Հոլանդահայերը ողջունում են թուրք-ադրբեջանական ագրեսիան կասեցնող նիդերլանդական դատարանի վճիռը
15 Ապրիլ, 2020 – «Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Նիդերլանդների Գերագույն դատարանի վճիռը, որը ևս մեկ անգամ կասեցնում է հայերի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան:
Ապրիլի 14-ին հրապարակված վճռով դատարանը վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Հաագայի ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականության քարոզի և բռնության կոչերի համար։
2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպած բողոքի ցույցին Իլհան Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հուսով է, որ այսուհետև դատախազությունը զգոն կլինի և սեփական նախաձեռնությամբ ադեկվատ կարձագանքի հայերի նկատմամբ ատելության դրսևորումներին, մասնավորապես Հոլանդիայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների կողմից:
«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է այս դատավճռից: Տվյալ անձը այժմ վճռականորեն դատապարտվել է 120 ժամ հարկադիր անվճար աշխատանքի, որպես այլընտրանքային խափանման միջոց 60 օր կալանք և մեկ ամիս պայմանական բանտ` երկու տարի փորձնական ժամկետով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
«Այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։ Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և Իրավունքի գերակայության երաշխավորի իր դերը»,-ընդգծում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Գործի նախապատմությունը
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Դատապարտյալը ցույցի կազմակերպիչներից մեկն էր և շեղվելով ցույցի նպատակներից սկսում է բեմահարթակից խոսել ղարաբաղյան հակամարտության մասին և վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», որին արձագանքում է մի քանի հազարանոց ամբոխը բազում անգամ կրկնելով այդ լոզունգը։
Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը 2014 թվականին գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Վճռաբեկ դատարանում պաշտպանական կողմը փաստարկել է, որ պաշտպանյալն իր հայտարարություններում նկատի չի ունեցել հայերին, որպես ցեղ, այլ ակնարկել է միայն նրանց, ովքեր «գրավել են Լեռնային Ղարաբաղը»:
Վերաքննիչ դատարանն այն կարծիքի էր, որ արտահայտություններն ուղղված են եղել բոլոր հայերի դեմ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ ցույցի համատեքստում սա նշանակում է հայերի նկատմամբ բռնություն հրահրել իրենց ցեղային պատկանելության պատճառով:
Գերագույն դատարանը ճիշտ է համարում վերաքննիչ դատարանի այս տեսակետը և հետևաբար նույնպես մերժել է ներկայացված բողոքը:
armenpress.am/arm/news/1012318.html