ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանի պահանջը. ՌԴ կենսաբանական զգուշացումն Ադրբեջանին
12.04.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը ծանոթացել են Հայաստան բերված ռուսական շարժական կենսալաբորատորիայի աշխատանքին:
Լաբորատորիան Հայաստան է ներկրվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների պայմանավորվածությամբ:
Հայաստան են եկել նաեւ ոլորտի ՌԴ ռազմական գերատեսչության մասնագետները: Պայմանավորվածությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում է:
Հայաստան ռուսական կենսալաբորատորիայի եւ մասնագետների ժամանումը անհանգստություն է առաջացրել Բաքվում, հատկապես ռուսաստանցի քաղաքագետ Տարասովի այն հոդվածի ֆոնին, թե ռուսաստանցի ռազմական կենսաբանները կարող են հայկական զինուժին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել նաեւ Արցախում: Տարասովն իհարկե առաջ է քաշել հայ-ադրբեջանական պայմանավորվածության գաղափարը՝ վարակի դեմ պայքարի համար, Ռուսաստանի հովանու տակ:
Բաքվում այդ գաղափարը դիտարկվել է որպես ռուսաստանցի ռազմական մասնագետների տեղակայում Արցախում, այդ թվում Արցախ-իրանյան սահմանին, ինչի մասին Տարասովը եւս խոսել էր հոդվածում:
Ադրբեջանցիների համար հարց է՝ արդոք ահռելի կենսափորձով քաղաքագետ Տարասովը, որն ի դեպ ծնվել եւ սովորել է Ադրբեջանում, արտահայտում է իր գաղափարն ու հուշում դա Կրեմլին, թե՞ Կրեմլի պատվերով շոշափում է տրամադրությունը թե Հայաստանում, թե Բաքվում, թե Իրանում:
Հատկանշական է, որ ապրիլի 10-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Բաքվում հարց են տալիս, թե ինչու՞ է կորոնավիրուսի դեմ պայքարը հայտնվել արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում:
Դրանից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարի հեռախոսազրույցը, Իրանի արտգործնախարար Զարիֆի Հայաստան եւ Ադրբեջան զանգերից հետո:
Հայաստանի արտգործնախարարի հետ զրույցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, ի տարբերություն Մամեդյարովի հետ զրույցի, հիշատակվում է նաեւ ռեգիոնալ, միջազգային օրակարգի հարցերին անդրադառնալու հանգամանքը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Իսկ թե ում նախաձեռնությամբ է եղել Մամեդյարովի հետ Լավրովի զրույցը՝ չի նշվում:
Հնարավոր է, որ զանգել է Լավրովը, ինչի համար էլ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Արդյոք Երեւանը Ռուսաստանի առաջ դրել է Բաքվին առնչվող հարցադրումներ, ինչն էլ Մամեդյարովին փոխանցել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հանգստացրե՞լ է Բաքվին՝ Հայաստանին ցուցաբերվող կենսաբանական օգնության առնչությամբ, թե՞ հակառակը՝ գուշացրել է, որ, ինչպես Տարասովն էր գրել՝ «վարակը կարող է անցնել խրամատային սահմանը»: Զգուշացումը կարող էր պայմանավորված լինել Ադրբեջանից հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:
Ի դեպ, հատկանշական է նաեւ, որ ապրիլի 10-ին Ալիեւը նախաձեռնել էր Թյուրքալեզու պետությունների տեսավեհաժողով, ինչը հաջորդել էր ապրիլի 8-ին թյուրքալեզու ժողովորդների հասցեին Պուտինի արած սկանդալային արտահայտությանը:
www.lragir.am/2020/04/12/536456/