Լեռնային Ղարաբաղը՝ ԱՄՆ «անդրծովյան տարածք». ամերիկացիների առաջարկը հայերին 1993թ

Լուսանկարում՝ Խոդաֆարինի կամուրջը և ջրամբարը Արցախ-Իրան սահմանում

Լեռնային Ղարաբաղը՝ ԱՄՆ «անդրծովյան տարածք». ամերիկացիների առաջարկը հայերին 1993թ

15 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ֆլորիդայում լույս տեսնող «Մայամի Հերալդ» թերթի 2014 թվականի մարտի 31-ի համարում զետեղված հարցազրույցը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին աշխատակից ՄԱՅՔԼ ԲՐԱՆԴԱՈՒԵՐԻ հետ արդեն ամենալայն արձագանքն է առաջացրել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ Ռուսաստանում եւ Իրանում:

Քանզի խոսքը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մասին է, փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Երեւանում եւ Ստեփանակերտում, սակայն ապարդյուն՝ բոլոր պաշտոնյաները միաբերան պնդում էին, թե ծանոթ չեն այդ սենսացիոն հրապարակմանը:

Ուստի ներկայացնում ենք ամերիկահայ լրագրող ՄԵԼԻՍԱ ՋԻՆԴՈՅԱՆ-ԿՐԱՄԵՐԻ հարցազրույցը՝ աննշան կրճատումներով:

«Երբ հեռախոսազանգ ստացա Մայքլ Բրանդաուերից, ճիշտն ասած, մի քիչ զարմացա,- գրում է ամերիկահայ լրագրողը: -Գիտեի, որ ճերմակած մազերով այդ նախկին դիվանագետը ժամանակին՝ 90-ականներին, որպես ավագ փորձագետ աշխատել է Պետական դեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոյում: Մի քանի անգամ հանդիպել էի նրան Վաշինգտոնում՝ դիվանագիտական տարբեր միջոցառումների ժամանակ, նույնիսկ առիթ եմ ունեցել պատմելու նրան, որ ծնողներս Լեռնային Ղարաբաղից են, ինչը պարոն Բրանդաուերին զարմանալիորեն շատ հետաքրքրեց:

Տեղյակ էի նաեւ, որ 75-ամյա այդ մասնագետը վաղուց թողել է դիվանագիտական ծառայությունը եւ ապրում է իր ծննդավայրում՝ Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող Քի Ուեսթ կղզիներում, որտեղ տարիներ առաջ հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ փորձելով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Լուսանկարում՝ Խոդաֆարինի կամուրջը և ջրամբարը Արցախ-Իրան սահմանում

Բայց անցած շաբաթ, երբ պարոն Բրանդաուերը զանգահարեց եւ առաջարկեց հանդիպել Քի Ուեսթի «Սլոփի Ջո» հանրահայտ բարում, որը ժամանակին սիրում էր այցելել Հեմինգուեյը, եւ հետաքրքիր մանրամասներ պատմել Ղարաբաղի մասին, ինձ համար անակնկալ էր: Երբ տեղավորվեցինք բարի հեռավոր անկյուններից մեկում գտնվող փայտե դարչնագույն սեղանի շուրջ, նախկին դիվանագետը, որին այնտեղ ակնհայտորեն բոլորը ճանաչում էին, նախ սկսեց հետաքրքիր դրվագներ պատմել, թե ինչպես էր այս բարում ստեղծագործել Հեմինգուեյը, որն ի վերջո փորձել է տուն տանել այնտեղի զուգարանակոնքը, հիմնավորելով՝ «Ես այնքան եմ միզել սրա մեջ, որ կարծում եմ՝ ամբողջովին վճարել եմ դրա համար»:

Բայց ես պարոն Բրանդաուերին նրբանկատորեն հիշեցրեցի, որ նա խոստացել էր հետաքրքիր մանրամասներ հաղորդել Լեռնային Ղարաբաղի մասին: Իհարկե, լսել էի, որ իմ զրուցակիցը ժամանակին ինչ-որ առնչություն է ունեցել ծնողներիս ծննդավայրի հետ, բայց այն, ինչ նա պատմեց, պարզապես շշմեցրեց ինձ:

– Հենց այս սեղանի մոտ էի նստած 1993 թվականի սեպտեմբերի վերջին, ըմբոշխնում էի աշնանային արձակուրդս, հիմա արդեն բացի նարնջի հյութից, ոչինչ չեմ պատվիրում, իսկ այն ժամանակ շատ էի սիրում բարմեն Ֆրեդիի պատրաստած «Մարգարիտան»: Ֆրեդին ինձ հեռախոսի մոտ հրավիրեց, Վաշինգտոնից զանգահարում էր շեֆս: Կարգադրեց, որ անմիջապես վերադառնամ եւ երկուշաբթի օրը մասնակցեմ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերի մոտ կայանալիք խորհրդակցությանը:

Ծրագիրը, որը ներկայացվեց այդ գաղտնի խորհրդակցության ժամանակ, առաջին հայացքից անհավանական թվաց: Ինձ առաջարկվեց շտապ մեկնել Լեռնային Ղարաբաղ եւ բանակցել պատերազմող այդ տարածքի ղեկավարների հետ: Գաղափարը, որը, պարզվում է, արդեն մի քանի ամիս քննարկվել էր տարբեր մակարդակներում, այդ թվում եւ նախագահ Քլինթոնի մոտ, հետեւյալն էր. օգտվելով Հարավային Կովկասում ստեղծված խառնաշփոթ իրադրությունից եւ Ռուսաստանի թուլությունից, Վաշինգտոնը ցանկանում էր, ինչպես ասում են, «ոտքի տեղ» ապահովել իր ախոյան Իրանի հենց սահմանին:

Քննարկումների ընթացքում փորձագետները եկել էին այն եզրակացության, որ այդ ծրագրի իրականացման ամենալավ տարբերակն է՝ գայթակղիչ առաջարկ անել ղարաբաղցիներին:

– Եվ ո՞րն էր այդ գայթակղիչ առաջարկը:

– Նախ, ասեմ, որ մինչեւ վերջապես մեկնեցի եւ հասա Ստեփանակերտ, իրադրությունը այդ տարածաշրջանում հիմնովին փոխվել էր հօգուտ ղարաբաղցիների, ինչը, վերջին հաշվով, չափազանց շահեկան էր նաեւ մեզ համար:

1993 թվականի հոկտեմբերի ընթացքում հայկական ուժերը հասցրել էին գրավել նաեւ Ադրբեջանի Հորադիզի եւ Զանգելանի շրջանները եւ անմիջականորեն դուրս էին եկել դեպի Արաքս գետը, որի մյուս ափին Իրանն է: Այսինքն՝ եթե հաջողվեր համոզել եւ գայթակղել ղարաբաղցիներին, մենք՝ ամերիկացիներս, կարող էինք հաստատել մեր ներկայությունը հենց Իրանի քթի տակ: Իսկ առաջարկը, որը ես ներկայացրեցի Ստեփանակերտում, հետեւյալն էր. Լեռնային Ղարաբաղը, որն արդեն հանրաքվեով անկախացել էր Ադրբեջանից, դիմում է Միացյալ Նահանգների կառավարությանը, խնդրելով մեր երկրին՝ իր հովանու տակ վերցնել այդ ինքնահռչակ տարածքը:

– Այսի՞նքն:

– Ստեփանակերտում ես հանգամանալից ներկայացրի մի քանի տարբերակ, բայց սկզբունքային գաղափարը սա էր՝ լիովին պահպանելով իր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը, Լեռնային Ղարաբաղը դառնում է ԱՄՆ֊ի «անդրծովյան տարածք», ճիշտ այնպես, ինչպես Պուերտո Ռիկոն, Գուամը կամ Ամերիկյան Սամոան: Բացատրեցի, որ նման տարածքներ ունեն շատ պետություններ՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Ավստրալիան եւ այլն: Նրանք պահպանում են ինքնակառավարման բոլոր ինստիտուտները՝ նահանգապետ, տեղական խորհրդարան եւ կառավարություն, սեփական դատական համակարգ: Եվ ամենագլխավորը՝ պարբերաբար կարող են հանրաքվե անցկացնել եւ ինքնուրույն որոշել՝ ցանկանո՞ւմ են, արդյոք, պահպանել Ամերիկայի «անդրծովյան տարածքի» կարգավիճակը, դառնալ անկախ պետություն, թե՞ միավորվել մեկ այլ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի հետ:

– Իսկ Ռուսաստանի արձագանքը հաշվի առե՞լ էիք:

– Սա հենց այդ հարցն է, որը վաշինգտոնյան խորհրդակցության ժամանակ ես ուղղեցի ներկաներին: Իրադրությունն այն ժամանակ մեզ համար նպաստավոր էր: Մենք, բնականաբար, կանխատեսում էինք, որ Մոսկվային ամենեւին դուր չի գա ամերիկյան ակնհայտ ներկայությունը մի տարածաշրջանում, որը Կրեմլը իր շահերի գոտի էր համարում: Բայց հիշեք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում 93-ի աշնանը: Չեչեններն արդեն լայնածավալ պատերազմ էին սկսել անկախության համար, իսկ Մոսկվայում սահմանադրական ճգնաժամ էր: Ելցինը լուծարել էր խորհրդարանը, բայց Խասբուլատովը եւ Ռուցկոյը դրա հետ չէին համակերպվել եւ առճակատումը սպառնում էր քաղաքացիական կռիվների վերածվել: Հիշեք նաեւ, որ այն ժամանակվա արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւն էլ արեւմտամետ մարդ էր՝ դեմ էր կայսերապաշտական տրամադրություններին: Այսինքն, մեզ համար Հարավային Կովկասում ամրապնդվելու եզակի հնարավորություն էր ստեղծվել: Ուորեն Քրիստոֆերն այդպես էլ ասաց՝ «Կա՛մ հիմա, կա՛մ երբեք»…

– Ինչպե՞ս ընդունվեց այդ ծրագիրը Ստեփանակերտում:

– Նրանք միանգամից ընկալեցին մեր առաջարկի առավելությունները: Վաշինգտոնը խոստանում էր հսկայական ֆինանսական օգնություն տրամադրել. խոսքը մոտ 15 միլիարդ դոլարի մասին էր, գումար, որով հնարավոր էր պատվով ավարտել պատերազմը՝ սեփական պայմանները թելադրելով Բաքվին: Կար նաեւ մեկ այլ շատ կարեւոր հանգամանք՝ մենք խոստացանք, որ պատերազմն ավարտելուց եւ «անդրծովյան տարածքի» կարգավիճակն ամրագրելուց հետո Լեռնային Ղարաբաղում որպես ազգային տարադրամ շրջանառվելու է ամերիկյան դոլարը, որի կայունությունն ապահովված է: Դա ղարաբաղյան ղեկավարությանը առանձնապես դուր եկավ, որովհետեւ այն ժամանակ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում դեռ շրջանառվում էր ռուսական ռուբլին, որն արժեզրկվում էր բառացիորեն ժամ առ ժամ: Ճիշտ է, Հայաստանն արդեն պատրաստվում էր շրջանառության մեջ դնել դրամը, բայց ոչ ոք վստահ չէր, որ այն չի արժանանա ռուբլու ճակատագրին:

– Բայց ծրագիրն այդպես էլ չիրականացավ: Ինչո՞ւ:

– Մի քանի պատճառ կար: Ամենամեծ դերն, իհարկե, խաղաց այն հանգամանքը, որ 93-ի վերջին եւ հատկապես 94-ին ահագնացավ Հարավսլավական պատերազմը եւ մեր ողջ դիվանագիտական ջանքերն ուղղվեցին դեպի Եվրոպա: Բայց ղարաբաղյան վերնախավում էլ տարակարծություն կար: Հատկապես զինվորական հրամանատարությունը՝ վերջին հաղթանակներով արբեցած, պատրանքներ ուներ, թե կարող է շարունակել հաղթարշավը մինչեւ Բաքու եւ իրականացնել հայերի երազանքը՝ դուրս գալ դեպի ծով եւ վերադարձնել նավթային հանքավայրերը, որոնք ժամանակին հենց հայ մեծահարուստներն էին սկսել շահագործել: Եվ վերջապես մեր գաղափարին կտրականապես դեմ արտահայտվեց Հայաստանի ղեկավարությունը:

– Ինչո՞ւ:

– Իհարկե, ռուսներից էին զգուշանում: Նաեւ՝ Իրանից: Բայց իմ տպավորությամբ՝ կար նաեւ զուտ մարդկային հանգամանք՝ նախանձում էին ղարաբաղցիներին: Հայաստանի դերը տարածաշրջանում խիստ նվազելու էր:

Հ. Գ. Վերջում Մայքլ Բրանդաուերն ինձ առաջարկեց Ղարաբաղից բերած թունդ խմիչք փորձել, որը նա անվանում էր «թոթի»: «Մի քանի շիշ բերեցի Ստեփանակերտից, երկու շիշ է մնացել, պահում եմ Ֆրեդիի մոտ, մեկ-մեկ ընկերներիս հյուրասիրում եմ» եւ ավելացնում՝ «Ուժեղ է այս խմիչքը՝ SPIRIT, ինչպես ղարաբաղցիների ոգին՝ SPIRIT…»: Ես քաղաքավարի կերպով հրաժարվեցի»:

Պատրաստեց ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆԸ

ԱՌԱՎՈՏ, 1 ապրիլի, 2014

www.aravot.am/2014/04/01/446137/

Լուսանկարում՝ Խոդաֆարինի կամուրջը և ջրամբարը Արցախ-Իրան սահմանում

Լուսանկարում՝ Խոդաֆարինի կամուրջը և ջրամբարը Արցախ-Իրան սահմանում

aniarc.am/2020/04/15/miami-herald-1993-usa-nk-micheal-brandauer/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail