջներից մէկն էր, եւ հիմա հարսանիքի առիթով նախկին ջիւրիգեցիներից շատերն էին Ջիւրիգի գնում հարսանիքին մասնակցելու: Ջիվրիգի գիւղից յստակ երեւում է Դերսիմի հայերի համար շատ կարևոր Սուրբ լույս սարը և ուխտատեղին: Ասացին, որ շատ մարդ է լինելու և կարող ենք բազմաթիվ հարցեր տալ նրանց: Քանի որ ես անընդհատ հարցեր էի տալիս Սուրբ լույս (Սբլիս) լեռան մասին, Քեմալն ասաց, որ այդ լեռը հենց Ջիվրիգի գյուղի դիմացն է և հենց տեղացիներն էլ գուցե կպատասխանեն իմ հարցերին:
Չորս հոգով` Թաթոյան Ռոբերտը, Էրդողանը, Քեմալը և ես ճանապարհ ընկանք երեկոյան կողմ և, Նազիմիյեն անցնելով` սկսեցինք բարձրանալ լեռները: Նախկին կայմակամանիստ Նազիմիյե գյուղաքաղաքում տեղադրված է զինվորական կայազոր և փողոցներում բավականաչափ ավտոմատավոր զինվորներ կային: Բոլորն էլ` թուրքեր:
Ալեվիներին և սուննի քրդերին այս տարածքների կայազորերում չեն պահում: Նազմիեյում նաև մզկիթ կա, ուր, ինչպես ասացին, հաճախում են գլխավորապես թուրք պաշտոնյաները: Դերսիմում մզկիթները հիմնականում սուննի բնակչություն ունեցող բնակավայրերում է հանդիպում, ավելի հաճախ` գյուղաքաղաքներում և, իհարկե, վարչական կենտրոններում:
Ամբողջ ճանապարհին Քեմալը խոսում էր սոցիալիզմի կարևորության և արդարության մասին: Ուսումնասիրել էր Մարքս, Լենին, Կաուցկի, Տրոցկի: Ասում էր, որ եթե Ստալինի սխալները չլինեին, սոցիալիզմը չէր արժեզրկվի: Պնդում էր, որ Թուրքիայի հիմնական ազատական հայացքների տեր տարածքը Դերսիմն է, հենց այդ պատճառով էլ իշխանությունը Դերսիմի տարածքում քանակով բնակչությունից ավելի շատ շատ զինվորներ է պահում: Դիարբեքիրում, ըստ նրա, իշխանություններն այդքան խիստ չեն, քանի որ, ըստ Քեմալի, այնտեղ սոցիալիստներ չկան:
Մինչ Քեմալը պատմում էր սոցիալիզմի հեռանկարների և արդարության մասին, ետևի նստատեղում նստած Էվրենը սազ էր նվագում և ցածր ձայնով երգում: Հիանալի էր երգում: Չնայած մեղեդու քնարականությանը, Էվրենի երգերը նույնպես անարդարության և անազատության մասին էին: Որքան բարձրանում էինք` այնքան այդ երգերը դառնում էին ավելի ու ավելի ազատական, բայց մեղեդին միշտ քնարական էր:
Շարունակում ենք բարձրանալ: Թվում է, թե ամենաբարձր լեռներում ենք, բայց ճանապարհը շարունակվում է: Մենք անցանք լեռնային երեք գյուղերի մոտով: Գյուղերից մեկի անունը ցուցանակի վրա գրված էր՝ Ենիսմիյա: Սա Ենիս գյուղն է, որի բնակչությանը 1938ին աքսորի անվան տակ տեղահանել են զինվորականները և կոտորել : Քեմալն ասաց, որ գյուղի նախկին անունը Հալիս է եղել:
Հետո տեսանք մյուս գյուղի ցուցանակը` Մելիքիս մահլասը: Հաջորդ գյուղը Սարը յայլան էր (Դեղին ամառանոց-Հ.Խ.): Դրանք փոքր, երեսուն-քառասուն տուն ունեցող գյուղեր էին, որոնց բնակիչները նույնպես տեղահանվել էին 1993ին, և այժմ գյուղերից յուրաքանչյուրում հինգ-վեց ըտանիքիների տարեցներ էին մնացել:
Սարը յայլա գյուղի մոտ օդում անընդհատ ուղղաթիռ էր պտտվում:
Քեմալն ասում է, որ դրանք սովորաբար անտառների վրայով են պտտվում, տեռորիստներին են փնտրում: Բայց այստեղ անտառներ չկան: Ամբողջ տարածքը բաց է: Քեմալն ասում է, որ բոլոր գյուղերում էլ զինվորական կայազորեր կան, այդ ուղղաթիռները կայազորերից են թռչում: 1937-38թ. այս լեռների բնակավայրերի բնակչությունը մասնավոր ջարդերի զոհ է դարձել, քանի որ հենց լեռնային անմատչելի բնակավայրերի բնակչությունն էր Դերսիմի կիսանկախությունը պահողը:
Բայց նույնիսկ վայրենի ջարդերը բավարար չեն թվացել, քանի որ ավերված գյուղերի ջարդված բնակչությունից փրկվողները կրկին վերադարձել են իրենց հայրենի գյուղերը: 1993-94թթ. երկրորդ, պակաս մարդասպան ալիքով իշխանությունները «սրբեցին» այդ բնակավայրերը` բնակչությանը ուժով տեղահանելով և մարդկանցից դատարկված գյուղերում ռազմական կայազորեր տեղադրելով:
Կայազորերի առկայությունը պաշտոնապես բացատրվում է այդ տարածքները տեռորիստներից պաշտպանելու մտահոգությամբ, բայց տեղացիներն ասում են, որ դրանց գլխավոր ֆունկցիան 1993-94թթ. բռնությամբ դատարկված գյուղերի բնակչության` իրենց տներ վերադարձն արգելելն է: Ծրագիրն այն է, որ լեռներում առհասարակ մարդ չապրի և ամբողջ բնակչությունը վերահսկողության տակ լինի:
Մենախոսությունից հոգնած Քեմալը լռել էր: Էրդողան Էվրենն այլևս չէր երգում, և մենք լուռ վայելում էինք լեռների անդորրը: Երեկոյանում էր, և չնայած լեռների վրայի թափանցիկ մշուշին` հիանալի տեսանելիոթյուն կար: Այնքան գեղեցիկ էր այդ անընդգրկելի տարածությունը, այքան խաղաղ, որ անպատկերացնելի, անհավատալի էր թվում այստեղ պարբերաբար տեղի ունեցող ողբերգությունների իրականությունը:
Մի փոքր ամպամած էր, արդեն մթնում էր: Ողջ ճանապարհին միայն մեր մեքենան էր: Մարդ չկար: Միանգամից, չգիտես ինչու, տագնապեցի գյուղերում կայազորերի առկայությունից: Դրանք ինձ պատկերացան տանկերի հռնդյունով և ավտոմատների կրակահերթերով:
Ինձ համար մշտապես բաղձալի լեռներն այդ պահին առաջացրին անորոշ օտարության և մոտակայքում թաքնված թշնամու զգացողություն: Լեռները գորշացան, դարձան սպառնալի: Տագնապս խորանում էր, և ես նեղսրտում էի, թե ինչու տեղ չենք հասնում: Այնքան բարձ էինք, և այնքան շատ լեռներ էին շրջապատում մեզ. որ մի պահ Ջիվրիգին ինձ թվաց հորինված, գոյություն չունեցող: Եվ հանկարծ այդ բացարձակ ամայի լեռներում մի ձիավոր երևաց:
Հեռվից էլ երևում էր, որ հեծյալը երիտասարդ աղջիկ է: Ձին անխռով վարգով մոտենում էր մեզ, և այդ մենավոր հեծյալ երիտասարդ աղջկա հայտվելը միանգամից ցրեց իմ վախերը: Հենց հատկապես նրա հանդարտ մենավորությունը: Գուցե նաև` անգլխաշոր մազերի ծածանումը, քանի որ նրան ընկալման իմ առաջին զգացողությունը հենց քամուց ծածանվող մազերն էին: Փակ գլխաշորերից միշտ զգուշավորության կարիք եմ զգացել:
Հերարձակ ձիավոր աղջկա միայնակ ներկայությունն այդ անսպառ լայնարձակությունում մի տեսակ փաստում էր Ջիվրիգի ռեալ գոյությունը և այդտեղ լինելու մեր իրավունքը: Անսահման հեռու, բաց հորիզոնով տարածքը կրկին վերադարձավ հարազատության աստիճան մատչելի, հասկանալի, ցանկալի, ջերմ և զարմանալիորեն մտերիմ: Լեռների գույները վերադարձան, կանաչեցին և ողջ անսահմանությունը կրկին լուսավորվեց:
Գյուղերի կայազորերը վեր ածվեցին միս ու արյունով, իրենց վախերն ու տագնապներն ունեցող մարդկանց: Հեծվորը մոտեցավ մեզ, և հիմա երևում էր, որ նա երգում է: Այդ հերարձակ ձիավոր աղջիկը լեռներում մեն-մենակ, ինքն իր համար երգելով գնում էր: Մեզ հավասարվելով, աղջիկը ձեռքով ողջունեց մեզ, ժպտաց ու անցավ: Ես անսահման երախտագիտությամբ լցվեցի այդ գյուղացի աղջկա նկատմամբ:
Մենք դեռ բարձրանում էինք, թվում էր` ավելի բարձր անհնար է: Իսկապես էլ մենք արդեն մոտենում էինք Ջիվրիգին:
Ջիվրիգին իր զբաղեցրած տարածքով մեծ գյուղ է, բայց այն շատ ցրված է և իրականում բաղկացած է մի քանի փոքր գյուղակներից կամ, ավելի ճիշտ, տնախմբերից: Ջիվրիգին 1938թ. Դերսիմի ջարդերից ամենաշատ տուժած գյուղերից է: Թունջելիի մեր տանտիրուհին` Մաքբուլեն նույնպես ջիվրիգցի է:
Հիմա նա ապրում է Ստամբուլում և ղեկավարում է «Ջիվրիգցիների հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը: Մաքբուլեն պատմում էր, որ հենց միայն իրենց ընտանիքից զոհվել է յոթանասունից ավելի մարդ: Բայց հետո գյուղը վերականգնվել է, և, Մաքբուլեի պատմածով, 50-ականներին այդ լեռնային գյուղում 1600 մարդ էր ապրում: 1993-94թթ. Ջիվրիգին իշխանությունների կողմից ռազմական ուժով կրկին դատարկվել է, և հիմա գյուղում համարյա ապրող չկա:
Ճիշտ է, մարդիկ տարբեր ձևերով փորձում են վերականգնել իշխանության կողմից քանդված իրենց տները, բայց դրանց թիվը շատ քիչ է: Գյուղում զինվորական կայազոր կա, և դա բարդացնում է վերականգնողական աշխատանքները: Ձմռանը համարյա մարդ չի լինում, և գյուղում խաղաղ բնակչության կյանքը նշմարվում է հիմնականում ծիսական առիթներով:
Ջիվրիգցիները հարսանիքները և թաղումներն անում են իրենց գյուղում, և այդ օրերին Թուրքիայի տարբեր մասերում, բայց հատկապես Ստամբուլում ապրող ջիվրիգցիները հավաքվում են այդտեղ: Ահա այդպիսի մի օր էր 2011թ. հուլիսի 23-ը, երբ մենք եկանք Ջիվրիգի:
Փեսան ջիվրիգցի էր, հարսը` Աֆիոն Կարահիսարցի գեղեցկուհի թրքուհի` բարձրահասակ, սլացիկ, արժանապատվորեն պարզ ու սիրալիր: Հարսն ու փեսան բակի դարպասների մոտ կանգնած դիմավորում էին ժամանող հյուրերին, սիրալիր մի քանի խոսք փոխանակում, շնորհակալություն հայտնում: Հարսը ճերմակ, պարզ, շատ ճաշակով հարսնազգեստով էր, փեսան` ազգային տարազի նմանակումով բաճկոնով:
Մենք լսեցինք մեզ բաժին հասած սիրալիրությունները, շնորհավորեցինք և անցանք երկհարկանի տան մարդկանցով լեցուն բակը: Բակում շատ մարդ կար կանգնած, բայց բակի չորս կողմերի` միմյանցից թեթևակի առանձացված սեղանների շուրջը նստած էին: Ավելի ուշ ես հասկացա, որ սեղաններից յուրաքանչյուրի շուրջ կամ ընտանիքներ են, կամ` ազգականներ:
Բակի անկյուններից մեկում թեթև նախուտեստներով լեցուն պնակներով սեղաններ կային և թեյի պարագաներ: Ամեն մարդ ինքն էր ընտրում իր ուզածը և տանում իր զբաղեցրած սեղանի մոտ: Մեզ նույնպես առաջնորդեցին հյուրասիրության սեղանի մոտ և ապա` ազատ սեղաններից մեկի մոտ առաջարկեցին նստել: Մենք գետնանուշ վերցրինք և թեյ: Նստելուց անմիջապես հետո մեր սեղանին հաց, փոքրիկ ափսեով թարմ պանիր և հատուկ մշակված կծու պղպեղ դրեցին: Անմիջապես մեզ միացան մեր նախկին ծանոթներից մի քանի մարդ:
Մոտ կես ժամ էր անցել մեր գալու պահից: Հարսանիքի հյուրերի մի մասը իրենց սեղանների շուրջ նստած թեյ էին խմում և զրուցում, մյուսները բակում ողջագուրվում էին նոր եկող հյուրերի հետ, երբ բարձրախոսով երաժշտությամբ հնչեց հարսանիքի ազդարարումը: Սազ էին նվագում և երգում: Մի քանի երգ երգեց նաև մեզ հետ եկած Էրդողան Էվրենը: Երբեմն սազ նվագողներին ձայնակցում էր նաև կիթառը, բայց հիմնական գործիքը սազն էր:
Մոտ կես ժամ էր անցել մեր գալու պահից: Հարսանիքի հյուրերի մի մասը իրենց սեղանների շուրջ նստած թեյ էին խմում և զրուցում, մյուսները բակում ողջագուրվում էին նոր եկող հյուրերի հետ, երբ բարձրախոսով երաժշտությամբ հնչեց հարսանիքի ազդարարումը:
Սազ էին նվագում և երգում: Մի քանի երգ երգեց նաև մեզ հետ եկած Էրդողան Էվրենը: Երբեմն սազ նվագողներին ձայնակցում էր նաև կիթառը, բայց հիմնական գործիքը սազն էր: Հյուրերը, երաժշտություն լսելով, շարունակում էին թեյ խմել և զրուցել: Ես մի կտոր հաց ու պանիր կերա: Պանիրն ինձ անչափ համեղ թվաց:
Նկատեցի, որ երբեմն-երբեմն որոշ մարդիկ իրենց նստած տեղերից վեր էին կենում, անցնում նախուտեստների սեղանի մոտի վարագույրի ետևը և կարճ ժամանակից վերադառնում: Ես նույնպես գնացի: Երկու տղամարդ օղի էին առաջարկում վարագույրի ետևն անցնող յուրաքանչյուրին: Նոր թեյ վերցրի ու վերադարձա իմ տեղը:
Մի մարդ մոտեցավ մեր սեղանին, հարցրեց, թե որտեղից ենք: Պատասխանեցի՝ Հայաստանից:
-Հայե՞ր եք:
-Հայեր ենք,-հաստատեցինք:
-Այստեղ էլ շատ հայեր կային: Բայց 37-ին այստեղ մարդկանց կոտորեցին: Այս գյուղից 71 մարդ են սպանել,- առանց որևէ նախաբանի ասաց նա: Այստեղ Խոռմեքների աշիրեթն էր: Դրանից հետո այս տարածքը մարդկանցից դատարկեցին: Կոտորեցին հայերին ու ալեւիներին: Ով փրկվեց` այլևս չվերադարձավ: Թույլ չտվեցին: Հայերն էլ վերջնականապես տեղափոխվեցին, իսկ ով մնաց` ալեւիացավ:
Այդ մարդու պատմածից հետո ես հասկացա, որ մեր տանտիրուհի Մաքբուլեի պատմածը իր ընտանիքից 71 մարդ սպանված լինելու մասին` վերաբերում էր ողջ Ջիվրիգին: Ամբողջ Ջիվրիգին Մաքբուլեի համար իր ընտանիքն էր: Հավանաբար կար նաև բոլորի ազգակցության փաստը:
Մարդն սկսեց պատմել կոտորածների մասին, բայց երաժշտությունը խանգարում էր նրան ձայնագրել: Իսկ հետո նոր երաժիշտներ եկան: Մեկի վզից մեծ թմբուկ էր կախված: Հենց որ թմբուկը զարկեց` պարերն սկսվեցին: Նվագում էին զուռնայի նման փողային գործիքով, բայց ռիթմը պահողը թմբուկն էր: Պարեցին նախ կլոր-փակ պար: Խումբը պտտվում էր թմբկահարի շուրջը:
Արդեն մթնել էր, բակում վառել էին էլետրական լույսերը և միայն հիմա նկատեցի, որ բակը զարդարված էր փուչիներով: Պարում էին` ով ուզեր: Ոմանք շատ լավ էին պարում, բայց մեծ մասը փորձում էր կրկնել պարն իմացողների շարժումները: Ես իմ սեղանակիզներից հարցրի, թե բոլո±րը գիտեն պարել:
-Ոչ, հիմա քչերն են լավ պարում: Այստեղ ներկաների զգալի մասը Գերմանիայում ապրողներ են, ովքեր ամռանը վերադարձել են հայրենիք և հիմա էլ մասնակցում են այս հարսանիքին (1993-1994թթ. լեռնային գյուղերի տեղահանությունից հետո Դերսիմի բնակչության զգալի հատվածը Գերմանիա է տեղափոխվել, և շատերը ամառները վերադառնում են հայրենիք-Հ.Խ): Նրանք, հատկապես երիտասարդներն արդեն քիչ բան գիտեն մեր մշակույթից:
Այդ լսելուց հետո ես նկատեցի, որ ներկաների մեծ մասին հագուստով իսկապես չես տարբերի եվրոպացիներից: Բոլորը, կամ, գուցե` համարյա բոլորը ամենօրա աշխատանքային հագուստով էին` սովորական ջինսեր, շապիկներ, սպորտային հարմար կոշիկներ: Նկատեցի նաև, որ հյուրերը հարսանքավորների տպավորություն չէին թողնում: Տպավորությունն այնպիսին էր, որ ով այդ օրն ինչ հագուստով եղել է` հենց այդպես էլ եկել է հարսանիք:
Մոտ մեկ ժամ տևած պարերից հետո բարձախոսին մոտեցավ փեսան և հայտարարեց, որ մարդիկ ուզում են ելույթ ունենալ:
Խոսեց նախ փեսայի հայրը: Բարի գալուստ մաղթեց բոլոր հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց գալու համար, խնդրեց բոլորին ազատ զգալ իրենց, հյուրասիրվել, զվարճանալ:
Մասնավոր բարի գալուստ մաղթեց աֆիոն կարահիսարցի թուրք հյուրերին, ասաց, որ այս տունն այնուհետև նրանց տունն է, և բարձախոսի մոտ հրավիրեց հարսի հորը:
Վերջինս իր ելույթում ասաց, որ թուրք և քուրդ ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի, որ միշտ էլ նրանց միջև ամուսնություններ են եղել ու շատ երջանիկ ընտանիքներ են կազմվել, որ իրենք շատ ուրախ են այսուհետև քուրդ ազգականներ ունենալու համար, շնորհավորեց զույգերին, նրանց ծնողներին ու ազգականներին և առհավետ եղբայրություն մաղթեց թուրքերին ու քրդերին:
Հարսի հոր ելույթից հետո խոսեցին ևս երկու թե երեք տղամարդ, հերթով` փեսայի և հարսի ազգականներից: Նրանց ելույթներն սկզբունքորեն նման էին հարսի հոր ելույթին` բոլորը շեշտում էին թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրությունը, մարդկային վեհ առաքինությունները, այդ ժողովուրդների ներկայացուցիչների ամուսնական և ազգացական կապերի ամրությունը և ավարտում էին զույգերին հասցեագրված երջանկության բարեմաղթություններով:
Ապա խոսեց փեսան, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց քուրդ և թուրք հյուրերին` բոլոր դժվարությունները հաղթահարելով Ջիվրիգի գալու և իրեենց հարսանքին ներկա լինելու համար: Վերջում փեսան հարգանքով բարձրախոսի մոտ տարավ մի տարեց կնոջ, ով, պարզվեց, հարսի մայրն էր:
Եվ հենց այդ պահին ես պարզորոշ տեսա, որ հարսանիքին մասնակցող բոլոր կանայք գլխաբաց էին և լանջաբաց թեթև հագուստով: Ես այդ տեսա, քանի որ հարսի մայրն ինքը խուլ գլխաշորով էր և փակ, երկարաթև զգեստով: Այդ հակադրությունը ցուցադրում էր ինչպես նրա փակ հագուստը, այնպես էլ մյուսների բաց, երբեմն` զգալի բաց հագուստը: Հարսի մայրն իր հերթին շնորհավորեց զույգերին ու ազգականներին և նույնպես խոսեց թուրք-քուրդ ժողովուրդների բարեկամության, եղբայրության ու հավատարմության մասին:
Խոսողներից յուրաքանչյուրին ծափահարում էին և ելույթներն ընդմիջվում էին որևէ երաժշտական կատարումով` նվագով կամ երգով: Հասկանալի էր, որ քուրդ-թուրք ժողովուրդների բարեկամությունն այնքան կասկածելի ծանր վիճակում էր, որ այն կենացներով լուրջ օգնության կարիք ուներ, և կողմերից յուրաքաչյուրը ջանում էր՝ ինչպես կարող էր:
Հետո խոսեց հարսանքատանը մեզ հետ ծանոթացած մի կոմունիստ : Նա թերևս միակն էր, որ ժողովուդների բարեկամության թեման փոխարինեց ընդհանուր մարդկային արդարության, հավերժ սիրո թեմայով և իր ասելիքն ավարտեց մի բանաստեղծությամբ, որում գովերգվում էին զույգ ծաղիկները:
Վերջում բարձրախոսին մոտեցավ հարսը: Նրան դիմավորեցին ծափահարություններով: Նա արդեն զգեստափոխվել էր: Նրա հագին թուրքական կանացի երկար, կոճերի մոտ փողքերը հավաքած շալվար էր, ճերմակ շապիկ ու կարճ, մինչև գոտկատեղը հասնող անթև սև բաճկոն, սպորտային կոշիկներ:
Երկար մազերով թխամորթ, աշխարհիկ զուսպ ժպիտով աղջիկը շատ գեղեցիկ էր ու տպավորիչ: Նա կարճ խոսեց, շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար և խնդրեց հնարավորինս զվարճանալ:
Ելույթներից հետո վերսկվեց պարային երաժշտությունը: Մինչ բակի կենտրոնում պարում էին, հարսն ու փեսան հերթով մոտենում էին նստածներին և մի քանի սիրալիր խոսք փոխանակում:
Մեր սեղանին մոտեցավ հարսը, բարի գալուստ մաղթեց, մի փոքր նստեց: Ես կրկին տպավորվեցի նրա սլացիկությամբ, ձգվածությամբ, ճկունությամբ ու դեմքի գեղեցկությամբ, որոնք լրացուցիչ հմայք էին ստանում նրա զուսպ, բայց ազնվակիրթ շարժումներով ու պահվածքով: Ճշտելով, որ Հայաստանից ենք, հետքրքրվեց, թե ինչով կարող է օգտակար լինել:
Ասացինք, որ այս հարսանիքին պատահաբար ենք հայտնվել, բայց շնորհակալ ենք այդ պատեհությանը, և տվյալ դեպքում փորձում ենք հասկանալ հարսանիքի ծեսերը: Խոսում էր անգլերեն: Ասաց, որ սիրով պատրաստ է պատասխանել մեր հարցերին, բայց տվյալ հարսանիքը միայն ընդհանուր գծերով է ավանդական: «Այստեղ այնքան շատ տարբեր մարդիկ կան,-ասաց հարսը,- չորս հարյուրից ավելի:
Մեծ մասին մենք էլ չենք ճանաչում: Ամուսինս Ստամբուլում է ապրում, մենք Ստամբուլում պիտի ապրենք, բայց Ջիվրիգի գալը սուրբ պարտավորություն է և մենք չէինք կարող այն շրջանցել: Ստամբուլի մեր շրջապատում դեռ կնշենք մեր ամուսնությունը: Իսկ այստեղի հարսանիքը Ջիվրիգի համայնքի հետ կապերը վերահաստատելու իմաստն ունի: Ափսոս, որ ավելի շուտ չեկաք, քանի որ հարսանեկան խնջույքն արդեն ավարտվել է»:
Հարսը հրաժեշտ տվեց մեզ` հրավիրելով Ստամբուլում լինելու դեպքում այցելել իրենց, և գնաց:
Քեմալը մեզ մոտացավ մի մարդու հետ և ասաց, որ նա տեղացի է և կարող է պատմել Սբլիսի մասին: Մի քիչ զրուցեցինք: Ոչինչ չգիտեր, բացի այն, որ ժամանակին այնտեղ հայեր էին ուխտի գնում: Դա լսել էր տարեցներից, ինքը չի տեսել: Հետո ասաց, որ այստեղ ժամանակին շատ հայեր են ապրել:
«1915-ին թուրքերը լեռնային գյուղեր չեն հասել և 1915-ից հետո էլ հայկական գյուղերը մնացել են որպես հայկական գյուղեր` Սբլիսը, Բինգյոլը, Հերդիֆը , Խորխոն … (մարդը շարունակում էր թվարկել գյուղերի անունները, բայց երաժշտությունը խանգարում էր լսել և վատ է ձայնագրվել-Հ.Խ.): Հայերն այստեղ շատ-շատ են եղել:
Շատերը հետո ենթարկվեցին ջարդերի, 1938ին: 1938-ից հետո ով մնացել է` ալեւիացել է: Բոլոր գյուղերում էլ հայերի եկեղեցիներ կային: Դրանք էլ են ոչնչացվել: Հիմա լեռնային գյուղերում համարյա մարդ չի մնացել: «Ձեզնից հետո մեզ են ոչնչացնում»»,- ավելացրեց նա տխուր, մի փոքր մեղավոր ժպիտով:
Ես մտածեցի, որ «քուրդ-թուրք- ժողովուրդների հավերժ բարեկամությունը» դեռ շատ կենացներ պիտի ուզի, մինչև կարողանա առանց կենացով խրախուսվելու յոլա գնալ, բայց լռեցի: Իսկ մարդը շարունակում էր պատմել «զուլումների», իրենց կյանքը Դերսիմում շարունակելու դժվարությունների, իրենց գյուղերը ժամանակավոր մտնելու համար թուրքական ժադարմերիայից իրավունք խնդրելու վիրավորանքի մասին:
Ես նրան պատմեցի այդ օրը ճանապարհին տեսածս հեծյալ աղջկա ներկայությունից ստացածս ապահովության զգացումիս մասին, «այնքա՜ն անտարբեր էր օդում պտտվող ռազմական ուղղաթիռի նկատմամբ, ինքն իր համար երգելով, մեն մենակ պտտվում էր սարերում»:
Դա նրան չհետաքրքրեց. «Երևի Ստամբուլից է եկել մի քանի օրով, ամառ է, թե չէ այստեղ միայն տարեցներ են մնացել»,-և շարունակեց պատմել տեղահանության, գյուղերը գնալու դժվարությունների, վիրավորանքների ու թշնամանքի մասին:
Ինձ մօտեցաւ հարսանիքին ժողովուրդներրի բարեկամության մասին կենաց ասած կոմունիստը: Միջին տարիքի միջահասակ, ժպտադէմ տղամարդ էր: Թուրքերէնով հարցրեց.
– Հա՞յ էք, Հայաստանի՞ց էք: Էրմա՞նի եոլդաշ:
– Այո,- ասացի,- Դու՞ք:
– Վրացի եմ, Արդուինից:
– Վրացերէն գիտէ՞ք:
– Չգիտեմ:
– Արդուինից Դերսիմ հարսանիքի համա՞ր էք եկել:
– Ես Անկարայից եմ եկել, այնտեղ եմ ապրում:
– Վրաստանում երբեւէ եղե՞լ էք:
– Չէ, ես չեմ եղել, բայց որդիս այնտեղ է սովորում: Ես այստեղ քուրդ եմ:
– Ո՞նց այստեղ քուրդ էք: Դուք վրացի էք, բայց այստեղ Ձեզ քու՞րդ էք ներկայացնում:
Ես Արդուինում վրացի եմ, Անկարայում թուրք եմ, այստեղ քուրդ եմ, Համշէնում հայ եմ: Քրդերի մէջ քուրդ եմ, հայերի մէջ` հայ եմ: Ես կոմունիստ եմ:
– Իսկ այստեղ ալեւի չէ՞ք, միայն քու՞րդ էք:
– Չէ, ալեւի չեմ, ես Արդուինում սուննի մահմեդական եմ [այսինքն՝ չի կարող ալեւի լինել – Հ.Խ.], բայց կրօնի հետ գործ չունեմ, ես կոմունիստ եմ, աթէիստ եմ: Կրօնն իմ կեանքում դեր չունի: Ես շատ հայ ընկերներ ունեմ: Անունս Մամմադ Օզար է: Ես կոմունիստ եմ, ու ինձ համար ազգութիւնը ոչ մի նշանակութիւն չունի: Ստամբուլում ես Հրանտ Դինքի հետ ընկերութիւն էի անում, շատ հայերի հետ եմ ընկերութիւն անում: Կինս էլ Հոպայից է, համշէնահայ է:
– Ձեր կինը կոմունիստ չի՞: Նա իրեն հա՞յ է համարում:
– Այո, նա հայ է: Աղջիկս էլ իր մօր նման հայ է, իրեն հայ է համարում: Տղաս էլ իրեն վրացի է համարում, ու Վրաստանում է սովորում:
– Տղադ վրացերէն գիտի՞: Ի՞նչ լեզուով է Վրաստանում սովորում:
– Անգլերէն: Վրացերէն չգիտի, բայց իրեն վրացի է համարում:
– Իսկ կինդ հայերէն գիտի՞:
– Այո, Համշէնի հայերէնը: Աղջիկս էլ գիտի, մօրից է սովորել:
– Արդուին գնու՞մ էք:
– Այո, լինում եմ: Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Արդուինում շատ վրացիներ կան, սուննի մահմեդական են:
– Արդուինում վրացիներդ բոլորդ ձեզ վրացի՞ էք ասում:
– Չէ, թուրք ենք ասում: Սուննի մահմեդական են:
– Բայց դուք ձեզ վրացի՞ էք ասում:
– Այո, ես վրացի եմ ասում: Արդուինում ես վրացի եմ:
– Արդուինի վրացիներն է՞լ են ձեզ վրացի ասում:
– Այո, ինձ վրացի են ասում, քանի որ ես ինքս ինձ վրացի եմ ասում:
– Արդուինում հայերի հետ է՞լ էք ընկերութիւն անում:
– Արդուինում հայ չի մնացել, հայ չկայ Արդուինում: Արդուինից մինչեւ Էրզրում շատ հայկական եկեղեցիներ կային, հիմա էլ կան, չորս հատ եկեղեցի կայ: Բայց հայ չի մնացել: Հայերին բոլորին սպանել են:
– Ե՞րբ էք կոմունիստ դարձել: Քանի՞ տարի է, որ կոմունիստ էք:
– Տասնվեց տարեկանից կոմունիստ եմ: Արդէն 35 տարի կոմունիստ եմ:
– Տանը, ընտանիքում ի՞նչ լեզուով էք խօսում:
– Թուրքերէն: Բոլորս էլ թուրքերէն ենք խօսում:
– Իսկ քրդերի հե՞տ: Ասում էք, որ այստեղ քուրդ էք:
– Թուրքերէն: Ցաւօք քրդերէն չգիտեմ: Աղջիկս է սովորել քրդերէն Անկարայում: Մենք այնտեղ շատ քրդերի հետ ենք ընկերութիւն անում:
– Անկարա ի՞նչու էք գնացել ապրելու: Այնտեղ կոմունիստների համար աւելի՞ լաւ է:
– Անկարայում շատ գեղեցկուհիներ կան,- ասում է կատակով:
– Ձեր զաւակներն է՞լ են կոմունիստ:
– Այո, նրանք էլ կոմունիստ են:
– Բայց կոմունիստ լինելը չի խանգարում, որ նրանք վրացի կամ հայ լինեն:
– Այո, չի խանգարում: Բայց կոմունիստի համար ազգութիւնը կարեւոր չի:
– Թուրքիայում` Դիարբեքիրում, Արդուինում, Անկարայում, Ստամբուլում, այստեղ` Դերսիմում, կոմունիստների համար որտե՞ղ է աւելի լաւ:
– Ամէն տեղ էլ կան կոմունիստներ, բայց մի մասը գործ անող է, մի մասը ուղղակի հայեացքներով կոմունիստ է: Թուրքիայում ամէն տեղ նոյնն է:
– Ձեր զաւակներն ի՞նչ տեսակ կոմունիստ են, գործ անո՞ղ, թէ՞ հայեացքներով:
– Տարբեր են: Աղջիկս պատմութիւն է ուսումնասիրում, հայերի պատմութիւնը: Նա գիտի Դէր Զօրի, Վարուժանի, Վարդանեանի, Կոմիտասի, Ասլամազեանի մասին: Նա ինքնութեամբ հայ է: Նրա կոմունիստ լինելը կոմունիստներին հաւատալն է:
– Թուրք կոմունիստներն ի՞նչ են ասում, ինչպէ՞ս են գնահատում հայերի Ցեղասպանութիւնը: Ինչ որ ծրագիր ունե՞ն այդ հարցի հետ կապուած:
– Կոմունիստները «Սէյքիրիմ» են ասում: Շատ չեն խօսում այդ մասին: Բայց կոմունիստների մէջ շատ հայեր կան:
– Ձեր` կոմունիստական ծրագրում հայերի Ցեղապանութեան մասին որեւէ բան կա՞յ:
– Չէ, ծրագրում չկայ: Մենք դա չենք քննարկում: Թուրք կոմունիստների մէջ ազգայնականներ շատ կան, չէ՞ որ սա Թուրքիան է:
Այս երկխօսութիւնը ինձ համար շատ անակնկալ չէր, որովհետեւ Դերսիմում եւ շրջականերում՝ Երզնկա, Խարբերդ, Սեբաստիա…յաճախ էի հադիպում մարդկանց, ովքեր դժուարութիւն ունէին իրենց ազգային ինքնութիւնը ձեւակերպելու եւ յաճախ էին իրենց համար թուացեալ համաշխարհային՝ ընդհանրական գաղափարական ինքնութիւն ընտրում:
Իմ զրուցակիցներից մէկ ուրիշի՝ Կըզըլքիլիսէում (ներկայիս Նազիմիյէ) ապրող սոցիալիստի դատողութիւնները այս հարցի շուրջ զգալիօրէն արտայայտում են այս կարգի կողմորոշումները, ուստի համառօտ ներկայացնում եմ այն.
«Ես անձնագիր չունեցող մարդ եմ: Տաս տարի բանտերում եմ եղել, հիմա էլ անձնագիր չեն տալիս: Այստեղ կ’ասեն հայ եմ, ալեւի եմ, քուրդ եմ, կըզըլբաշ եմ, տարբեր բաներ կ’ասեն, բայց բոլորին միաւորողը մի բան է` սոցիալիստական հայեացքները:
Եւ այդ հայեացքների տարածուածութեան հիմքում մի բան է ընկած` բոլոր դերսիմցիները ճնշուած են պետութեան կողմից: Այստեղ անարդարութիւնները տարբեր են, թէ՛ ազգային, թէ՛ կրօնական, թէ՛ տնտեսական: Այդ անարդարութիւններն են ձախ հայեացքների ձեւաւորողը: Դերսիմը, կարելի է ասել, ձախական է:
Իմ պապերն էլ հայ են եղել: Եթէ ես սոցիալիստ չլինէի, կ’ասէի` ես էլ հայ եմ: Բայց ես սոցիալիստ եմ, նախ եւ առաջ` սոցիալիստ եմ: Կրօնն ինձ համար որեւէ դեր չունի, բայց եթէ հարցնեն` կ’ասեմ ալեւի եմ, որովհետեւ ալեւիները ճնշուած են:
Իհարկէ քրիստոնեաներն էլ են ճնշուած: Բայց քանի որ ես արդէն ալեւիների մէջ եմ, կ’ասեմ` ալեւի եմ: Որովհետեւ եթէ ասեմ քրիստոնեայ եմ, նախ` չգիտեմ քրիստոնէական ուսմունքը, երկրորդ` ես այստեղ, Դերսիմում, կ’ունենամ ճնշուածութեան մի քանի մակարդակ. հայկական, քրիստոնէական ճնշուածութիւն, որով պիտի տարբերուեմ ընդհանուր դերսիմցիներից, նաեւ դերսիմական ճնշուածութիւն, քանի որ բոլոր բնիկ դերսիմցիները ճնշուած են նաեւ դերսիմցի լինելու բուն փաստով:
Արդիւնքում իմ ճնշուածութեան տեսակը պիտի տարբերուի Դերսիմի ընդհանուր բնիկ բնակչութեան ճնշուածութեան տեսակից: Իմ խոր համոզմունքով մենք բոլորս էլ այստեղ` Դերսիմում, եւ բոլոր ճնշուածները Թուրքիայում նոյնն ենք` «ճնշուածներ»: Ուրեմն ի՞նչու ինձ որպէս հայ ճնշուած զգամ, եթէ դրանով պիտի տարբերուեմ Դերսիմի ընդհանուր բնակչութիւնից եւ դրանով պիտի զատուեմ: Մենք այստեղ դերսիմցի ենք եւ սոցիալիստ: Սա է մեր ինքնութիւնը:
Ինչ վերաբերում է Դերսիմի հայութեանը, այստեղ համարեա մարդ չէք գտնի, որ հայկական արիւն չունենայ: Մենք իրականում մի ընդհանրութիւն ենք, ծագումով` հայ-ալեւիական, պետութեան կողմից ճնշուած եւ դրա դէմ պայքարող: Ժամանակին իմ պապերը պայքարել են որպէս հայեր:
Մեր տոհմը մինչեւ [19]38թ. հայութիւնը պահպանել էր, եւ [19]38ին հետապնդուել է հենց հայ լինելու համար: Մերոնք Կաղնուտ[1] գիւղից էին: Կաղնուտում բոլորն էլ հայեր են եղել: Ամբողջ Դերսիմն այդ մասին գիտի: Նոյնիսկ Կաղնուտի ալեւիները աւելի վաղ ալեւիացած հայեր են եղել: Մերոնք կռուել են:
Մեր գիւղը շատ յայտնի է իր դիմադրութեամբ: Մեր տոհմը [19]38ին լրիւ սպանուել է, 99 տոկոսով, միակ մարդը, ով մնացել է, հայրս է: Հայրս փոքր երեխայ է եղել, իրեն թաքցրել են: Հայրս տեսել է, թէ ոնց իր հօրեղբայրը, հայրն ու մայրը մի ամբողջ օր իրենց տունը կարողացել են պաշտպանել զինուորներից: Պաշտպանել են մինչեւ փամփուշտները լրիւ վերջացել են, զինուորները եկել գրաւել են այդ տունը, բոլորին սպանել են: Վառել են:
Այդ տունը լրիւ կրակի մէջ է եղել, լրիւ, լրիւ… Կաղնուտում մնացած հայերը ալեւիացել են [19]38ից յետոյ: Դրանից յետոյ հայրս մի կերպ մեծացել է: Ես ու եղբայրս ենք հիմա էլ կռւում, գաղափարների կռուով ենք կռւում: Մեզ ձերբակալել են: Նստել ենք: Բանտ ենք նստել: Եղբայրս տասը տարի նստել է: Ալեւիների մէջ շատ տարբեր հայեացքների մարդիկ կան, դրա համար նոյնպէս ես չեմ ուզում ինձ ալեւի անուանել:
Որովհետեւ ես ընդհանուր եմ սոցիալիստ ալեւիների հետ, ոչ բոլորի: Յետոյ էլ ալեւիները յաճախ են ասում, որ իրենք էլ են մահմեդական: Բայց մենք մահմեդական չենք, մենք արեւն ու ջուրն ենք պաշտում: Ես մահմեդական չեմ: Ես մեր տոհմի ողջ պատմութիւնը, ապուպապերիցս սկսած, գրի եմ առել: Հայրս պատմել է, ես գրել եմ: Ուրիշներին էլ եմ հարցուփորձ արել»:
Դերսիմում ես որոշ այլ կաղնուտցիների նոյնպէս հանդիպեցի: Նրանց պատմածների համաձայն նախկինում վարչականօրէն Խոզաթին ենթարկուող կաղնուտցի հայերը գիւղից հեռանում էին դեռեւս ԺԹ. դարավերջին, շատերն անցել են Սասուն:
Կաղնուտցիներից է ձեւաւորուել Դերսիմի Քարաքոչ գիւղը: Այժմ Կաղնուտում ապրողներ կան, բայց մեծ մասը ցրուել են:
—————————————————
[1] Կաղնուտ – գիւղ Օւաճիկի շրջանում: «Մամգուն (Մամիկոնեան) աշիրէթին պատկանող Կաղնուտը գտնւում էր Օւաճիկից հարաւ-արեւմուտք, չորս ժամուայ ճամփի վրայ: …Առաջին անգամ լինելով, ծանօթացայ մի գիւղի բնակչութեանը, եւ այն էլ աղաների, աշիրէթապետերի, փիրերի եւ տետէների շրջանակի մէջ, որը տէր եւ ծառայ, բէկ եւ աղա չունէր: Գիւղի հայ համայնքը մի հաւաքականութիւն էր, բոլորն էլ կապուած իրար արենակցական կամ խնամիական կապերով… Զինագործները ոչ միայն նորոգում էին ամէն տեսակ զէնքեր, այլեւ շինում նորերը՝ շեշխանաներ, մարտին հրացաններ, երկաթ կտրող թրեր եւ խենջալներ… Այստեղ ամէն ինչ բնական էր՝ լեզուն, կրօնը, հաւատալիքը, երգն ու պարը, ամէն ինչ նախնական: Առատ մանանա (կազպէ) էր իջնում կաղնու ծառերի վրայ… [բնակչութիւնը] հանքային տաք աղբիւրների հրաշագործութեանը հաւատում էր, պաշտում բնութիւնը եւ աստծուն վերագրում դրա ստեղծագործութիւնը: Մատաղ էին մորթում Լուսնակի գագաթին, տաք ջրի աղբիւրին, կաղնու անտառին եւ մանաւանդ գարնան վերազարթնումին ու Վարդավառին: … Գործում էր Լուսնակի գագաթին կառուցուած Ս. Լուսաւորիչ եկեղեցին: Գիւղի ստորոտում գտնւում էին Ս. Փրկիչ եկեղեցու փլատակները»,- գրում էր Հալաջեանը 1914ի Կաղնուտի մասին (Հալաջեան, էջ 56-57):
www.lragir.am/2020/04/10/536153/